Սիսիանցիները նեղացել են վարչապետից

08/03/2012

Պարզվում է` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` մարտի 4-ին Սյունիքի մարզ կատարած այցից ամենադժգոհը սիսիանցիներն են: «Նախ վարչապետի այցը խիստ տարբերվեց մյուս քաղաքներից, եւ բոյկոտվեց, քանի որ հանդիպմանը չէին հրավիրել քաղաքապետին: Ընդ որում` պատճառաբանվել էր, որ դա Հանրապետական կուսակցության ժողով է, իսկ քաղաքապետը ԲՀԿ-ից է: Բայց կարծում եմ` քաղաքապետն իրենց կոալիցիոն գործընկերն էր, եւ էթիկայից ելնելով` պետք է հրավիրեին»,- իրավիճակը մեզ ներկայացրեց Սիսիանի բնակիչներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անուն-ազգանունը:

Վերջինս ներկա էր գտնվում հանդիպմանը: Բնակչի փոխանցմամբ` Տ. Սարգսյանը սիսիանցիներին վիրավորել էր, եւ ամբողջ դահլիճն ուղղակի ցնցվել էր Տ. Սարգսյանի պատասխանից: Բանն այն է, որ ներկա գտնվողներից մեկը վարչապետին հարցրել էր Սիսիանի փողոցների բարեկարգման մասին: «Վարչապետն ասաց` Դուք գրեք, որովհետեւ առավել եւս սիսիանցիները գրող են: Ընդ որում` դա շատ վատ արտահայտություն է, եւ համարյա բոլոր մասնագետների կողմից շատ վատ ընդունվեց դա: Չէ, նա նկատի չուներ Սահյանին կամ մյուս գրողներին, այլ գրողի վատ տարբերակը, եւ ինքն էլ շատ վատ տրամադրության մեջ ընկավ դահլիճի տրամադրությունից: Ներկաներից մեկն էլ վրդովված ասաց, որ սիսիանցիները գրող չեն, ստեղծագործող են: Հետո վարչապետը կմկմալով ասաց, թե իբր ինքն էլ դա նկատի ուներ, բայց բանը բանից անցել էր, եւ ամբողջ դահլիճը ոչ միայն խորը հիասթափություն ապրեց, այլեւ իրենց վիրավորված զգալով` դուրս եկավ, որովհետեւ դահլիճի 70 տոկոսը ՀՀԿ-ի հետ կապ չուներ»,- նշեց Սիսիանի բնակիչը` զարմանալով Կառավարության ղեկավարի նման պահվածքից: Երեկ մենք փորձեցինք խոսել նաեւ Սիսիանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանի հետ: Վերջինիս հեռախոսը, սակայն, անհասանելի էր: