Հանդիպումներ Բելգիայում

06/03/2012

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դե Բեթյունի եւ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի պատգամավորների հետ: Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու եւ խորացնելու բազմաբնույթ կապերը Բելգիայի հետ, որը, Ս. Սարգսյանի խոսքով, իր զարգացած տնտեսությամբ կարող է Հայաստանի համար լավ օրինակ հանդիսանալ բարեփոխումների իրականացման ճանապարհին: Ըստ Ս. Սարգսյանի` Հայաստանը եւ Բելգիան չափերով համադրելի երկրներ են, եւ Հայաստանում Բելգիան մշտապես ընկալվել է որպես ուսանելի զարգացման մոդել: ՀՀ նախագահը եւ Բելգիայի Սենատի նախագահը կարեւորել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցությունն ու հետեւողական երկխոսությունը: Զրուցակիցներն ընդգծել են 2000թ. սկզբից երկու խորհրդարաններում ձեւավորված հայ-բելգիական բարեկամության պատգամավորական խմբերի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը, որը, նրանց համոզմամբ, լավագույնս կծառայի հայ-բելգիական բարեկամության խորացմանը, ինչպես նաեւ` եվրոպական ընտանիքին Հայաստանի առավել մերձեցմանը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի խորհրդարանականներին եւ, հանդիպման պատեհ առիթից օգտվելով, մեկ անգամ եւս ընդգծել այն խոշոր նպաստը, որ բերեց միջազգային հանրությանը Բելգիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում այդ ուղղությամբ Բելգիայի գործադրած ջանքերը: Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում ավելի ուշ հանդիպում կունենա նաեւ Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: