Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Ըստ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության, հանդիպման ընթացքում շարունակվել են քննարկումներն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են հունվարի 23-ին Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության իրագործման ուղիներին: Այդ առումով Է. Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին շրջանում Բաքվից հնչում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին հակասող հայտարարություններ, որոնք հերթական անգամ ապացուցում են, որ Ադրբեջանում լուրջ չեն վերաբերվում իրենց իսկ կողմից ստանձնած պարտավորություններին: