Տուն քանդողները

06/03/2012

«Ես վարչապետին հարցրեցի, թե ի՞նչ ա լինելու մեր գյուղի վիճակը: Բայց ես դրական պատասխան չեմ ստացել: Ես տեսնում եմ, որ վարչապետը տրամադրված ա գյուղը վերացնի: Վսյո»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը: Նրա փոխանցմամբ` Տ. Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ներկա է եղել նաեւ ԶՊՄԿ-ի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, սակայն, ըստ Աթայանի` Մ. Հակոբյանն այն պաշտոնյան չէ, ում հետ պետք է Քաջարան գյուղի հարցը լուծել: «Մ. Հակոբյանին հանդիպեմ, ի՞նչ: Ասեմ` ապրե՞ս, որ տունս քանդում ես»,- ասել է Քաջարանի գյուղապետը: Ի դեպ, երեկ վերջինս բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ նաեւ իր դժգոհությունն է արտահայտել Տ. Սարգսյանի այցից: «2011թ. սեպտեմբերից մինչեւ այժմ երկու անգամ Քաջարան քաղաք այցելած վարչապետը չբարեհաճեց գոնե մի քանի րոպեով մտնել Քաջարան գյուղ` Քաջարան քաղաքից 3 կմ հեռավորության վրա գտնվող, եւ դեմ առ դեմ զրուցել ամիսներ շարունակ անորոշության մեջ հայտնված գյուղացիների հետ: Բոլոր այս փաստերը վկայում են, որ կառավարությունը չի պատրաստվում անվավեր ճանաչել հակասահմանադրական ու հակազգային այդ որոշումը»,- նշել է գյուղապետը: