Վլադիմիր Նաբոկովի որդին պատրաստվում է ոչնչացնել իր հոր վերջին, չտպագրված վեպը: Դմիտրի Նաբոկովն ասել է, որ դա անում է իր հոր վերջին ցանկության համաձայն: «Լարայի ծագումը» վեպը ոչ ընթերցողները, ոչ էլ որեւէ գրականագետ չի կարդա: Վլադիմիր Նաբոկովը կտակել է իր մահից անմիջապես հետո այրել ձեռագիրը, սակայն գրողի այրին` Վերան չի համարձակվել կատարել ամուսնու վերջին կամքը եւ չտպագրված վեպի ճակատագրի որոշումը թողել է 71-ամյա օպերային երգիչ Դմիտրի Նաբոկովի հայեցողությանը: «Լարայի ծագումը» գրվել է 1997 թվականին, եւ նրա բովանդակության մասին քիչ բան է հայտնի: Վեպն ունեցել է նաեւ մեկ այլ վերնագիր` «Մահը ծիծաղելի է»: Վլադիմիր Նաբոկովը իր մտահղացումը հասցրել է կիսով չափ ավարտել եւ դեմ է եղել անավարտ գործի տպագրմանը: 1976 թվականին` գտնվելով Լոզանի կլինիկայում, նա աշխատել է իր նոր վեպի վրա եւ բուժկազմին վեպից հատվածներ է կարդացել: Տուն վերադառնալով եւ զգալով, որ չի հասցնում ավարտել իր վեպը, Նաբոկովն օրագրում գրել է. «Տան միջի աղբը, նույնիսկ եթե այն սենտիմենտալ կամ կոմերցիոն արժեք ունի, չպետք է տանը մնա»: Գրողի որդին ձեռագիրն այրելու համարձակություն չի ունեցել եւ նույնիսկ ցանկացել է սակավ տպաքանակով տպագրել, բայց այժմ մտափոխվել է եւ որոշել է հարգել հոր ցանկությունը: Ռուս գրող Անդրեյ Բիտովն ասել է. «Եթե նույնիսկ որեւէ մեկն այդ ձեռագիրն արժեքավոր է համարում, պետք է ականջ դնել հեղինակի ցանկությանը: Նաբոկովը բարձրաճաշակ մարդ էր, եւ եթե չէր ուզում իր վեպը տպագրված տեսնել, ուրեմն պատճառներ ուներ»:
Ն.Հ.