Ծնունդդ շնորհավոր

06/03/2012

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 53-րդ տարեդարձի կապակցությամբ ՊՆ վարչական համալիրում մարտի 5-ին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են Վ. Սարգսյանի հարազատները, մարտական ընկերները, զինծառայողներ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում մասնավորապես ասել է. «20-րդ դարավերջին մեր դեռ գոյություն չունեցող բանակն առաջնորդելու դժվարին պարտականությունը ճակատագրով նախասահմանվեց Վազգեն Սարգսյանին, եւ այսօր, նրա ընտանիքի ու մարտական ընկերների հետ միասին, հավաքվել ենք հիշելու մեր առաջնորդի, սպարապետի ու նախարարի հզոր եւ պայծառ կերպարը, ու եւս մեկ անգամ արժանին մատուցելու մեր ավագ ընկերոջ ապրող հիշատակին, ով պատմության ու ժողովրդի հիշողության մեջ ընդմիշտ կմնա ամեն ինչ ասող, ամեն ինչ բնութագրող ու գնահատող մի քանի բառով` Հայաստանի եւ Արցախի Ազգային Հերոս… Վազգեն Սարգսյանը կամավորականների համար Սպարապետ եղավ, իսկ բանակի համար դարձավ պաշտպանության նախարար: Բայց նա միայն նախարար չէր, այլ մեր ավագ ընկերը, ավագ եղբայրը, դժվարին պահերին` մեր ամենահուսալի եւ վստահելի աջակիցն ու հենարանը… Մեր զոհված ընկերները մեզ զրկել են սխալվելու իրավունքից: Դա նշանակում է, որ եկել է պահը եւս մեկ անգամ մեր անցած ճանապարհը քայլ առ քայլ վերաիմաստավորելու եւ մեր ամենօրյա գործունեության մեջ քար առ քար իրար վրա դնելով` Սպարապետի հպարտության առարկան` բանակի մարտունակությունը ամրապնդելու եւ բազմապատկելու»: Իսկ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը, իր խոսքում նշել է, թե ուրախ է հայոց կանոնավոր բանակի հաջողություններով, եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ժողովուրդը միայն հպարտությամբ վերաբերվի իր զավակին` Ազգային բանակին: ՊՆ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` ի նշան երախտիքի` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վազգեն Սարգսյանի հորը` Զավեն Սարգսյանին, պարգեւատրել է «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով: