«Եթե «Ժառանգություն» կուսակցությունը շաբաթը կամ ամիսը 2 անգամ հայտարարի, որ դիմելու է իշխանափոխության, եւ դա չիրականացնի, կհիասթափեցնի ժողովրդին»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը` ավելացնելով. «Հետեւաբար «Ժառանգությունը» որդեգրել է շատ գործնական քայլ. այն է` կանգնել մեկ քաղաքացու կողքին եւ հասնել կոնկրետ արդյունքի: Լինել պրագմատիկ, այնպիսի խնդիրներ առաջ քաշել, որ հետո կարողանաս լուծել եւ ժողովրդի առաջ պարզ ճակատով հանդես գալ»: Լրագրողները հետաքրքրվել են, արդյո՞ք ասվածը վերաբերում է ՀԱԿ-ին: Ռուբեն Հակոբյանը` սակայն, չի մասնավորեցրել` նշելով, որ խոսքը երեւույթի մասին է: Խոսելով արտաքին քաղաքականության մասին, Ռ. Հակոբյանը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ իրենք շարունակում են պահանջել հայ-թուրքական արձանագրություններից հետ կանչել հայկական կողմի ստորագրությունը: Ըստ նրա, «Ժառանգությունը» կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն դրանք պետք է կառուցվեն առանց նախապայմանների: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, Ռ. Հակոբյանն ասել է, որ հակամարտության կարգավորման գործընթացում չի կարող լինել որեւէ փաստաթուղթ, որը կասկածի տակ կդնի Արցախի անկախությունը: Խոսելով Ռուսաստանում կայացած նախագահական ընտրությունների մասին` Ռ. Հակոբյանն ասել է, որ նրանք ունեցան այն ընտրությունը, որը պետք է ունենային: «Ռուսաստանը չէր կարող ունենալ մի ընտրություն, որն արժանանար բոլորի հիացմունքին»,- ասել է «Ժառանգության» փոխնախագահը` հիշեցնելով, որ ինքը երկար տարիներ դիվանագիտական ներկայացուցչություն է ղեկավարել Ռուսաստանում եւ, որոշակիորեն ծանոթ է այդ երկրի ներքին խոհանոցին: Ըստ նրա, Ռուսաստանի հիմնական խնդիրն ընդդիմության մեջ է: «Այս տարիների ընթացքում Ռուսաստանի ընդդիմությունը չկարողացավ միասնական հանդես գալ, անգամ այն պահին, երբ կար Պրոխորովի նման թեկնածու»,- նշել է Ռ. Հակոբյանը: Վերջինս անդրադարձել է նաեւ «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համագործակցությանը եւ ԱԺ ընտրություններում նախընտրական դաշինքով հանդես գալու մասին խոսակցություններին:
«Ժառանգություն» կուսակցությունն «Ազատ դեմոկրատների» հետ բավականին երկար ժամանակ է, որ աշխատում է, որ կարողանան ձեւավորել մեկ ընդհանուր հարթություն, որի հիմքում պետք է լինեն գաղափարաքաղաքական ընդհանրությունները, սակայն, այս պահին դեռ վերջնական որոշում չկա այդ հարցում,- հայտարարել է Ռուբեն Հակոբյանը` ավելացնելով,- Այս փուլում ինչ ձեւաչափ կդառնա, դժվար է ասել: Դեռ ձեւակերպված չէ, թե ինչ ձեւաչափով կգնանք ընտրությունների: Կարեւորը, որ երկու կողմից էլ ցանկություն կա»: Ասուլիսին մասնակցող «Ժառանգության» մեկ այլ անդամ` Ստեփան Սաֆարյանն էլ ասել է, որ այդ հարցին մինչեւ մարտի 18-ը հստակ ու վերջնական պատասխան կտրվի: