«Եթե ԲՀԿ-ն ցույց տա, որ իրապես շահագրգռված է ազատ եւ արդար ընտրություններով, ապա նրա հետ համագործակցության լայն դաշտ կբացվի»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նա նաեւ ասել է, որ ՀԱԿ-ը մարտի 1-ին քաղաքական նոր գործընթաց է սկսելու: «Մարտի 1-ին անցկացնելու ենք այս տարվա մեր առաջին հանրահավաքը: Սա տարելիցի, հիշատակի հանրահավաք է լինելու, սակայն կունենա նաեւ լուրջ քաղաքական նշանակություն: Այդ հանրահավաքում ՀԱԿ-ը ներկայացնելու է առաջիկա երկու ամիսների իր գործունեությունը»,- ասել է Մուսինյանը` ավելացնելով, որ ՀԱԿ-ի թիրախը լինելու են Սերժ Սարգսյանի վարչախումբը եւ մասնավորապես` ՀՀԿ-ն: «Կեղծիքների դեմ մոբիլիզացնելու ենք բոլոր ուժերը, աշխատելու ենք բողոքի ալիք բարձրացնելու ուղղությամբ»,- ասել է նա: