10.000 սվի՞ն

28/02/2012

Արդար եւ ազատ ընտրություններ ապահովելու, ավելի ճիշտ` իշխանություններին պարտադրելու նպատակով ՀՅԴ-ն սկսում է կամավորների հավաքագրում: Այդ մասին երեկ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Ըստ նրա, հայ ժողովրդի մեջ կան 2000 կամ 10.000 մարդիկ, ովքեր անշահախնդրորեն կուզենան, որ առաջիկա ընտրություններն իրական լինեն: «Այդ 10 հազար մարդը պետք է պարտադրի արդար ընտրություններ այս երկրում: Մենք նախաձեռնել ենք արդար ընտրությունների կամավորական շարժում, եւ ուզում ենք, այն մարդիկ, ովքեր ժամանակին զենք են վերցրել կամ այսօր էլ կվերցնեն, սահման կերթան հայրենիքը պաշտպանելու, պատրաստ են զոհաբերությունների գնալ այս հայրենիքը պաշտպանելու համար, այդ նույն մարդիկ արդար ընտրություններ պարտադրելու, երաշխավորելու համար կամավոր գրանցվեն»,- ասել է նա: ՀՅԴ-ի նախաձեռնությունը, ինչպես նրանց բոլոր «ազգային ձեռնարկումները», անշուշտ, պայմանավորված է բացառապես ազնիվ մղումներով: Այդուհանդերձ, նույն ազնվությունը ՀՅԴ-ից պահանջում է նաեւ պատասխանել շատ պարզ հարցի` իսկ որտե՞ղ էին իրենք, երբ 2008թ. մարտի 1-ին հասարակության զգալի հատվածը (այդ թվում` նրանք, «ովքեր ժամանակին զենք են վերցրել կամ այսօր էլ կվերցնեն, սահման կերթան հայրենիքը պաշտպանելու») բողոքում էին նույն կեղեքիչների դեմ, ինչի արդյունքում` 10 մարդ սպանվեց: ՀՅԴ-ն այդ ժամանակ այն իշխանության կողքին էր(է՞), որի դեմ այսօր «մահապարտների հավաքագրում» է կատարում: Եվս մեկ հարց, որ կարող է ծագել ՀՅԴ «զորաշարժին» անդամագրվել ցանկացողների մոտ` իսկ ի՞նչ կլինի կամավորների ճակատագիրը, եթե հանկարծ ՀՅԴ վերնախավը ամենավերջին պահին որոշում կայացնի «հանուն ազգային շահի»` պայմանավորվել իշխանությունների հետ: Կարծում ենք` այս հարցերի պատասխանը տալուց հետո Հրանտ Մարգարյանն իր հայտարարած թվերը պետք է լրջորեն վերանայի: