«Իսկ հանրապետությունն ինքն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյա՞նն են»

08/03/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Տիկին Համբարձումյան, վերջերս մամուլն անդրադարձավ Ձեր եւ ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի գործնական հարաբերություններին, ըստ որի` Վ. Այվազյանը Ձեզ պարտք է շուրջ 70.000 դոլար: Ի պատասխան դրա` Այվազյանը հայտարարել է, թե` փաստորեն, ամբողջ հանրապետությունը պարտք է Սիլվա Համբարձումյանին: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

– Իսկ հանրապետությունն ինքն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյա՞նն են: Իսկ եթե նա կարծում է, որ ինքն ու Սուրիկ Խաչատրյանը հանրապետությունն են, շատ սխալվում է: Այո՛, նա պարտք է ինձ: Ես իրենից գնել էի Սյունիքի մարզի Տաշտոն համայնքի «Ջրկապ» հանքավայրը, որի կոորդինատներն ուրիշ տեղ էին, անունն` ուրիշ: Երբ կոորդինատները հանձնում էին ինձ, տեսա այդ հակադրությունը, խնդրեցի` ընկերությունը ետ վերցնել, եւ իմ գումարները վերադարձնել: Իսկ ընկերության արժեքը 500.000 դոլար էր, որը մաս առ մաս մարելով` այժմ կազմում է 70.000 դոլար: Արդեն 2-3 տարի է` անընդհատ զանգում եմ նրան, բայց մի անգամ ասում է` «Թիֆլիս գնամ-գամ կտամ» կամ` «Չինաստան գնամ-գամ` հարցերը կլուծենք»: Ամեն անգամ մի բան էր ասում, երբ ԱԺ-ում տեսնում էի նստած` զանգում էի վարորդին` խնդրելով` իր շեֆին տեղյակ պահել, որ ինձ զանգի, բայց մինչ օրս նա ինձ զանգում է:

– Իսկ ե՞րբ գնեցիք հանքավայրը:

– Նա դեռ Բնապահպանության նախարար չէր` 2008թ.: Իրականում այդ կոորդինատներով հանք գոյություն չուներ:

– Վ. Այվազյանի կողմից առարկություն չեղա՞վ:

– Ոչ, ես իրենից ընկերությունը գնում էի այդ հանքավայրի համար, ընդ որում` ոչ թե արդյունահանման, այլ ուսումնասիրության նպատակով: Ճիշտն ասած, նրա պարտքի մասին մտադիր չէի բարձրաձայնել, բայց քանի որ նա բարձրաձայն հայտարարել էր, թե ուզում է ինձ «քցի», շատ բարկացա, եւ երբ լրագրողը հարցրեց այդ մասին, պատասխանեցի` ասելով, որ չի տվել, եւ այդ մասին կխոսեմ մամուլի ասուլիսին:

– Ըստ Ձեզ` ինչո՞ւ է ուզում Ձեզ «քցել»:

– Չգիտեմ, երեւի կազինոյի փողերը չի հերիքում:

– Իսկ Սյունիքի մարզպետի դեմ դատական գործն ի՞նչ փուլում է:

– «Արմենիա Մարիոթի» գործը կարճվեց, բայց դատարանով ստացա միջադեպի տեսագրությունը, որը կբազմացնեմ եւ կբաժանեմ առաջիկա մամլո ասուլիսին: Իսկ դատական գործը դեռ չի կարճվել, քննիչն է փոխվել, նոր քննություն է ընթանում, եւ կարծում եմ` օրենքը կհաղթի:

– Նախընտրական փուլը որքանո՞վ անդրադարձավ քրգործի կարճման վրա:

– Անկեղծ ասած, երբ մամուլի ասուլիս էի հրավիրել, չէի մտածում, որ նախընտրական փուլ է, եւ քանի որ ես այդպիսի սերտ կապեր չունեմ քաղաքականության հետ, չէի էլ մտածում, որ կմտնեմ քաղաքականության մեջ: Առայժմ էլ քաղաքականության մեջ չեմ մտել: Բայց շատերին թվում է, թե ինձ ինչ-որ մեկը դրդում է, որ նման հայտարարություններով հանդես գամ, կամ ինչ-որ մեկի հանձնարարությունն եմ կատարում: Բայց ես երբեւիցե որեւէ մեկի նման հանձնարարությունը չեմ կատարի:

– Ամեն դեպքում մամլո ասուլիսի զարգացումները հետաքրքիր էին, եւ դրանից հետո տարածվեցին լուրեր Ձեր` որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելու մասին:

– Ես հայտարարեցի, որ որտեղ Սուրեն Խաչատրյանն առաջադրի իր թեկնածությունը, այնտեղ էլ ես կառաջադրվեմ, որպեսզի տեսնեն, որ մարդ կարող է առանց փողի ընտրվել: Հիմա ես սպասում եմ նրա վերջին քայլին: Իսկ եթե անկեղծ` չեմ ուզում պատգամավոր դառնալ, քանի որ իմ գործունեությունը հիմնականում դրսում է, եւ Հայաստանում քիչ եմ լինում:

– Այսինքն` որեւէ քաղաքական ուժի կողմից հրավեր չե՞ք ստացել:

– Ոչ, դեռ ոչ մեկն ինձ չի դիմել, եւ ես ինքս որեւէ մեկին չեմ դիմել: Երեւի բոլորն էլ սպասում են, թե ում կընտրեմ, բայց ուզում եմ նորից շեշտել` եթե Սյունիքի մարզպետն առաջադրի իր թեկնածությունը, ես եւս կառաջադրեմ իմ թեկնածությունը` որպես անկուսակցական կգնամ, իսկ հետո կընտրեմ, թե ո՞ր կուսակցության մեջ կմտնեմ:

– Ի դեպ, խոսակցություններ կան Սյունիքի մարզպետի անգլերենի ուսուցչի` 28-ամյա Հայկի առաջադրման մասին:

– Այո՛, լսել եմ, որ մարզպետի տղայի ուսուցչին են ուզում առաջադրել: Կարծում եմ` նա փորձում է մեկին առաջադրել, որը հետո պետք է հրաժարվի: Եթե տեսնեմ, որ այդպես է, ես կդնեմ իմ թեկնածությունը: Կարծում եմ` դեռ ժամանակ ունենք:

– Եվ ինչպե՞ս կճշտեք:

– Փառք Աստծո, այսօր այս հանրապետությունն այնքան տեղեկացված է, որ ամեն օր, ամեն րոպե ես տեղեկանում եմ: Ես որեւէ այլ շրջանով, բացի Գորիսից, չեմ հետաքրքրվում, թե ո՞վ է առաջադրելու թեկնածություն: Երբ հայտարարվի, կհաջորդի իմ քայլը:

– Իսկ Մադլեն Թաշչյանի դատական հայցն ընդդեմ Ձեզ` ի՞նչ փուլում է:

– Դատական նիստը հետաձգվել է: Հստակ օրը չեմ հիշում, բայց ինչքան գիտեմ` մինչ մարտի 21-ը հետաձգվել է:

– Տիկին Համբարձումյան, Հայաստանում քանի՞ հանքավայր ունեք:

– Մետաղական 1 հանքավայր ունեմ` Տերտերասարը, իսկ հետախուզման փուլում ունեմ 6 հանքեր, որտեղ դեռ աշխատում են:

– Իսկ Հայաստանից դո՞ւրս:

– Գանայում, Տանզանիայում եւ Կամբոջայում:

– Բոլորն էլ ոսկո՞ւ հանքեր են:

– Ոչ, Կամբոջայի հանքը պղնձի հանք է:

– Իսկ հետաքրքիր է` Տանզանիայո՞ւմ, թե՞ Հայաստանում է ձեռնտու բիզնեսով զբաղվելը:

– Դրսում, ավելին` նույնիսկ Աֆրիկայում են օրենքները լավ գործում: Հայաստանում ավել որեւէ բան չեմ ներդնի, իսկ ինչ վերաբերում է Հայաստանում հաստատվելուն, կարող եմ ասել, որ իմ 2 գործարաններով արդեն հաստատվել եմ այստեղ:

– Վիրավորվա՞ծ եք:

– Իհարկե, կա՛մ պետք է դառնանք օլիգարխ, կա՛մ ունեցածով բավարարվենք: Դաշտը դաշտ չէ: Եվ ուզում եմ հավատալ, որ առաջիկա ընտրությունները չեն լինի լցոնումներով, այլ կլինեն ազատ եւ արդար:

– Ի դեպ, թիկնապահի ծառայությունից դեռ օգտվո՞ւմ եք:

– Այո՛, դեռ զգուշության մտածմունք կա մեջս: