Նախընտրական Հայաստանը վերածվել է իսկական զավեշտի թատրոնի: Այն մթնոլորտը, որում Հայաստանը գնում է դեպի խորհրդարանական ընտրություններ, կարելի է որակել` որպես ծաղր սեփական ժողովրդի նկատմամբ: Քաղաքական, հասարակական քննարկումների օրակարգում հիմնական հարցերից մեկն ապագա խորհրդարանի պատկերն է, որն իշխանության կողմից ուրվագծվում է բոլոր հնարավոր միջոցներով` ամեն օր կամ օրը մի քանի անգամ տարբեր ակումբներում սեփական խոսնակների հնչեցրած «գնահատականներով ու կանխատեսումներով», մամուլում որպես «արտահոսք» հրապարակվող տեղեկություններով, վերջապես, իշխանական սոցիոլոգների «հետազոտություններով»: Ու ամեն ինչի հիմքում ընկած է այն կանխավարկածը, թե իշխանությունը` ի դեմս ՀՀԿ-ի, ապագա խորհրդարանում մեծամասնություն է ունենալու: Ավելի շատ քննարկվում են այդ մեծամասնությունն ապահովելու տեխնիկական հարցերը` քանի տոկոս համամասնականով, քանի տեղ մեծամասնականով, եւ այլն: Արդյունքում` կարծես օդում կախված, բայց բոլորի կողմից ընդունվում է այն իրողությունը, որ իշխանությունը, միեւնույն է, մեծամասնություն է ունենալու մայիսին կայանալիք ընտրությունների արդյունքում: Դրան զուգահեռ` նույն իշխանությունը` ի դեմս Ազգային վիճակագրական ծառայության, հրապարակում է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող տվյալները` պաշտոնապես արձանագրելով, որ, ասենք, աղքատության ցուցանիշը 2008թ. 27.6%-ից 2010թ. հասել է 35.8%-ի, ծայրահեղ աղքատության մակարդակը (այսինքն` փաստացի սոված մարդկանց թիվը) նույն ժամանակահատվածում աճել է 1.4%-ով` կազմելով 3%: Ցուցանիշների շարքը կարելի է շարունակել, սակայն դրանից պատկերը միայն ավելի մռայլ է դառնում: Կրկնում ենք, խոսքը պաշտոնական ցուցանիշների մասին է, որոնք, տարբեր գնահատականներով, իրականից մի քանի անգամ շեղված են: Այսինքն` ի՞նչ է ստացվում` գործող իշխանությունը պաշտոնապես արձանագրում է, որ իր պաշտոնավարման տարիներին Հայաստանում ապրելը դարձել է ավելի անտանելի, որ Հայաստանում աղքատներն ու ծայրահեղ աղքատներն ավելացել են մի քանի անգամ, ու դրանից հետո հայտարարում է, թե մեծամասնություն է կազմելու ապագա խորհրդարանում: Ու այս հայտարարությունները հնչեցվում են «ամենաարդար ու ամենաազնիվ ընտրություններ» անցկացնելու ներքին ու արտաքին խոստումներին զուգահեռ: Սա կարող է ունենալ ընդամենը երկու բացատրություն: Կամ իշխանությունը սեփական ժողովրդին դնում է հայտնի կենդանու տեղը, քանի որ միայն բանականության բացակայությունը կարող է ստիպել մարդուն «քվեարկել», ասենք, ավելի աղքատանալու համար: Հինգհազարամյա իմաստուն, քարից հաց քամող հայ ժողովրդի նկատմամբ ավելի մեծ ծաղր դժվար է պատկերացնել: Կամ` իշխանությունն անուղղակիորեն խոստովանում է, որ «ամենաարդար ընտրություններ» ասելով` պետք է հասկանալ` «ամենաանաղմուկ նկարչություն», այսինքն` ընտրություններում որոշիչ է լինելու ամեն ինչ, բացի ընտրողների ձայնից: Ընդ որում, սա վերաբերում է ոչ միայն ՀՀԿ-ին, այլեւ նրա կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ին (ՕԵԿ-ին արդեն ոչինչ չի վերաբերում), որը հավասարապես պատասխանատվություն է կրում անցած 5 տարիներին Հայաստանում ստեղծված վիճակի համար: Այնպես որ, առաջիկայում ՀՀ իշխանություններն ու հասարակությունը կանգնած են երկու իրարամերժ մարտահրավերների առաջ: Եթե իշխանությունը (կոալիցիան ամբողջությամբ) կարողացավ մեծամասնություն ապահովել ու միաժամանակ աշխարհին համոզել, որ դա տեղի է ունեցել «ժողովրդավարական չափանիշներին համապատասխան», ապա լրջորեն սասանվելու է հայերիս` որպես «իմաստուն ժողովրդի» հեղինակությունը: Հակառակ դեպքում` գործող իշխանությունը կարող է դառնալ փոքրամասնություն, սակայն` արժանապատիվ հասարակության պայմաններում: