«Ուրախ ենք Վլադիմիր Պուտինի ընտրվելու առիթով»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` անդրադառնալով ՌԴ նախագահական ընտրություններում Վ. Պուտինի հաղթանակին: Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Լ.Սարգսյանը ՌԴ քաղաքացի հայերին ուղղված բաց նամակ էր հրապարակել, որտեղ կոչ էր արել ընտրել Վ.Պուտինին: Երեկ Լ.Սարգսյանը նաեւ վստահություն է հայտնել, որ իր կոչը ազդեցություն ունեցել է, եւ իր հետ կապի մեջ գտնվող ՌԴ քաղաքացի բազմաթիվ հայեր հայտնել են, որ ընտրելու են Վ.Պուտինին: Բայց արդյո՞ք Վ.Պուտինը հաղթել է ազատ ու արդար ընտրությունների արդյունքում, չէ՞ որ ՌԴ ընդդիմության մի մասը չի ճանաչում այդ ընտրությունները եւ բողոքի զանգվածային ակցիաներ է իրականացնում: «Ետսովետական ոչ մի երկրում առայժմ չի գրանցվել լրիվ արդար ընտրություններ: ՀՀ-ն դա բացառիկ դեպք է, որտեղ միշտ, եւ հատկապես` վերջին 2-3 ընտրությունները բացահայտ կեղծվում են` բռնի ուժ գործադրելով: Եթե համեմատենք ՌԴ-ի ու մեր նախագահական ընտրությունները, կարելի է համարել, որ ՌԴ-ում եղան մաքուր, արդար ընտրություններ: Համենայնդեպս, ընտրակաշառք չի բաժանվել, ու մարդիկ կարողացել են ազատ արտահայտել իրենց դիրքորոշումը»,- պատասխանել է Լ.Սարգսյանը: Վերջինս դեռ չի շնորհավորել Վ.Պուտինին, դա կանի, երբ պաշտոնապես հրապարակվեն ընտրության արդյունքները: Նա նաեւ հավելել է, որ Վ.Պուտինին ընտրելու կոչը միայն ՍԴՀԿ-ինն է, եւ կապ չունի ՀԱԿ-ի հետ: