Կիրակի օրը ՀՀԿ-ական, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի գլխավորած «Հայոց արծիվներ» կազմակերպությունը Երեւանում երթ է անցկացրել (համենայնդեպս, այն ներկայացվել է որպես երթ), որն իրականում մեկ նպատակ է հետապնդել` իբրեւ թե այդպիսով պատասխանել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` վերջին հանրահավաքում արած այն հայտարարությանը, թե «Սերժ Սարգսյանը խորտակվող նավ է»: Սակայն, ինչպես «Հայոց արծիվների» ամեն ինչը, այնպես էլ կիրակնօրյա երթը շատ ծիծաղելի է եղել: Օրինակ` ՀՀԿ-ականների կազմակերպած միջոցառմանը մարզերից մարդիկ են բերվել… «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն մակագրությամբ միկրոավտոբուսներով: Նշենք, որ մարզերից Երեւան են բերվել հիմնականում երիտասարդներ, ընդ որում, նրանց խմբերին մայրաքաղաք բերողներին, ըստ մեր տեղեկությունների, վճարվել է յուրաքանչյուր մասնակցի հաշվով` 250-300 դրամ: Արդյունքում` հատկապես հեռավոր մարզերից Երեւան բերված բազմաթիվ երիտասարդներ չեն կարողացել տուն վերադառնալ եւ ստիպված գիշերել են Երեւանում: