Երեկ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները Ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել «Գապբնակշին» եւ «Նարեկ-Դավիթ» ՍՊԸ-ների տնօրեն, 63-ամյա Գագիկ Պապոյանին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` նրան ոստիկանները Կենտրոնականի բաժին բերման ենթարկելու ժամանակ դիմակավորված էին եւ զինված ժամանակակից տեխնիկայով: Գ. Շամշյանը հայտնում է, որ նրան դիմակավորված են բերման ենթարկել այն բանի համար, որ նրա կողմից կատարվել էր չափազանց լուրջ հանցագործություն: Նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրօր. 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով: Նա Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից այս տարվա փետրվարի 9-ից գտնվում էր հետախուզման մեջ: Ըստ Գ. Շամշյանի` նա խարդախության եղանակով մեծ թվով քաղաքացիներից հափշտակել է 407 մլն 413 հազար ՀՀ դրամ: Քաղաքացիներից նա գումարը հափշտակել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Արամի եւ Բուզանդի փողոցներում կառուցվող էլիտար շենքերում մի բնակարանը մի քանի անձանց վաճառելու ճանապարհով: Ավելի ուշ Գ. Պապոյանը տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում: