Ուժեղ եւ երկարատեւ ձյան, ինչպես նաեւ` գծերի վրա 3 մետր բարձրության հասնող ձնակույտերի առաջացման պատճառով` մարտի 5-ի գիշերը ժամանակավորապես դադարեցված էր երկաթուղային հաղորդակցությունը Ջաջուռ-Մայիսյան հատվածում: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից news.am-ին հայտնել են, որ արդյունքում, մարտի 4-ի ժամը 22:35-ին «Երեւան» կայարանից մեկնած եւ մարտի 5-ի ժամը 02:00-ին «Գյումրի» կայարան ժամանած Երեւան-Թբիլիսի գնացքի 45 ուղեւորները ստիպված էին գիշերել վագոններում: Ուղեւորներն, ըստ ընկերության, ապահովված են եղել բոլոր անհրաժեշտ պարագաներով, իսկ վագոնները լրացուցիչ ջեռուցվել են: Առայժմ դադարեցվել են ուղեւորությունները, եւ երեկվա համար տոմս ձեռք բերած ուղեւորները տոմսերը ետ էին վերադարձնում: Ընկերության հաղորդմամբ` իրենք ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները երկաթուղային գծերի մաքրման եւ գնացքների բնականոն չվացուցակի վերականգնման համար: