Արծիվների հույսին

06/03/2012

«Այս ժամանակահատվածում քաղաքական որոշ ուժեր կարող են գնալ նախընտրական միավորումների: Գաղափարական միավորումներն ավելի բարդ են եւ կարող են, որպես այդպիսին, չլինել: Միաժամանակ, արդեն իսկ ականատես ենք միավորումների ու դաշինքների, եւ կարծում եմ` դրանք կլինեն նաեւ առաջիկայում,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը` ավելացնելով,- Իրատեսական եմ համարում, օրինակ, «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների նախընտրական դաշինքը, քանի որ նրանք ունեն միեւնույն գաղափարական հիմքը»: Խոսելով ընդդիմադիր դաշտի մյուս ուժերի մասին` նա ասել է. «Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա նրա հանդեպ հետաքրքրությունը որոշ առումով նվազել է: Վերջին հանրահավաքների սակավամարդությունը դրա վկայությունն է: ՀԱԿ-ը պետք է վերանայի իր ռազմավարությունը, որպեսզի մայիսի 7-ի արշալույսն իր համար պայծառ լինի: ՀԱԿ-ը նման է «Տիտանիկ»-ին, որը կործանվեց նավապետի սխալի պատճառով: Երկու տարի առաջ նրա ունեցած հնարավորություններն այսօր կիսվել են` կազմելով շուրջ 7-8 տոկոս: Չեմ բացառում, որ հաջողություններ չունեցած քաղաքական ուժերը փորձելու են սեւացնել ընտրությունների արդյունքները»: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա, բնականաբար, Հ. Սահակյանի կարծիքով` իրենց հնարավորությունները բարձր են: Հարցին` ինչի՞ հիման վրա է նման գնահատական հնչեցնում, եթե հանրահավաք չեն արել, տեսնելու` ինչքան մարդ իրենք կհավաքեն, Սահակյանը խոսել է «Հայոց արծիվների»` կիրակի օրը կայացած հավաքի մասին` նշելով, թե «արծիվներն ավելի շատ մարդ հավաքեցին»: «Ես տեսնում եմ ժողովրդի տրամադրվածությունը, հանրության վերաբերմունքը, մեր աշխատանքը։ Նույնիսկ մեր ընտրատարածքում ՀԱԿ-ն իր գրասենյակը փակել է»,- ասել է նա: