Փորձանքների եւ հնարավորությունների տարի

03/03/2012

«Ի դեմս առաջիկա խորհրդարանական ընտրությունների` Հայաստանին հերթական փորձությունն է սպասվում, ինչ-որ իմաստով` փորձանքների փուլ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀԱԿ-ի մաս կազմող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: «Քաղաքական բոլոր ուժերը պատրաստվում են ԱԺ ընտրություններին, իշխանությունը, ի դեմս վարչապետի, սկսել է մարզից մարզ շրջել: Իսկ ահա ՀԱԿ-ը երեկվա հանրահավաքից հետո սկսելու է հրապարակային գործունեություն ծավալել, քանի որ այս ընտրություններն էականորեն տարբերվելու են բոլոր նախորդներից` մրցակցությունն առավելագույնն է լինելու»,- ասել է նա: Ըստ Մակեյանի, ի դեմս ՀԱԿ-ի եւ մնացած բոլոր ընդդիմադիր ուժերի` մրցակցությունը առաջ է բերելու լուրջ իրավիճակ: «Իշխանություններն այս ընտրություններին պատրաստվում են նախագահական ընտրությունների համատեքստում: Դրա մասին է վկայում նաեւ այն, որ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորում է Սերժ Սարգսյանը,- ասել է նա ավելացնելով,- Եթե մարդիկ այսքանից հետո գնալու են եւ 5000 դրամով վաճառելու են իրենց ձայնը, ապա նրանք խնդիր ունեն: 2012թ. հնարավորության տարի է: Մեզ այս պահին ինչ-որ բան փոխելու հնարավորություն է ընձեռված: Իսկ իշխանությանը դա մինչ օրս չի հաջողվել: Երկիրը պետք «շողուլի» գա, որ ամեն քաղաքացի իր գործունեության ոլորտում ազատ լինի: Երբ լսում ես Սերժ Սարգսյանի ելույթները, չես կարող չհամաձայնվել նրա որոշ մտքերի հետ: Բայց մեզ գործ է պետք, ոչ թե խոսքեր»: Ըստ «Ժողովրդավարական Հայրենիքի» նախագահի` իշխանությունները Մարտի 1-ի դեպքերից քաղաքական դաս չեն քաղել: «Միաժամանակ, խոսակցությունները, թե ՀԱԿ-ում տարաձայնություններ կան, իրականությանը չեն համապատասխանում,- ասել է նա` ավելացնելով,- ՀԱԿ-ին երկպառակություն վերագրել չի կարելի: Իսկ եթե ազնվորեն խոսենք, ցանկացած կուսակցության մեջ խնդիրներ կան, էլ ուր մնաց` 18 կուսակցություններից եւ անկուսակցականների մեծ բանակից կազմված ՀԱԿ-ում ոչ մի հարց չլինի»,- ասաց Մակեյանը: Նրա համոզմամբ, ՀԱԿ-ն այս ընտրությունները պետք է օգտագործի` որպես երկրում մթնոլորտը փոխելու միջոց, եւ առաջնային խնդիր դարձնի դաշինքը, քաղաքական բոլոր տեխնոլոգիաները օգտագործելով` ժողովրդին բացատրել, որ այն պետք է զերծ մնա ընտրակաշառքներից: «Հրազդանում ամբողջ օրը մի տեղամասում եմ եղել: Ներսում ամեն ինչ շատ լավ էր: Ներեցե՛ք, բայց մարդիկ հոտի նման էին գալիս ընտրության` ընտրակաշառքներն արդեն ստացած, ու քվեարկում այն իշխանության օգտին, որից օր առաջ ուզում են ազատվել»,- ասաց Պ. Մակեյանը: