Անդրադառնալով մարտի 1-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը «խորտակված նավ է», Վ. Սողոմոնյանը «Մեդիամաքս» գործակալությանն ասել է. «Պետք է բացարձակապես զուրկ լինել առողջ բանականությունից` Ռոբերտ Քոչարյանին «խորտակված» անվանելու համար»: «Երկար բացատրություններ չեմ տա, քանի որ բոլորն էլ ամեն ինչ գիտեն Քոչարյանի գործունեության մասին` Ղարաբաղյան պատերազմի հաղթանակից մինչեւ ՀՀ տնտեսական սրընթաց զարգացումը: Ռոբերտ Քոչարյանը երբեք ընտրություններում պարտություն չի կրել` ոչ ԼՂՀ-ում, ոչ էլ Հայաստանի Հանրապետությունում, եւ դեռեւս մեր հանրապետության միակ ղեկավարն է, ով երկու նախագահական ժամկետ է աշխատել, ընդ որում, ակներեւ (ժամանակի հետ` ավելի ու ավելի ակներեւ) հաջողությամբ: Ինչ «խորտակման» մասին կարող է այստեղ խոսք գնալ` պարզ չէ: Սակայն այդ միանգամայն անհաջող տեր-պետրոսյանական փոխաբերությունն ուղղակի պահանջում է նոր գործածում` հաշվի առնելով դրա հեղինակի անձը: Եթե դիտարկենք Տեր-Պետրոսյանի քաղաքական կենսագրությունն այդ փոխաբերության էության տեսանկյունից, ապա կարելի է պնդել, որ նա պարզապես «խորտակվելու» սովորություն ունի: Նա «խորտակվել է» 96-ին, երբ խայտառակ կերպով պարտվեց ընտրություններում: 98-ին, երբ ստիպված էր քաղաքական «հատակ» իջնել ազգային շահերի դավաճանի խարանով: Նա «խորտակված» վիճակում էր գտնվում ուղիղ 10 տարի, ինչից հետո երկու անգամ «խորտակվեց» 2008-ին. սկզբում` նախագահական ընտրություններում, իսկ ապա` քաղաքապետի ընտրություններում, երբ հերթական քաղաքական մարտը տանուլ տվեց Գագիկ Բեգլարյանին: Թվում է, որ արդեն «խորտակվելու» տեղ էլ չկա, նա արդեն վաղուց «հատակին է»: Մի խոսքով, ՀԱԿ համամասնական ցուցակի միանձնյա հեղինակն ավելի լավ է հարձակման համար մեկ այլ համեմատություն մտածեր: Այս մեկը բումերանգի շատ ցավալի հարված է հասցնում իր իսկ ճակատին»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը: