«Բնագիրն» այլեւս պատմություն է

27/11/2005

«Ինքնագիրը», սակայն, ի տարբերություն «Բնագրի», կխմբագրի միայն Վիոլետ Գրիգորյանը («Բնագրի» դեպքում համախմբագիր էր նաեւ Վահրամ Մարտիրոսյանը): Ինչ որ իմաստով «Ինքնագիրը» նաեւ «Բնագրի» տրամաբանական շարունակությունն է: «Բնագիրը» փակվեց առանց որեւէ կոնֆլիկտի եւ պրոբլեմի, պարզապես ես ուզում էի անել իմ ժուռնալը, ամբողջությամբ՝ սկսած սրբագրական աշխատանքից մինչեւ գեղարվեստական ձեւավորումը ինքս անել, որպես գրող ուզում էի ունենալ մի ամսագիր, որտեղ իմ կողքին կտպագրվեն ինձնից բոլորովին տարբեր մարդիկ, եւ այդ տարբերությունը, բազմազանությունը երկուստեք օգուտ կտա»,- համոզված է «Ինքնագրի» խմբագիրը: Գրաքննությունից ազատ գրականության խնդիրը, որ դրել էր «Բնագիրը», կշարունակվի նաեւ «Ինքնագրում». «Բնագրի» համար այնքան կարեւոր խնդիր էր «Ո՛չ գրաքննությանը» կարգախոսը, որ երբեմն որոշ գործեր ընտրում էինք զուտ թեմաների կամ լեզվական էքսպերիմենտի պատճառով, որպեսզի ազատության հնարավորությունը ստեղծվի՝ որ ստեղծագործողն իմանա, որ ինչպես ուզում է, կարող է ստեղծագործել»: «Ինքնագիրը», չսահմանափակելով ազատ ստեղծագործելու իրավունքը՝ որոշակի սկզբունքներ կունենա. «Ոչ միայն հանուն թեմայի, հանուն որեւէ ազատ բառի, հանուն ժարգոնի, այլեւ` այդ ամենով հանդերձ՝ ավելի հետաքրքիր գործեր կընտրվեն»: Ինտերնետի հնարավորությունն առավելագույնս կօգտագործեն ոչ միայն հեղինակ-ընթերցող կապն ակտիվացնելու, այլեւ Հայաստանը միայն Երեւանով չսահմանափակելու եւ մարզերի ու սփյուռքի միջեւ գրական կապեր ստեղծելու առումով: «Ինքնագրի» առաջին համարն առայժմ «պարտքով» է լույս ընծայվել: «Ուզում էի առանց հովանավորների անել, որպեսզի որեւէ մեկից կախում չլիներ, սակայն հետո մարդիկ հայտնվեցին, ովքեր իրենք առաջարկեցին իրենց աջակցությունը»,- ասում է խմբագիրը: Հանդեսի առաջին համարն, այդ աջակցություններով հանդերձ, էլի մի փոքր պարտքով է տպագրվել, ինչը խմբագիրը հույս ունի «փակել» վաճառքի եւ ընթերցողների հանգանակությունների շնորհիվ: «Ինքնագրի» առաջին համարն արդեն գրախանութներում է: Հանդեսի յուրաքանչյուր գնորդ պետք է իմանա, որ որոշակիորեն օգնում է ազատ, անկախ գրական հանդեսի կայացմանն ու շարունակականությանը:

Ն.Ա.