«Ժառանգությունն» ընդունեց «Նոր Հայաստանի բանաձեւը»

03/03/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Կառավարության Նիստերի դահլիճում երեկ համագումար անցկացնելու հերթը «Ժառանգություն» կուսակցությանն էր: Նախընտրական այս շրջանում խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն իրար հետեւից համագումար են անցկացնում, խոսում են իրենց ծրագրերից, անելիքներից, Հայաստանում գոյություն ունեցող իրավիճակից:

Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ծավալուն ելույթում երեկ անդրադարձավ Հայաստանի քաղաքական ու տնտեսական գրեթե բոլոր ոլորտներին` հայ-թուրքական հարաբերություններ, ԼՂՀ հիմնախնդիր, Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված, բայց Սահմանադրական խորհրդի կողմից հակասահմանադրական ճանաչված ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, եւ այլն: Նա հայտարարեց, թե ԼՂՀ կարգավորման հիմքում ընկած Մադրիդյան սկզբունքներն իր ղեկավարած կուսակցության համար ընդունելի չեն, եւ, որ Արցախն ինքը պետք է որոշի, թե ինչ է ուզում: «Եվ արդյո՞ք Արցախի հարցը միայն ցատկահարթակ է, որ Ստեփանակերտի ազգընտիրները գան Երեւան»,- ասաց Ր. Հովհաննիսյանը: Անդրադարձավ կրթության, առողջապահության, գործազրկության խնդիրներին, բանակում տեղի ունեցող սպանություններին, արտագաղթին ու սեփականության իրավունքի ոտնահարմանը:

Ր. Հովհաննիսյանի խոսքով, երկրի պետական պաշտոնյան պետք է զուսպ լինի, ապրի ժողովրդի նման եւ բարելավի աղքատների կյանքը: Ր.Հովհաննիսյանին մտահոգում է նաեւ Հայաստանի արտաքին պարտքի չափը: Պարտքի բեռը շուտով կմոտենա 4 մլրդ դոլարին եւ կկազմի ՀՆԱ-ի 50 տոկոսը, եւ այդ պայմաններում արտերկիր գործուղման մեկնելիս պարտադիր չէ, որ պաշտոնյաներն իջեւանեն թանկարժեք հյուրանոցներում եւ շրջեն շքեղ ինքնաթիռներով: «Մենաշնորհները պետք է վայր իջնեն, ստվերայնությունը` նույնպես, պետք է օրենքով լցվի մեր պետական բյուջեն: Փոքր բիզնեսին պետք է օգնել, պետք է մրցակցության հնարավորություն տալ: Մեր գյուղացիներին պետք է օգնենք ոչ թե նախընտրական խաղ ու պարով, փուչիկներով, այլ անենք այնպես, որ մեր շարքային քաղաքացին ունենա սուբսիդիա, հնարավորություն, բայց ոչ երբեք` ողորմություն: Հայաստանում կայացած կուսակցապետությունը պետք է վերածվի սահմանադրական պահանջ հանդիսացող Հայաստանի Հանրապետության, ոչ թե կուսակցապետության, եւ կառավարիչները պետք է հաշվետու լինեն հասարակության առաջ»,- հայտարարեց նա:

Ր.Հովհաննիսյանը նաեւ դրական գնահատեց քաղաքական ուժերի համագործակցությունը եւ նշեց, որ այդ համագործակցությամբ պետք է ոչ միայն ձեւավորվի իշխանափոխության համակարգ, այլ նաեւ ամբողջ համակարգի որակը փոխվի: Նա նաեւ հայտարարեց, որ երկարատեւ հեռանկարային շարունակություն կունենա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ իրենց համագործակցությունը: Ընդհանրապես երեկվա համագումարի ժամանակ, բայց համագումարից դուրս լրագրողների ու քաղաքական գործիչների համար բավականին ինտրիգային էին «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» համագործակցության, հնարավոր նախընտրական դաշինք կազմելու եւ ընտրություններին միասին մասնակցելու հարցերը: Ինչպես հայտնի է, այս կուսակցությունները նշված հարցերի շուրջ արդեն բավական երկար ժամանակ քննարկումներ են ունենում: Երեկ երկու կուսակցությունների ղեկավարներն էլ իրենց ելույթներում անդրադարձան իրենց համագործակցության հնարավորությանը: Իր ելույթում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ իրենք «Ժառանգության» հետ երկար ճանապարհ ունեն անցնելու: «Ժառանգությունն» ի վիճակի եղավ նոր արժեհամակարգ ներմուծել քաղաքական մշակույթ: «Ժառանգությունը» եղավ պայքարի կիզակետում, եւ նրանք, ովքեր փորձում են նվազեցնել «Ժառանգության» դերը, դա անում են չարամտությունից դրդված»,- հայտարարեց Խ. Քոքոբելյանը: Նա շեշտեց, որ Հայաստանը մտնում է մի նոր փուլ, որը սկսվում է խորհրդարանական ընտրություններով եւ կավարտվի ավելի ուշ: «Սա պատմական մի փուլ է, որը կարող է Հայաստանը տանել դեպի նոր իրողություն: Հայաստանը մտնում է մի նոր փուլ, որը կսկսվի ԱԺ ընտրություններով: Այս ընտրությունները կարեւոր են այն առումով, որ հնարավորություն կստեղծվի Հայաստանը տանել ողջամիտ ճանապարհով, սակայն նախագահական ընտրություններով է որոշվելու ՀՀ նոր ուղղությունը»,- հայտարարեց Խ. Քոքոբելյանը` ավելացնելով, որ «Ժառանգությունն» ի վիճակի է նոր մշակույթ ներմուծել քաղաքականություն, իսկ «Ազատ դեմոկրատները» «Ժառանգության» հետ պատրաստակամ են միասին հանդես գալ բոլոր խնդիրների բարձրաձայնման շուրջ: Նրա կարծիքով` բոլոր այն ուժերը, ովքեր հետաքրքրված եւ մտահոգ են Հայաստանի ճակատագրով, պետք է կարողանան միասնական գործել եւ զերծ մնալ անձնական հավակնություններից: «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» ղեկավարները երեկ չմանրամասնեցին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին կոնկրետ ինչ ձեւաչափով են մասնակցելու, իրենց համամասնական ցուցակն ինչպես է կազմվելու, ով է լինելու առաջին հորիզոնականում, կամ մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելո՞ւ են: Ր.Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ եւ նման բոլոր հարցերը կորոշեն մարտի 18-ի կուսակցության խորհրդի նիստում, իսկ Խ.Քոքոբելյանն էլ ավելացրեց, թե բոլոր հարցերի պատասխանը կտա իրենց կուսակցության համագումարը, որը տեղի կունենա մարտի 11-ին: Նշենք, որ «Ժառանգության» համագումարին մասնակցում էին խորհրդարանական ու արտախորհրդարանական գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչները, բացառությամբ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի: ՀՅԴ-ից համագումարին ներկա էին Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ից` Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Զ.Սարգսյանը, Արշակ Սադոյանը, Ազատ Արշակյանը, ԲՀԿ-ից եկել էին Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը, ներկա էր նույնիսկ մարքսիստ Դավիթ Հակոբյանը, ու այլք: «Ժառանգության» համագումարին, բացի Խ. Քոքոբելյանից, ներկա էին նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության այլ անդամներ` Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Մասիս Այվազյանը, Գառնիկ Գեւորգյանը: Համագումարում ելույթ ունեցավ նաեւ ՀՀՇ եւ ՀԱԿ նախկին անդամ, նախկին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը, ով հասարակության ու իր համար բարձր գնահատելով «Ժառանգության» գործունեությունը` շնորհակալություն հայտնեց դրա համար: «Ժառանգության» պատգամավորներն աչքի ընկան ոչ միայն ակտիվ եւ նախաձեռնող խորհրդարանական գործունեությամբ, այլեւ քաղաքացիական սկզբունքային ու ազնիվ դիրքորոշմամբ, ճնշվող եւ հալածվող քաղաքացիների շահերի անվարան պաշպանությամբ, երկրում իշխանությունը բռնազավթած ռեժիմի կատարած ապօրինությունների դեմ պայքարով: Նշածս բոլոր հատկանիշները ամենավճռական ձեւով դրսեւորվեցին արդեն 4 տարվա վաղեմություն ունեցող, բայց մինչ այժմ բաց վերքի պես արնածորող, մարտիմեկյան դեպքերի հետ կապված: Թե՛ որպես վայրագ հարձակման ու գնդակոծման ենթարկված խաղաղ ցույցի մասնակից, թե՛ որպես նախկին քաղբանտարկյալ եւ թե՛ որպես հետագայում ձեւավորված «Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների կոմիտեի» անդամ` իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեր կուսակիցներին` իրենց արդար, սկզբունքային դիրքորոշման ու անձնվեր գործունեության համար»,- հայտարարեց Ռուբինյանը: Վերջինս անդրադարձավ նաեւ առաջիկա քաղաքական զարգացումներին. «Գաղտնիք չէ, որ ես, ինչպես եւ շատ-շատերը մեր երկրում, ողբերգական եւ կործանիչ համարելով մեր հայրենիքի ներկա անազատ վիճակը եւ անփառունակ ընթացքը, տենչում ենք արագ, հեղափոխական փոփոխությունների մեր երկրում: Ցավոք սրտի, շրջադարձային փոփոխությունների հնարավորությունը, կարծես թե, բաց է թողնված, եւ այս պահին ստիպված ենք վերադառնալու դանդաղ, էվոլյուցիոն զարգացման տարբերակին, ինչը ենթադրում է ոչ պակաս համառ պայքար` հանուն ազատականության ու ժողովրդավարության մեր ընդհանուր գաղափարները կյանքի կոչելու, հանուն մեր գաղափարակիրների կշիռը խորհրդարանում ավելացնելու: Այս առումով ինձ համար միանշանակ ողջունելի է «Ժառանգության» սկսած համագործակցությունը մեկ այլ ազատական ուժի` նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ: Հույս ունեմ, որ ընդհանուր լեզու կգտնվի, եւ շատերի համար սպասելի ազատական նախընտրական դաշինքը կկայանա, ու համախոհներին չեք կանգնեցնի ծանր երկընտրանքի առջեւ»,- հայտարարեց Կ. Ռուբինյանը: Լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» համագործակցությանն անդրադարձավ նաեւ վերջինիս ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը: Նա կարծիք հայտնեց, որ դաշինքով մասնակցելու դեպքում իրենք չեն ունենա 7 տոկոսը հաղթահարելու խնդիր, քանի որ իրենք «պայքարելու են հաղթելու համար, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, ովքեր փորձում են ինչ-որ տեղեր մտնել»: «Երբ քաղաքական գործընթացը սկսվում է, շատերի մոտ թերահավատ մոտեցում է լինում: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտնում էր քաղաքական գործընթացի մեջ, նույն թերահավատությունը կար, շատերը քմծիծաղ էին տալիս, թե ինչ-որ բան կլինի, բայց ինչ-որ բան եղավ: Հիմա գրեթե այդ նույն քաղաքական թիմի հիմնարար սկզբից, գործընթացը տարած մարդկանցից մի զգալի հատված այստեղ է, հավատացած եղեք, որ նոր անակնկալներ կլինեն»,- ասաց Արարատ Զուրաբյանը: Համագումարի ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ուշադրություն հրավիրեց իրենց եւ «Ժառանգության» համագործակցության ամենաթարմ օրինակի վրա: Խոսքը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցում կատարելու համատեղ օրենսդրական նախաձեռնության մասին էր: Վ.Հովհաննիսյանը շեշտեց, որ իրենց այդ նախաձեռնությանը միացել էր ընդդիմադիր ողջ դաշտը: «Մեզանից կախված ամեն ինչ պետք է անել, որպեսզի հաջորդ ընտրություններից հետո ժողովրդի համար պոռթկալու պատճառ չլինի, իսկ պատճառ չի լինի, եթե մենք հաղթենք, որովհետեւ այլ տարբերակ մենք չունենք: Եթե իշխանությունը ներկայացնող ուժը իսկապես հաղթի, մենք կողջունենք, բայց ես խիստ կասկածում եմ, որ երկրի այս վիճակում այդ ուժը կարող է օրինական ճանապարհով հաղթել: Ուրեմն, մենք պետք է հաղթենք կամ պետք է թույլ չտանք, որ մեր հաղթանակը գողանան»,- հայտարարեց Վ.Հովհաննիսյանը:

Համագումարը ընդունեց «Նոր Հայաստանի բանաձեւը» եւ որոշեց «կոչով դիմել ազգային-ժողովրդավարական ուժերին ու քաղաքացիական ողջ հանրությանը` կատարելու համարձակ եւ համատեղ քայլեր շոշափելի համախմբման ուղղությամբ` օգտագործելով հնարավոր բոլոր ուղիները` ընտրությունից մինչեւ հրապարակային միասնություն»: