Կենդանաբանական այգու տնօրենը 70 տարիների բեռը թեթևացնում է հրազենով

03/03/2012

Մեր խմբագրությունն էլեկտրոնային հասցեով նամակ է ստացել, որտեղ բարձրաձայնվում են Երեւանի կենդանաբանական այգում սատկող կենդանիների մասին մի շարք մտահոգություններ: Հոդվածի հեղինակը ստորագրել է կեղծանունով` «Տարզան», սակայն նամակում նաեւ պարզաբանում է, թե ինչու է նախընտրում գաղտնի մնալ:

Փետրվարի 29-ն. Արմենիա TV-ի «Բարի լույս Հայաստան» հաղորդման ժամանակ Կենդանաբանական այգու դեռեւս պաշտոնավարման մեկ տարին չբոլորած տնօրենը հայտարարեց, թե, մեջբերում եմ` «70 տարիների բեռը կուտակվել է իմ ուսերին»:

Փետրվարի 20-ին «Շանթի» եթերում հայտարարվեց, որ Կենդանաբանական այգում սատկել է 13 տարեկան ընձառյուծը, որի անկման պատճառը մեկնաբանվեց անազատության մեջ գտնվելու հանգամանքով: Հիվանդ ընձառյուծին քնեցրել են, որպեսզի տեղափոխեն ուրիշ կացարան: Սխալ դոզա ներարկելու պատճառով կենդանին սատկել է: Կենդանու սատկելու պատճառը պետք է ախտորոշվեր Հանրապետական անասնաբուժական լաբորատորիայում, բայց սատկած կենդանին լաբորատորիա չի տարվել անկման պատճառն ախտորոշելու համար: Վայրի կենդանիներն անազատ պայմաններում ավելի երկար են ապրում, քան ազատության մեջ, որը պայմանավորված է կենդանիների` անընդհատ բժիշկների ուշադրության տակ գտնվելու հանգամանքով, նրանք որս անելու տկարության խնդիրներ չունեն, քանի որ ռեժիմով կերակրվում են, ինչպես նաեւ ապահովված են այլ կենդանիների կողմից որս դառնալուց: Վիճակագրական տվյալները փաստում են, որ առյուծներն ազատության մեջ ապրում են 20-25 տարի, իսկ անազատության մեջ` 30 եւ ավելի:

Նույն օրը, սխալ ներարկման պատճառով, այգու «մասնագետները» չեն կարողանում քնեցնել միջազգային Կարմիր գրքում գրանցված Թուրքմենական կուլանին: Արդյունքը եղավ այն, որ կենդանին սթրեսից ճաղավանդակի արանքում կոտրեց ոտքը: Իսկ մաշկամշակ Հրաչը, մեր բնապահպան բնասեր, կենդանասեր` ոմն Մանուկի կարգադրությամբ, հրազենի մեկ կրակոցով գնդակահարում է խեղճ կենդանուն:

Մի՞թե կարելի է Կենդանաբանական այգում կենդանիներին սպանել հրազենով, եւ դեռ խոսում ենք եվրոպական չափանիշների՞ց: Արդյո՞ք սա է ամստերդամյան բժշկությունը եւ հոլանդական բժշկի խորհուրդը: Թեպետ այդ օրը իսկական տոն էր Կենդանաբանական այգու գիշատիչ բնակիչների համար, քանզի վերջիններս վայելում էին գնդակահարված կուլանի թարմ միսն ու արյունը, մինչդեռ վերջին ամիսներին կերակրվում են տավարի գլխով ու հոտած մսեղենով:

Բավական երկար ժամանակ ծանր վիճակում էր գտնվում «Մարկ» անունով սեւաբաշ արու առյուծը, եւ մինչ տնօրենն Արմենիա TV-ի եթերում իր հերթական ռեժիսորա-թատերական դերն էր խաղում, այսօր առյուծը մասնագետների բացակայության պատճառով իր մահկանացուն կնքեց: Վերջին ամիսներին Կենդանաբանական այգում մեծ քանակությամբ կենդանիներ են սատկել, որոնցից, թերեւս, մեկ-երկուսն են բնական անկում ապրել:

Կապիկներ` 3-գլուխ, մանդարինկաներ, կարալինկաներ, մացառախոզ, սպիտակ սիրամարգ, աֆրիկական ջայլամ, կարմիր գայլ, աղվեսներ, թութակ արա, հսկա նապաստակ, սպիտակ կարապ, սեւաթույր կարապ (Դիլիջանում սատկած կարապներից բացի), արծաթափայլ, ոսկեփայլ, արքայական փասիաններ: Բավական հետաքրքրական է այն փաստը, որ կամերունյան այծերը` մոտ 30-40 գլուխ, ամբողջ հոտով տեղափոխվել էին անհայտ ուղղությամբ, իսկ վերջերս` ձմռան ամիսներին, մի քանի անգամ 5-6 գլուխ այծերին սատկած ետ են բերել ու կերակրել կենդանիներին:

Ըստ «մասնագետ» մաշկամշակների եւ «վայրի բնության պահապանների»` ջայլամի մսի մեջ խոլեստերին չկա, եւ միսը դիետիկ է, իսկ սպիտակ սիրամարգերը համապատասխան կարգադրությամբ այս ցուրտ եղանակին դրսում պիտի մնան: Արդյունքն այն եղավ, որ սիրամարգը ցրտահարվեց, իսկ ջայլամին կերան: Հարկ է նշել, որ Կենդանաբանական այգում այլեւս ջայլամ չկա:

Նոր տնօրենի կարգադրությամբ` քանդվել է ինկուբատորը, որի արդյունքում դադարել է թռչունների վերարտադրումը, հետեւաբար` այգու թռչունների համալրման խնդիր է առաջացել: Այգում այսօր իրականացվում է կենդանիների եւ թռչունների ծերացման քաղաքականություն:

Ահա թե ինչպես է պատրաստվում այգու ներկայիս տնօրենը թեթեւացնել 70 տարիների ընթացքում կուտակված բեռը:

Այգում այսօր էլ պահպանվում է տնօրենի եւ աշխատողների միջեւ անհամերաշխության եւ անհամաձայնության մթնոլորտը, քանի որ 70-ամյա Երեւանի Կենդանաբանական այգին հայտնվել է «Անապատացման-կառուցապատման» ծրագրերի ներքո: Հոդվածում անուններ չենք հիշատակում, քանի որ նախկինում անձամբ Երեւանի քաղաքապետին ուղղված դիմումի գաղտնիությունը չպահպանվեց, եւ հայտնվել էր տնօրենի մոտ: Արդյունքում` այգու սրտացավ աշխատակիցների շուրջ 20-30%-ը զրկվեց աշխատանքից:

Ավելորդ չի լինի հավելել, որ շուրջ մեկ տարի է` նորանշանակ տնօրենի խոստումներից ոչ մեկը չի իրականացվել` ո՛չ աշխատավարձերի բարձրացում, ո՛չ լրացուցիչ ներդրումներ, եւ այլն: Ընդհակառակը` այգին բռնել է կենդանիների ծերացման, գլխաքանակի նվազեցման, իսկ հետագայում` անապատացման եւ նորովի կառուցապատման ներկայիս «բնապահպանական» քաղաքականությանը համահունչ ուղին:

Տարզան

Հ.Գ. «168 Ժամը» պատրաստ է տպագրել նաեւ մյուս կողմի` Կենդանաբանական այգու տնօրինության պարզաբանումները` բարձրացված խնդիրների վերաբերյալ: