Հեշտ չի լինելու

03/03/2012

«Կա պատճառ, որը մեր տարածաշրջանին խանգարում է զարգանալ` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,- երեկ Բաքվում անցկացվող` Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների «ուղեղային կենտրոնների» համաժողովում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` կրկին հիշեցնելով ԼՂ-ի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը եւ խոսելով «երկակի չափանիշների» մասին: Ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը` Մամեդյարովն ասել է, թե «ցավոք, բանակցություններում առաջընթաց այդպես էլ ձեռք չի բերվել»: Պատճառը, ըստ նրա, «Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումն է», որը նպատակ ունի տարածաշրջանում պահպանել ստատուս-քվոն: «Ես հասկանում եմ, որ երբ սկսվում են ընտրություններ, երբեմն դժվար է բանակցություններ վարել: Ընտրություններ են մոտենում Հայաստանում: Հեշտ չի լինելու, սակայն մենք պատրաստ ենք օգտագործել բոլոր հնարավորությունները` չձգձգելու համար խաղաղ բանակցությունները եւ համաձայնության ձեռքբերումը»,- ասել է նա: