«Ա1+»-ի փոխանցմամբ` նախօրեին թալանել են երգահան Ռուբեն Հախվերդյանի` Վանահովիտ գյուղում գտնվող տունը: Երգահանը «Ա1+»-ին տեղեկացրել է, որ բնակարանից տարել են «մի հատ տելեվիզր, պատի ժամացույց, ափսե-մափսե»: Նա նաեւ տեղեկացրել է, որ ամառանոցում այժմ քննչական աշխատանքներ է իրականացնում Ոստիկանությունը. «Ես իրանց ասի` գուցե բան չանե՞ք, բայց դե որ բռնեն (գողերին.- խմբ), իրանց վրա պլյուս ա գրվում»: Ոստիկանություն դիմել է ոչ թե Ռ. Հախվերդյանը, այլ` իր ամառանոցի պահակը: Երգահանը ենթադրում է, որ թալանողները «մոտակա գյուղերի երեխաներն են. մի բանը պակաս ա եղել տղերքի»: «Շատ արժեքավոր բաներ չեն տարել»,- ասել է նա` հավելելով, թե հարկ եղած դեպքում ինքը Ոստիկանությանը կամ դատարանին կխնդրի գողերի հանդեպ խիստ չլինել: «Մի երկու անգամ ըտենց դեպք եղել է, իմ հետ չէ, իմ ընկերների, գնացել եմ դատավորների մոտ, խնդրել եմ չնեղացնել էդ տղերքին»,- ասել է նա: