Թբիլիսյան խճուղի 3/2 հասցեում գտնվող հանրակացարանի մի խումբ բնակիչներ բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին, ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Նամակում նրանք բարձրաձայնում են թիվ 9 ուսումնարանին պատկանող հանրակացարանի սեփականաշնորհման գործընթացի հետ կապված մի շարք անօրինականությունների մասին: Նամակում ասված է. «Հայտնում ենք Ձեզ, որ մենք 1990-ական թվականներից ապրում ենք Թբիլիսյան խճուղի 3/2 հասցեում, որը պատկանում էր թիվ 9 ուսումնարանին` որպես հանրակացարան: Վերոհիշյալ շենքը բնակեցված է եղել նաեւ նախկին մանկատան սաներով եւ փախստականներով: Վերջին տարիների ընթացքում կառավարության միջոցներով նրանց մի մասին հատկացվեցին բնակարաններ, իսկ մի քանիսն էլ կապահովվեն առաջիկայում: Մնացած բնակիչներից բոլորն էլ անապահով ընտանիքներ են, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են թիվ 9 արհեստագործական ուսումնարանի հանրակացարանում: Բնակիչների մեծամասնությունը Լամպերի գործարանի աշխատակիցներ էին` իրենց ընտանիքներով, որոնք տարիներ շարունակ աշխատելով գործարանում` գտնվում էին բնակարանի հերթում, եւ հենց գործարանի միջնորդությամբ էլ տեղավորվել են հանրակացարանում մինչեւ բնակարան ստանալը: Ապրելով հանրակացարանում` մենք` բնակիչներս, վարձ ենք վճարել: Առ այդ օրը` 2010թ. նոյեմբեր ամիսը ներառյալ, ամեն ամիս բնակարանի վարձ ենք մուծել` ակնկալելով, որ օրերից մի օր մեր զբաղեցրած անկյունը կսեփականաշնորհենք: Սակայն, երբ նախորդ նախագահական ընտրությունների նախօրեին դիմեցինք ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանին` շենքը սեփականաշնորհելու խնդրանքով` պարզվեց, որ առանց մեր գիտության` «Աշխատանքային ռեզերվներ» ԿՄԸ-ն սեփականաշնորհել է շենքը` այն ներկայացնելով առանց բնակիչների գոյության: Այս ամենից բացի, «Աշխատանքային ռեզերվներ» ԿՄԸ-ի ներկայացուցիչ` իրեն տեր ու տնօրեն հորջորջող Ստյոպա Հարությունյանը ֆիզիկական եւ հատկապես հոգեբանական մեծ ճնշում գործադրելով` բնակիչներից վարձ է հավաքում եւ անիմաստ ու անտեղի վիրավորում բոլորին: Նա սպառնում է տեղահան անել եւ դուրս շպրտել բնակիչներին` բերելով անհայտ ծագման հրամաններ եւ սեփականության փաստաթղթեր, ըստ որոնց` շենքը պատկանում է «Աշխատանքային ռեզերվներին»: Բռնի ուժով եւ սպառնալիքով Ոստիկանության աջակցությամբ նա կարգադրում է պարտադիր վճարել վարձերը եւ մարել իր կողմից հաշվարկած պարտքերը: 2002թ. ուսումնարանի նախկին տնօրեն Պետրոսյանից խաբեությամբ վերցնելով մեր ամբողջ շենքի գլխավոր հատակագիծը` իբրեւ թե շենքի հետ կապված որոշ հարցեր լուծելու համար, նա իր ծանոթի` Քանաքեռ-Զեյթուն կադաստրի պետի տեղակալ ոմն Յուրայի միջոցով իբրեւ թե շենքը սեփականացրել է: Այդ ընթացքում 9-րդ ուսումնարանի տնօրեն Պետրոսյանն, իմանալով նրա կեղծարարության մասին, դիմել էր Արբիտրաժային դատարան: Մենք ունենք նրա այդ կեղծ սեփականաշնորհման վկայականը, որտեղ նշված է անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքը: Այդ փաստաթուղթը նա ներկայացնում է իբրեւ սեփականություն մեր շենքի նկատմամբ, որով պահանջում է վարձավճարներ մուծել: Կազմելով անօրինական պայմանագրեր 2 օրինակից` իր իսկ ցանկությամբ որոշելով վարձավճարի չափը, բնակիչներից վարձ է պահանջում եւ ամեն ամսվա համար հավաքում է ավելի քան 110.000 դրամի չափով գումար, եւ դա արվում է 12 տարի շարունակ: Արդեն 1 տարի 4 ամիս է` մենք հրաժարվել ենք վճարել վարձերը: Մեր շենքը բաղկացած է 4 հարկից: Մենք` բնակիչներով, զբաղեցնում ենք տվյալ շենքի 3-րդ հարկը: Շենքում կան ընտանիքներ, որոնք ունեն բարելավման խիստ կարիք, ուստի խնդրում ենք նաեւ Ձեր միջամտությունը եւ աջակցությունը` շենքի 4-րդ հարկը մեզ տրամադրելու հարցում: Ամբողջ շենքի բնակիչներով խնդրում ենք ստուգել նրա այդ կեղծ փաստաթղթերի առկայությունը եւ ծագումնաբանությունը: Մենք` շենքի բնակիչներս, ունենք 1990-ականներից մեր բնակվարձերի եւ հատկապես լույսի պայմանագրերի ու լույսի վճարների անդորրագրերը: Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերն իսկ արդեն ապացուցում են նրա կողմից իրականացված կեղծարարությունները: Երբեմն մեր մեջ կասկած է առաջանում. մի՞թե մենք մեր հայրենիքում ենք ապրում, որտեղ պետք է պաշտպանված լինեն յուրաքանչյուրիս տարրական իրավունքները: Ուստի խնդրում ենք Ձեր աջակցությունը` պաշտպանելու մեր եւ մեր երեխաների` մեր հայրենիքում օրինական ապրելու իրավունքը»:
Թբիլիսյան խճուղի 3/2 հասցեում գտնվող հանրակացարանի մի խումբ բնակիչներ