Արցախյան պատերազմի բովով անցած լեյտենանտ Սիաննա Մնացականյանը Կանանց միջազգային օրվան առանձնահատուկ չի պատրաստվում, քանի որ իր համար ամեն օր էլ կանանց տոնն է։ «Դու ինքդ քեզ համար պետք է ամեն օրդ տոն դարձնես»,- համոզված է Սիաննան: Երբեք տղամարդկանց ուշադրության պակաս չունեցող կին-զինվորականը չունի նաեւ տղամարդկանց հաճոյախոսությունների կարիքը: Ինչո՞ւ: Մարտի 8-ը, թերեւս, լավագույն առիթն էր հանդիպելու Հայկական բանակի գեղեցկուհիներից մեկին ու ստանալու թե՛ այս, եւ թե՛ այլ հարցերի պատասխաններ:
– Մի առիթով ասել եք, որ հաճոյախոսությունների նկատմամբ անտարբեր եք: Ինչո՞ւ:
– Առաջ, երբ հաճոյախոսում էին, մի քիչ շոյվում էի, բայց հիմա… Երեւի այնքան շատ են ասել, որ արդեն սովորական է դարձել (ծիծաղում է.- Տ.Կ.): Օրինակ, հիմա, երբ ինձ ասում են, թե երիտասարդ եմ երեւում, հաստատ գիտեմ, որ հաճոյախոսում են: Գտնում եմ, որ տարիքի հետ նաեւ փոխվել եմ ու էլ այն 20 տարեկան Սիաննան չեմ:
– Մինչ Խաղաղապահ բրիգադ տեղափոխվելը, երկար տարիներ աշխատել եք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում եւ ամեն օր շփվել եք կուրսանտների հետ: Դե, իսկ մարտի 8-ին էլ նրանցից հաստատ նվերներ ստացել եք…
– Իհարկե ստանում էի, իմ աճեցրած ծաղիկները: (ծիծաղում է.- Տ.Կ.):
– Ինչպե՞ս թե:
– Այո: Ինստիտուտի թանգարանի մոտ գտնվող փոքրիկ հողակտորում գեղեցիկ ծաղիկներ էի աճեցնում, եւ կուրսատները մի օր առաջ թաքուն գողանում էին իմ ծաղիկներն ու հաջորդ օրն ինձ էին նվիրում: Մի անգամ նկատեցի ու այդուհետ ծաղիկներին նշաններ էի անում, տղաներին էլ ասում, որ` նշաններ եմ արել, իմ ծաղիկներին ձեռք չտաք: Դրանից հետո անհետանում էին ուրիշ տարածքների գեղեցիկ ծաղիկներն ու հայտնվում իմ սեղանին (ծիծաղում է.- Տ.Կ.):
– Իսկ պատերազմի դաշտում տղամարդ զինակիցներն ի՞նչ էին նվիրում Ձեզ:
– Մի անգամ եմ հենց մարտի 8-ին պատերազմի դաշտում եղել: Տղաներից մեկը եկավ, ասաց. «Ես մարտի 8-ի առթիվ քեզ մի գեղեցիկ նվեր եմ ուզում անել, որ երբեք թշնամու ձեռքը չընկնես»: Ասաց ու ինձ մի հատ փամփուշտ նվիրեց: Նվերի միտքն այն էր, որ գերի ընկնելիս ինքդ քեզ խփես, ու թշնամին գերի չվերցնի: Փառք Աստծո, այդ փամփուշտը պետք չեկավ, եւ թողեցի ռազմական թանգարանում:
– Խոսեցինք նվերներից: Գիտեմ, որ Ձեր ամենալավ նվերը, որ երբեւէ ստացել եք` Բ-1 նռնակն է եղել, որ 1989թ. նվիրել է Ձեր մանկության ընկերը:
– Արսեն է այդ տղայի անունը: Մի անգամ ինձ ցույց տվեց, որ նման բան ունի, ես էլ փոքրուց շատ եմ սիրել զենքեր, անգամ փայտից հրացան ունեի: Եվ ընկերս, տեսնելով, որ շատ կցանկանայի ես էլ ունենալ այդ նռնակից, մի օր անակնկալ ձեւով նվիրեց ինձ:
– Իսկ ինչո՞ւ է դա ամենալավը:
– Քանի որ յուրահատուկ էր, մինչեւ հիմա ես նման նվեր չեմ ստացել: Նաեւ այն պատճառով, որ իմ երազած ծովից ծով Հայաստանն ունենալու «միջոցներից» մեկն էր դա:
– Իսկապե՞ս նման երազանք ունեք:
– Դեռ շատ փոքր տարիքից հոգուս մի թաքնված անկյունում միշտ երազել ու երազում եմ ծովից ծով Հայաստան ունենալ: Սա եղել է իմ գաղտնիքը, որ երբեք չեմ բարձրաձայնել: Մորական կողմից տատիկս, որ Անդրանիկի ազգականներից էր, ինձ քնեցնելիս ոչ թե երգում էր, այլ պատմում էր հայ ժողովրդի պատմությունը` սկսած Տիգրան Մեծից ու ավելի վաղ, մինչեւ մեր օրերը: Տատիկս նաեւ այն քիչ հայերից էր, ովքեր կարողացել էին փրկվել 1915թ. կոտորածներից: Ու ես, լսելով տատիս պատմությունները, միշտ հարցնում էի, թե անապատներ քշվող հայ կանայք, աղջիկներն ինչո՞ւ չեն ընդդիմացել, ինչո՞ւ չեն կարողացել մի թուրք էլ իրենք սպանել: Ու երբ սկսվեց Արցախյան պատերազմը, մտածեցի, որ սա իմ երազած Հայաստանի մի փոքր հատվածն է, ու անպայման պետք է մասնակցեմ նրա ազատագրմանը:
– Իսկ ե՞րբ առաջին անգամ գնացիք Արցախ:
– 1992-ին` Շուշին վերցնելուց մի քանի օր հետո:
– Մենա՞կ:
– Ոչ: Մի օր Շահումյանի արձանի մոտ զինվորական հագուստով տղայի տեսա: Մոտեցա, ասացի` ուզում եմ մեկնել ռազմաճակատ, կտանե՞ք ինձ: Հարցրեց` քանի՞ տարեկան ես: Ասացի` 24: Ասաց` բայց մի պայմանով. Երեւանում վիրավոր ընկեր ունեմ, իրեն խնամող է պետք: Ասացի` խնդիր չկա: Գնացինք Տիգան Մեծ ջոկատի շտաբ: Բարեխոսեց ինձ համար: Վերցրին… Սովորեցի կրակել, մասնակցեցի վարժանքներին, այդ ընթացքում էլ վիրավոր տղային էի խնամում: Արցախ մեկնեցինք 4 հոգով` 13-ամյա Մուրադը, Յուրան (Գռեյ), Վովան եւ ես:
– Էլի՞ աղջիկներ կային ջոկատում:
– Մի քանիսը: Նրանցից շատ հայտնի էր Կառան, ում մասին շատ պատկառանքով էին խոսում տղամարդ զինվորականները: Ես էլ անընդհատ լսում էի ու մտածում, թե ես ե՞րբ եմ դառնալու Կառայի նման:
– Ընտանիքի անդամներն ինչպե՞ս արձագանքեցին:
– Ընտանիքիս անդամների վերաբերմունքը, իհարկե, միանշանակ չէր, բայց ես հաստատուն էի իմ որոշման մեջ, ու ոչ մեկն ինձ այլեւս հետ պահել չէր կարող:
– Մարտական գործողությունների ժամանակ Ձեր տեսածի, լսածի ու Ձեզ հետ պատահածի մասին Դուք գրում եք պատմություններ: Այս առիթով մի անգամ ասել եք, որ շատ ճշմարտություններ, ավաղ, մնացել են պատերազմի դաշտում: Ո՞ր ճշմարտության մասին ամենից շատ կցանկանայիք այսօր բարձրաձայնել:
– Արցախի պատերազմը մեզ համար հերոսամարտ էր, քանի որ վերջում մենք հաղթեցինք, սակայն այդ մարտի ընթացքում նաեւ սխալներ թույլ տվեցինք, որոնց մասին այսօր շատ չի խոսվում: Ես կցանկանայի, որ այդ սխալների մասին իմանային գոնե այն զինվորականները, ովքեր չեն եղել պատերազմի դաշտում, որպեսզի հնարավոր պատերազմում դրանք այլեւս չկրկնվեն:
– Գիտեմ, որ մինչ պատերազմը, ինչպես Դուք եք ասել` գժվում էիք այդ թեմայով ֆիլմերի համար: Սակայն պատերազմից հետո` չեք նայում: Չե՞ք կարողանում նայել, թե՞ իրական պատերազմը ֆիլմերում չկա:
– Ե՛վ այն, եւ՛ այն: Շատ դեպքերում նյարդայնանում եմ, շատ դեպքերում կարոտ եմ զգում, նորից ուզում եմ վերադառնալ մարտի դաշտ, նորից վերապրում եմ, վերհիշում: Անգամ պահ է եղել, որ արցունքներս չեմ կարողացել զսպել, անկախ ինձանից` սկսել եմ լաց լինել ու զգացել եմ, որ զինվորն ինձ է նայում` սկսել եմ ժպտալ: Այդ պահերին եմ նաեւ հասկանում, որ ինչքան էլ ինձ համոզեմ, որ ես Զինված ուժերի սպա եմ ու թուլանալու իրավունք չունեմ, միեւնույն է` ուղեղս սրտիս չի համոզի. ես կին եմ: Սակայն այդ դեպքերում էլ տիրապետումս չեմ կորցնում, արագ կողմնորոշվում եմ ու բարկացած, բայց եւ` կատակով ասում` ի՞նչ կին, ի՞նչ տղամարդ, ես զինվորական եմ:
Տարոն ԿՈԽԼԻԿՅԱՆ