Երեկ Երեւանում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ մուտքի վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները, որոնցում հայկական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Ըստ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության, երեկվա նիստին մասնակցել են ՀՀ ԱԳՆ, Արդարադատության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պաշտոնյաներ: ԵՄ պատվիրակության կազմում են եղել Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրինության, Եվրոպական արտաքին գործերի ծառայության եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները: Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր: Այս շրջանակներում ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար, ինչպիսիք են` պաշտոնական պատվիրակության անդամները, գործարարները եւ բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչները, լրագրողները, գիտնականները, դպրոցականները, ուսանողները, եւ այլք: Նախատեսվում է նվազեցնել Շենգենի մուտքի վիզաների գինը եւ կրճատել պահանջվող փաստաթղթերի ցանկը: Իսկ հետընդունման` ռեադմիսիայի համաձայնագրով կարգավորվելու են ԵՄ եւ Հայաստանի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց վերադարձի եւ հետընդունման ընթացակարգերը: Բանակցությունները կշարունակվեն նաեւ այսօր: