Մի կտոր միս

06/03/2012 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքները դժվար էր անակնկալ համարել. նման ելքը կանխորոշված էր դեռեւս շատ տարիներ առաջ: Անակնկալը հաղթած թեկնածու Վլադիմիր Պուտինի արտասուքներն էին` թափված Մանեժնայա հրապարակում, իր համախոհների հետ հանդիպման ժամանակ: Այդ արցունքները վկայում են, որ նա պարզապես համոզված է` ազատ եւ արդար ընտրություններում ռուսաստանցիների մեծ մասն իրեն է վստահել սեփական ճակատագիրը: Իսկ նման գիտակցությունից ով ասես կարտասվեր: Դե՛, եղան խախտումներ, մի քանի հարյուր-հազարի հասնող անվավեր ճանաչված քվեաթերթիկներ, մեզ վաղուց հայտնի «կարուսելի» դեպքեր, ընտրակաշառք: Սակայն, ինչպես ՀԱԿ-ին անդամակցող կուսակցություններից մեկի` ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն է երեկ ասել «Առավոտ»-ին, «անկախ բոլոր կարգի մանր-մունր խախտումներից»` Պուտինը ջախջախիչ հաղթանակ է տարել մրցակիցների հանդեպ:

Նախագահական ընտրությունների հիմնական մրցակից, «Յաբլոկո» կուսակցության նախագահ Գրիգորի Յավլինսկուն թույլ չտվեցին առաջադրել թեկնածությունը: Վարչական ողջ ապարատը, ԶԼՄ-ների մեծ մասն աշխատեց Պուտինի օգտին: Սակայն սրանք մանրուքներ են: Իսկ անծայրածիր Ռուսաստանի համար մի քանի հարյուր-հազար խախտումը կաթիլ է` ծովում: Հետեւաբար` ոչ մի կերպ չէին կարող ազդել ընտրությունների արդյունքի վրա: Կարելի է ասել` նման խախտումներն ընտրություններին ուղեկցող անգամ անհրաժե՛շտ ատրիբուտներ են:

Հայաստանում եւս նախագահ հռչակվելուց հետո յուրաքանչյուրն անկեղծորեն հավատում է, որ ընտրողների ճնշող մեծամասնությունն իր ճակատագիրը վստահել է բացառապես իրեն: Թեեւ, նկատենք, այդ փաստը մեր նախագահներից եւ ոչ մեկին չի ստիպել արցունք թափել: Արտասվողի դերը մեր երկրում վերապահված է հասարակությանը:

Ինչպես Ռուսաստանում, Հայաստանում էլ ընտրություններն առանց «մանր-մունր» խախտումների չեն անցնում, եւ դա ոչ ոք չի էլ ժխտում: Այդ մասին բացեիբաց խոսում է երկրի նախագահը (արդյունքների հրապարակումից հետո), ԿԸՀ-ն, հաղթանակած թեկնածուի կուսակիցները: Ընտրակեղծարարների համեստ ցանկը մեկ-երկու անգամ շրջանառության մեջ է դրվում, ապա շտապ մոռացվում: Այո, խախտումներ լինում են, սակայն դրանք եւս, ինչպես Ռուսաստանում, ընտրությունների արդյունքի վրա չեն ազդում: Ինչպես 2013-ին չեն ազդի նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրվելու ժամանակ:

1996-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը պարզապես համոզված էր, որ ազատ ու արդար ընտրություններում հաղթել է իր հիմնական մրցակցին: Մինչ օրս էլ նա, եթե չեմ սխալվում, նույն կարծիքին է: Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, բառացիորեն երեկ «Մեդիամաքսին» ներկայացնելով իր ղեկավարի բազում այլ արժանիքները, առանձնացրել է նաեւ սա. «Ռոբերտ Քոչարյանը երբեք ընտրություններում պարտություն չի կրել` ո՛չ ԼՂՀ-ում, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետությունում»: Այսինքն` երկու անգամ Քոչարյանը «ջախջախիչ հաղթանակ» է տարել Կարեն Դեմիրճյանի, ապա` Ստեփան Դեմիրճյանի հանդեպ: Այն, որ երկու հոգի հավատում են սրան, եւս վատ ցուցանիշ չէ:

2008-ի նախագահական ընտրություններին նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը: Եվ փորձեք ասել, որ ընտրություններն այն չէին: Ձեզ չեն ների: Եղել են «մանր-մունր» խախտումներ, մարտի մեկին «մանր-մունր» խժդժություններ, տասը զոհ: Սակայն մանրանալն էլ չափ ունի. տեսեք` Սիրիայում ամեն օր է միջինն այդքան մարդ զոհվում:

Խնդիրն այն է, որ քանի դեռ յուրաքանչյուր ընտրակեղծիք չենք ընկալում որպես ընտրական ողջ գործընթացն արատավորող երեւույթ, որը կարող է ճակատագրական լինել ընտրությունների արդյունքի վրա, կունենանք այն, ինչ 2012-ի մայիսի 6-ին է սպասվում:

Ընտրակեղծիքներով պաշտոն ստանձնած նախագահը (եւ ոչ միայն նախագահը) լուրջ փորձություն է տվյալ պետության համար: Ընտրությունները կեղծելուն լծվում են հիմնականում օլիգարխները` իրենց թիկնապահներով, քրեական անցյալ ու ներկա ունեցող մարդիկ: Ընտրություններից հետո նրանք ակնկալում են համապատասխան վերաբերմունք` մենաշնորհ ունենալու թույլտվություն, պետության գանձարան մտնելու, այսինքն` հարկերից հմտորեն խուսափելու արտոնություն: Սա, իր հերթին, փլում է սոցիալական արդարության` առանց այդ էլ խախուտ համակարգը: Երկրի առաջնորդի պաշտոնավարման ժամկետը հազիվ բավարարում է ապահովագրել սեփական իշխանությունը եւ ամեն ինչ անել վերարտադրվելու համար, իր ազդեցությունը տարածել ներքաղաքական մանր-մունր հարաբերություններում: Ավելի վեհ եւ պետության համար ճակատագրական խնդիրներ կարգավորելու ժամանակ այդպես էլ չի գտնվում: Վկան, օրինակ, մինչ օրս չբնակեցված ազատագրված տարածքները: Մինչ ամբողջ աշխարհն ունի ներգաղթյալների խնդիր, Հայաստանի հիմնական եւ առայժմ անլուծելի խնդիրն արտագաղթն է: Ահա թե փոքրիկ, մանր-մունր խախտումներով անցկացրած ընտրությունները որքան ճակատագրական են պետության համար: Իսկ թվարկածը սպասվող տհաճությունների փոքրիկ փաթեթն էր:

Սա գիտակցում են բոլորը: Սակայն կա՞ նախադրյալ, որ 2012-2013թթ. ընտրություններին ինչ-որ բան կփոխվի: Թե՞ մեզ դարձյալ ինչ-որ բան կխանգարի: Սոցիալական ծանր վիճակն ու ծերացող հասարակության բարդույթը մեզ նմանեցնում է Ջեկ Լոնդոնի «Մի կտոր միս» պատմվածքի տարիքն առած հերոսին` օրվա հացի կարոտ բռնցքամարտիկին: Նա պատրաստվում է վաղվա վճռական ճակատամարտին` ռինգում: Ուտում է իր հասանելիք ցամաք հացը, իսկ մտքում անընդհատ մի կտոր տավարի փափուկ միսն է: Գնում է մենամարտի ու պարտվում է: Եվ երբ պարտությունից հետո մտովի վերադառնում է մենամարտի այն վայրկյաններին, երբ հակառակորդը մի կերպ, հազիվհազ ոտքի վրա էր, երբ ընդամենը մի վայրկյան էր իրեն բաժանում բաղձալի հաղթանակից, արի ու տես, նոկաուտի է ենթարկվում: Եվ դառնորեն եզրակացնում է` մի կտոր միսն ավարտին կհասցներ գործը: Ահա` ինչ էր պակասում իրեն, ահա` ինչի պատճառով կորցրեց հաղթանակը:

Հայաստանում այնպիսի դրություն է, երբ հասարակության պարտության պատճառը եւ իշխանության` հաղթանակի գալու մոտիվը նույնն է` մի կտոր միս: