«Ժառանգություն» կուսակցության երեկվա համագումարում, շատ այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ միասին, մասնակցում էր նաեւ վերջերս «Օրինաց երկրից» դուրս եկած պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը: Վերջինս նաեւ խորհրդարանում բավականին ակտիվ ու մտերմիկ շփումներ ունի «Ժառանգության» պատգամավորների հետ: Որոշ տեղեկությունների համաձայն` Գ.Բաղդասարյանն առաջիկա ընտրություններին կարող է համագործակցել «Ժառանգության» հետ` լինել այդ կուսակցության համամասնական ցուցակում կամ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել եւ ստանալ «Ժառանգության» աջակցությունը: Պատգամավորը երեկ մեր թղթակցի հետ զրույցում չի բացառել «Ժառանգության» հետ իր համագործակցությունը` նշելով, թե բոլոր հարցերի պատասխանները պարզ կդառնան մարտի 15-ից հետո: Ի դեպ, խոսակցություններ կային նաեւ, թե Գ.Բաղդասարյանը կարող է անդամակցել ԲՀԿ-ին, եւ այդ ուղղությամբ ակտիվ աշխատում է ԲՀԿ անդամ, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: Գ.Բաղդասարյանը, սակայն, երեկ մեր թղթակցի հետ զրույցում բացառել է ԲՀԿ-ին անդամակցելու հնարավորությունը: