Հայհոյախառն պաստառներ՝ Թուրքիայում

08/03/2012

Թեեւ ասվում է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ զինադադար է, սակայն Ղարաբաղյան պատերազմը դեռ ամեն շաբաթ մի քանի զոհի պատճառ է հանդիսանում: Ղարաբաղյան խնդրի հետ կապված քարոզչական պատերազմներում երկու երկրներն էլ հաճախակի կիրառվող մի քանի գործիք ունեն, որոնցից կարեւորներն են Սումգայիթն ու Խոջալուն: Երկու երկրներն էլ այս բնակավայրերում տեղի ունեցած կոտորածներում մեղադրում են մեկը մյուսին ու դա օգտագործում են որպես գործիք` միջազգային ասպարեզում հոգեբանական պատերազմում հաղթանակ տանելու համար: Փետրվարի 26-ին էլ Խոջալուում տեղի ունեցած կոտորածի 20-ամյակի կապակցությամբ Ստամբուլի Բեյօղլու թաղամասում հավաքված ամբոխը Խոջալուի կոտորածի զոհերին հիշեց ցասումով, զայրույթով ու քենով: Հիշատակի օրվանից դեռ մեկ շաբաթ առաջ Ստամբուլի մետրոյի կայարաններից մինչեւ օդանավակայաններ ու շատ այլ վայրերում գովազդային վահանակները` «Մի խաբվեք հայկական ստին» ու «Թող չկրկնվի Խոջալուն» հայտարարություններով, Թուրքիայի չորս կողմերից ադրբեջանցիներին ու «եղբայր» թուրքերին կանչում էին մասնակցության:

Ես էլ կնոջս հետ փետրվարի 26-ին խառնվեցի այդ ամբոխին. մեր ձեռքի փոքր տեսախցիկով հարցազրույցներ անցկացրինք ու մի կողմից` փորձեցինք հասկանալ ամբոխին, մյուս կողմից էլ` փորձեցինք հասկանալ, թե ինչո՞ւ են Թուրքիայի ազգայնական խմբերը վերջին 20 տարվա ընթացքում հենց հիմա նախընտրել հիշել Խոջալուի մասին…

Առանց քաղաքապետարանի թույլտվության` այդ պաստառները հնարավոր չէր լինի կախել: Նախ եւ առաջ, եթե վահանակներից սկսենք, ապա այն, ինչ գրված էր գովազդային վահանակներին, սահմռկեցուցիչ էր: Չնայած շատ չնեղվեցինք, քանի որ մենք` Թուրքիայի հայերս, սովոր ենք նման տեսակի նվաստացումներին (թեեւ պետք է, որ սովոր չլինենք): Նույն ատելությամբ լի խոսքը ԱՍԱԼԱ-ի ժամանակ կրկին ԶԼՄ-ների կողմից փսխվում էր, թեեւ, որքան էլ փսխում էին, այդուհանդերձ, չավարտվեց: Ըստ էության, «Թող չկրկնվի Խոջալուն» ուղերձով պաստառները մի տեսակ ցավը կիսող բնույթ կարող էին ունենալ, եթե օգտագործվեին միայն դրանք: Սակայն, կարծես, ամեն պաստառ պատրաստվել էր երկու նպատակով: Ամեն երկու պաստառից մեկում կար` «Մի խաբվեք հայկական ստին»` ատելությամբ լի խոսքը: Ստամբուլում ամենուրեք այդքան պաստառ տեսնող ամեն մեկի նման, ես նույնպես հետաքրքրվեցի, թե ո՞վ է ֆինանսավորում: Քանի որ, երբ փառատոն էինք անցկացնում, գովազդային վահանակներից ամեն մեկի գինն անհավատալի թանկ էր: Այս վահանակների մեջ կային ավելի էժանները, կամ որ` քաղաքապետարանի կողմից աջակցություն ստանալու դեպքում որոշներն անվճար կարող էին վերցնել: Որովհետեւ այս վահանակների մի մասը պատկանում է Ստամբուլի քաղաքապետարանին: Այսպիսով, մեր տեսած գովազդային վահանակների վրա ոչ մի ստորագրություն չգտնելով` ես նախեւառաջ զանգահարեցի վահանակները սպասարկող ընկերություն: Հեռախոսազանգիս պատասխանող կնոջ ծամծմելով տված տեղեկատվության համաձայն` վահանակները պատկանում են քաղաքապետարանին:

Ինձ համար հետաքրքիր էր, բայց ոչ զարմանալի: Ինչ էլ լինի, ապրում ենք Թուրքիայում, որ կարողանում է Եվրոպայում ասել, թե` «տեր ենք մեր երկրի ազգային փոքրամասնություններին», իսկ հաջորդ օրը` «եթե անհրաժեշտ լինի, ապա մեր երկրում բնակվող 100 հազար հայերին կարտաքսենք»: Մի կողմից` նոր սահմանադրության համար ոչ մուսուլմաններից առաջարկներ հավաքող, մի կողմից` Պետական վերահսկողական ծառայության զեկույցի հիման վրա Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը վերաքննելու հույսեր տվող ու արտաքին աշխարհին` «տեսեք` առաջընթաց ենք ապրում» ասող Թուրքիան, մյուս կողմից` կարողացավ թույլատրել ուշունց տալ հայերին: Ու արեց:

Բեյօղլուում հավաքված հարյուրավոր մարդիկ ձեռքերում կրում էին «Բոլորդ հայ եք, բոլորդ բիճ եք» պաստառներ: Ոչ մի հայ չէր կարող չվիրավորվել ու չվախենալ: Եթե իր նյարդերին տիրապետելով` այսքան բան տեսած, բայց դեռ այս երկրից չհեռացած` Թուրքիայի հայի համար նույնիսկ այդքան բարդ էր, էլ չեմ ասում Թուրքիայում գտնվող հայաստանցիների ու սփյուռքահայերի մասին: Մյուս կողմից` մեր ձեռքերը չէին դողում: Որովհետեւ ամբոխի միջով անցնելիս գոնե ես կարող էի ասել ադրբեջանցուն, որից պատրաստվում էի հարցազրույց վերցնել, որ Խոջալուում կոտորածի փաստն ընդունում եմ: Սակայն նա դժվարանում էր ինձ պատասխանել, թե ինչո՞ւ էր ինձ` Թուրքիայի Հանրապետության քաղաքացուս, հայհոյում: Ղարաբաղյան պատերազմում որդի կորցրած ու ինձ վրա բղավել փորձող մի ադրբեջանցի համոզում էր, թե` «Այդ ուշունցը մենք քեզ չենք տալիս, այլ Խոջալուում երեխաներին սպանողներին»: Սակայն գիտեր, որ դա կրկին բավարարող պատասխան չէր, քանի որ հաջորդ հարցս էր. «Իսկ եթե թուրքերն էլ են երեխա սպանում, ապա նրանց էլ կկարողանա՞ք «բոլորդ բիճ եք» ասել», ինչով հիշեցնում էի Ուլուդերեի սպանությունները, ու զրույցը երկարում էր:

Հստակ էր, որ կազմակերպողներն ուղարկել էին մի քիչ քաղաքական զրույցներ վարել կարողացող, խոսել իմացող երիտասարդների: Այս երիտասարդն էլ նրանցից մեկն էր. նա միշտ մեզ հետեւում էր, երբ մենք փորձում էինք խոսեցնել այլոց: Անմիջապես փորձում էր ուղղել նրանց, ովքեր մեզ մի սխալ բան էին ասում: Սակայն չկարողացավ խանգարել, երբ 70-ին մոտ մի տղամարդ մեզ ասաց. «Գնացեք Սեւգի Էրենօլից հարցրեք, թե ինչ է տեղի ունեցել Խոջալուում»: Փետրվարի 26-ին Թաքսիմում մտքերը շատ խառն էին: Հայտնի չէ, թե ինչ կապ ուներ Թուրքիայում Ուղղափառ եկեղեցու հետ միջադեպում հիշատակվող Սեւգի Էրենօլը Խոջալուի հետ, սակայն հստակ էր, որ այդ տղամարդը մեզ չհայհոյելու համար հմուտ պատասխան էր ուզում տալ: Բայց չստացվեց:

Ցույցի մեր երիտասարդ ադրբեջանցի ուղեկիցը փորձում էր համոզել մեզ. «Այո, դու կիսում ես մեր ցավը, սակայն ինչո՞ւ չես պայքարում, որպեսզի Թուրքիան այս հարցում օրենք ընդունի»: Զավեշտալի էին ասածները… Երեւի թե սա հարց էր, որ «Երկու պետություն` մեկ ազգ» նշանաբանը մշտապես ծածանող ադրբեջանցիները իրենք իրենց պետք է ուղղեին: Եվ իրոք, «Երկու պետություն` մեկ ազգ»-ի մեծ եղբայր Թուրքիան ինչո՞ւ մինչեւ հիմա ադրբեջանցիների կոտորածների հետ կապված օրենք չի ընդունել: Արդեն 31 տարեկան եմ դառնում, սակայն դեռ ականատես չեմ եղել, որ Թուրքիայում ադրբեջանցիների կոտորածներն այս աստիճան ընդգրկուն կերպով հիշվեն:

Մրցահրավեր Ֆրանսիային

Այս ցույցը կարող է բազմակողմանի մեկնաբանություններ ունենալ: Առաջին. հայտնի է, որ թաղապետարաններն աջակցել են այս ցույցերին ու կամ էլ` աջակցության վերաբերյալ հրաման են ստացել ինչ-որ մի տեղից: Երկրորդ. այն, որ «Հայ բճեր» բղավողները սողոսկել են ցույցը կազմակերպողների մեջ, ու որ թուրքական դրոշի պատկերով փողկապով մեկը, ներկայանալով որպես կազմակերպիչների խմբի անդամ, պատվիրեց հավաքել «հայ բճերի» պաստառները, ցույց է տալիս, որ լուրջ կազմակերպվածություն կար:

Մեկ այլ եզրակացությունն էլ այն է, որ այս ակցիան նման էր սպառնալիքի` Ֆրանսիային ու Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներ նախապատրաստող սփյուռքին: Նույն դեմքերի` ամբոխի մի ծայրից մյուսը փոխանցած հինգ կարգախոսից մեկում հիշատակվում էին Ֆրանսիան կամ սփյուռքը, թեեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչող Ֆրանսիան ու ճանաչվելու համար ջանք թափող սփյուռքը Խոջալուի հետ կապ չունեն: Քանի որ կոտորածն իրագործածներն, ըստ ադրբեջանական աղբյուրների` Հայաստանի ազատագրական բանակ է… Այստեղ կարելի է տեսնել թիրախի ցուցադրում ու Խոջալուի պատրվակով սպառնալիք… Տասնյակ մարդկանց, ում հետ մենք խոսեցինք, աչքերում ցասում կար: Ոմանք էլ չէին նայել նույնիսկ իրենց բռնած պաստառին ու եկել էին, քանի որ ընկերներն էին կանչել: Շատերին չէր էլ հուզում` 1915-ին տեղի ունեցածը կճանաչվի՞ որպես ցեղասպանություն, թե՞ ոչ: Միայն հետաքրքրված էին, որ իրենց ցեղասպանությունը ճանաչվի… Երբ 19 տարեկան մի կնոջ հարցրեցինք` «ինչո՞ւ ես այս պաստառը բռնել ձեռքդ», նա պատասխանեց ոչ այնքան վստահ կերպով. «Նրանք մեր ազգին են նվաստացրել, այդպես չէ՞», ինչն, ըստ էության, փոխանցում էր ակցիայի անկեղծությունը:

Փետրվարի 26-ը մի ցավալի տեսարան էր, երբ մարդիկ կարողանում էին օգտագործվել որպես քաղաքականության գործիք` առանց դա գիտակցելու. երբ այս երկրում դեռ անտեսում են կոտորածի ենթարկվածների ցավերը, երբ կարող ենք բոլորովս դուրս գալ բոլոր կոտորածներին դեմ, երբ Ուլուդերեից սկսած ու դեպի պատմություն գնացող բոլոր կոտորածները ու ցեղասպանությունները կարող ենք նզովել: Ըստ իս, Խոջալուի գյուղացիները նույնիսկ չէին վստահի հրապարակում գտնվողների անկեղծությանը: Էլ ուր մնաց` այս երկրի ներքին գործերի նախարար Իդրի Նաիմ Շահինի անկեղծությանը…

Իսկ ցույցի անկեղծությունն ու հայհոյանքներով պաստառները` ցուցարար ամբոխի հետեւից ավլող Բեյօղլուի աղբահավաքների ու աղբահավաք մեքենաների աղմուկի մեջ կորան-գնացին…

Արիս ՆԱԼՋԸ