Արդեն մի քանի օր է` լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում կատարվածը: Հիշեցնենք, որ գյուղի դպրոցի աշակերտներից մեկը «Հետք-օնլայն» կայքին հայտնել էր դպրոցում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքը, ըստ որի` դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ազատ Ղուկասյանը, ով նաեւ Հարթաշենի գյուղապետն է, 8-րդ դասարանցիների ֆիզկուլտուրայի դասաժամին երկու դասարանի աշակերտներին տարել է մարզադահլիճ, իսկ 14-ամյա աշակերտուհուն հանձնարարել է իրեն հետեւել: Ըստ երեխաների` գյուղապետը սեռական ոտնձգությունների է ենթարկել աշակերտուհուն, եւ դա, նրանց փոխանցմամբ` առաջին դեպքը չի եղել: Դեպքի առթիվ հարուցվել է քր.գործ` «Ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու» հատկանիշներով: Ընդ որում` նշվել է նաեւ, որ 14-ամյա աղջիկը մտավոր հետամնաց է:
Ի դեպ, երեկ Կրթության եւ գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե մտավոր հետամնացություն ունեցող երեխան կարո՞ղ է սովորել հանրակրթական դպրոցում, վերջինս պատասխանեց. «Երեխաներն ազատ են իրենց դպրոցն ընտրելու գործում, ինչպես նաեւ` կան ներառական դպրոցներ, եւ բացի ներառական դպրոցից, յուրաքանչյուր դպրոց կարող է ընդունել թույլ մտավոր երեխայի»: Հարցին, թե ինչպիսի՞ քայլեր կձեռնարկի նախարարությունը Հարթաշենի դպրոցում կատարվածի առնչությամբ, Ն. Հովհաննիսյանը պատասխանեց. «Քանի որ քրեական գործ է հարուցվել, մենք այդ ժամանակ քայլեր չենք ձեռնարկում: Մենք գիտենք, որ այդ ուսուցիչն այլեւս դպրոցում չէ, քրեական գործ է հարուցվել, եւ հետագայում կիմանանք, եւ նաեւ մեր ենթակայության դպրոց չէ»: Ն. Հովհաննիսյանի փոխանցմամբ` թեեւ դպրոցն իրենց ենթակայության տակ չէ, իրենք շարունակելու են հետեւել զարգացումներին, ինչպես նաեւ` քննարկել երեխայի հոգեբանության վրա դեպքի ազդեցությունն ու նրա հետ աշխատելու ուղիներ գտնելը: Նշենք, որ երկու օր առաջ, ըստ «Հետք-օնլայն»-ի` աղջնակը դեպքի որոշ մանրամասներ պատմել է հոգեբանին եւ դատաքննիչին, իսկ գյուղապետ Ա. Ղուկասյանն իրար է «խառնվել»` դատաբժշկի եւ ռենտգենոլոգի մոտ գնալով, օգնություն խնդրելով նաեւ Սյունիքի մարզպետից: Վերջինս, ըստ տեղեկությունների` հրաժարվել է գյուղապետին օգնել: Նույն կայքի հաղորդմամբ` այս օրերին Ա. Ղուկասյանի կինն ու մտերիմները փորձում են տարհամոզել դպրոցի աշակերտներին, որպեսզի հերքեն իրենց կողմից հնչեցված մեղադրանքները: Օրեր առաջ մեզ հետ հեռախոսազրույցում Ազատ Ղուկասյանը շատ կցկտուր պատասխաններ էր տալիս մեր հարցերին, եւ խուսափում էր անգամ տվյալ դեպքի հետ որեւէ առնչություն չունեցող հարցերից` սպառնալով, որ իր դեմ հոդվածներ հրապարակող լրագրողները պատասխան են տալու, եւ դեռ ավելին` պարտավորվելու են գյուղապետի «անմեղսունակության» մասին գրել: Երեկ որոշ հարցեր պարզաբանելու նպատակով կրկին զանգահարեցինք Հարթաշենի գյուղապետին, ով, սակայն, այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Իսկ ստորեւ ներկայացվածն օրեր առաջ տեղի ունեցած` գյուղապետի հետ մեր հեռախոսազրույցն է:
– Ձեր անվան հետ անմիջականորեն կապում են 14-ամյա աշակերտուհու բռնաբարությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք իրավիճակը:
– Լսում եմ: Էդպիսի բան չկա, էդպիսի արտահայտություն չանեք:
– Այդ դեպքում ինչո՞ւ են տարածվել այդ լուրերը:
– Լուրերը հազար ձեւով կարող են տարածել, բայց ես հերքում եմ: Դա շանտաժ է, զրպարտություն է իմ դեմ: Քննություն է գնում, ամեն ինչ կպարզվի: Փորձաքննության են ուղարկել, փորձաքննությունից հետո ամեն ինչ կպարզվի, եւ ես ինքս դիմելու եմ ձեզ, որ էն, ինչ անում են իմ դեմ, դրա հակառակ պրոցեսը ես կասեմ` գրեք:
– Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված այդ «շանտաժը» Ձեր դեմ։
– Չեմ կարա ասեմ` ինչով ա պայմանավորված: Կարող է ինչ-որ հարցեր կային, դուրս ա եկել, եւ դրանով էլ մարդիկ հետաքրքրվում են: Էդ ա, ուրիշ բան չկա: Ես հերքում եմ բոլոր լուրերը, ոչ մի բան չկա եւ չի էլ կարող լինել:
– Նշվում է նաեւ, որ աշակերտուհու հետ կատարվածն առաջին դեպքը չի եղել:
– Դե, եթե առաջինը լինի, երկրորդն էլ կլինի: Տենց բան չկա: Ես ասում եմ, Դուք նորից ասում եք: Էսօր ինձ արդեն հազար հոգի զանգել են: Ես էլ եմ, չէ՞, մարդ:
– Իսկ ընտանիք ունե՞ք:
– Այո:
– Քանի՞ երեխա ունեք:
– Դե դա Ձեզ ինչի՞ ա հետաքրքրում, թե քանի երեխա ունեմ: 4 երեխա ունեմ: Ավագ տղաս էլ 30 տարեկան է:
– Իսկ վաղո՞ւք եք գյուղապետի պաշտոնը ստանձնել:
– Հա, ես 10 տարի ա` գյուղապետի պաշտոնում եմ:
– Իսկ ո՞ր կուսակցությանն եք անդամագրվել:
– Ես Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ եմ: Շատ վաղուց, 10 տարուց ավել ա` ես էդ կուսակցության անդամ եմ: Ոչ դա թաքցնում եմ, ոչ էլ որեւէ բան եմ անում: Ուղղակի մի բան եմ խնդրում` բոլոր համարներն ինձ մոտ գրանցված են, եթե ստույգ ես ինչ-որ ինֆորմացիաներ ունենամ, Ձեզ անձամբ կասեմ:
– Իսկ քանի՞ տարի է` դասավանդում եք դպրոցում, քանի՞ աշակերտ ունի դպրոցը։
– Համարյա 30 տարի: Դպրոցում կա 100 աշակերտ, իսկ գյուղում կա մոտ 150 տնտեսություն:
Մեր վերջին հարցից հետո գյուղապետն անմիջապես անջատեց հեռախոսը: Երեկ որոշ հարցերի պատասխան փորձեցինք ստանալ նաեւ Սյունիքի մարզպետից, ում հեռախոսահամարը, սակայն, անհասանելի էր, իսկ հասանելի դեպքերում էլ, չգիտես ինչու, մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հեռախոսազանգերին պատասխանում են կա՛մ նրա վարորդը, կա՛մ նրա օգնականները: Ինչեւէ, թե ինչ հանգուցալուծում կունենա ՀՀԿ-ական գյուղապետի դեմ հարուցված քրեական գործը, ինչ պատիժ կստանա նա, խիստ անկանխատեսելի է: