«Գյուղապետն աշակերտուհուն բռնաբարել է, բայց շարունակում է մնալ ազատության մեջ»

28/02/2012

Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում: Չորս օր առաջ 8-րդ դասարանցիների միացյալ դասին նա երկու դասարանների աշակերտներին տարել է մարզադահլիճ եւ պատվիրել «խելոք խաղալ»: Իսկ 14-ամյա Կարինեին (անունը փոխված է) նա հանձնարարել է հետեւել իրեն:

«Դա առաջին դեպքը չէ. մի 3 շաբաթ է` այդպես է, ամեն ֆիզկուլտուրայի ժամին կանչել է Կարինեին եւ տարել: Երեխաները կասկածել ենգ Դասընկերուհիներից մեկը, որ շատ ռիսկով աղջիկ է, գնում է ու բանալու անցքով նայում»,- պատմում է Կարինեի հորեղբայրը` Գագիկը: Կարինեի հետ կատարվողը տեսնելով` աղջիկը վազում եւ օգնության է կանչում ուսուցիչներին: Սկզբում «օգնության» է հասնում Ալվարդ Սահակյանը, հետո` Նելլի Գալստյանը, սակայն երկուսն էլ վախենում են դուռը բացել եւ գյուղապետ-ուսուցչի արածը «բացահայտ» տեսնել:

Արդեն երրորդ ուսուցիչը` դպրոցում պատմություն դասավանդող Հովհաննես Բաղդասարյանը, «դեպքի վայրին» մոտենալ ընդհանրապես հրաժարվում է: «Ասում է` ես Ազատի հետ չունեմ, հետը կռված եմ, չեմ էլ ուզում երեսը տեսնեմ,- պատմում է Գագիկը,- Երեխաները նորից դասի չեն մտել: Տեսնելով Կարինեի վիճակը` դուրս են եկել դպրոցի հայաթ ու կանչել` ար-դա-րու-թյուն, ար-դա-րու-թյուն: Մոտ 30 երեխա, ամբողջ գյուղում ձայնը զրնգացել է»:

Գագիկը մանրամասնում է, որ գյուղապետը երեխային բռնաբարել է: Դեպքից հետո աղջիկը կարմրած է եղել, քայլել է օրորվելով: Նա մինչեւ հիմա շատ վախեցած է. «Ով մոտենում է, ասում է` Ազատը եկավ, սպանելու է ինձ, Ազատը եկավ, սպանելու է ինձ: Մենակ էդ 2 բառն է ասում: Որ (Ազատը) ասել է` եթե ասես, սպանելու եմ, իմանում է, թե Ազատն է դուռը բացում-փակում»:

Գագիկի խոսքերով` թե կոնկրետ ի՞նչ է կատարվել, իրենք իմացել են դեպքի հաջորդ օրը: «Գնացի, որ դպրոցի տնօրենին` Սիրուն Մկրտչյանին տեսնեմ, ասացին` գնացել է Գորիս: Մոտեցա ուսմասվարին` Ալվարդ Հայրապետյանին` Դուք գիտե՞ք, թե դպրոցում ինչ է կատարվում, հես ա, սուտկեն լրացել է, բայց մեզ չեք ասել,- պատմում է Գագիկը,- դասատուներն ասում են` մենք շուտ ենք իմացել, մտածել ենք` թող անցնի, գնագ Դե, գյուղապետ է, մի պատառ կոշտ ու կոպիտ ա անում, ասում են` զահլա չունենք, վախենում են»:

Ըստ Գագիկի` գյուղապետ Ազատ Ղուկասյանին կանչել են տուն, որպեսզի անձամբ լսի, թե Կարինեն ինչ է պատմում: Սակայն գյուղապետը տուն մտնելուն պես սկսել է երեխային հրել եւ ասել` «Ես քեզ կանչել էի իմ կաբինետ փարոսի համար, որ տեսնեմ` փարոս ստանո՞ւմ եք, թե՞ չէ»: «Մենք իրան տնից հանեցինք, ասացինք` էսքանից հետո հլը բրթո՞ւմ ես: Զանգեցինք Ոստիկանություն, մինչեւ 1 ժամը եկան, Կարինեին տարան, ուսուցիչների հետեւից գնացող աշակերտին էլ տարան ու պատմության դասատու Հովիկ Բաղդասարյանին»,- պատմում է Գագիկը: Ոստիկանության Լրատվության վարչությունից «Հետքին» միայն հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` «Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու» հատկանիշներով: Այլ հարցի Ոստիկանությունը չի պատասխանում` «նախաքննության շահերից ելնելով»: «Ինքը` գյուղապետը, երկու օր գնաց ստից պառկեց հիվանդանոցում, հիմա էլ փախել ա Երեւան: Իրան չեն բռնել»,- ասում է Գագիկը:

«Հետքի» տեղեկություններով` առաջին անգամը չէ, որ 1964թ. ծնված Ազատ Ղուկասյանի անունը կապվում է նման միջադեպերի հետ: Նա ժամանակին դպրոցի տնօրենն էր եւ, ըստ խոսակցությունների, պաշտոնանկ է արվել աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների պատճառով: Համայնքապետի այս անգամվա զոհը` 14-ամյա աղջնակը, տառապում է մտավոր հետամնացությամբ: Անհասկանալի է, թե ինչո՞ւ Ազատ Ղուկասյանը մինչ օրս կալանավորված չէ: Մի՞թե այս անգամ էլ հանրապետական գյուղապետը անպատիժ կմնա:

hetq.am

Հ.Գ. Ազատ Ղուկասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել է, թե նման բան է եղել` նշելով, որ ինքն առհասարակ երբեւէ սեռական կապի մեջ չի եղել իր աշակերտուհիների հետ:

Գյուղապետի խոսքով` ինքը որեւէ տեղ չի փախել, փորձաքննություններ են անում, բայց դեռ իրեն Ոստիկանություն չեն կանչել: Ըստ կայքի` նա զրույցի պահին Երեւանից Գորիս ճանապարհին էր, փաստաբանի հետ գնում է Գորիս, որպեսզի իր շահերը պաշտպանի:

Հարցին, թե ինչո՞ւ են հենց իր անվան շուրջ նման խոսակցություններ շրջանառվում, Ազատ Ղուկասյանը պատասխանել է, որ իրեն շանտաժ անողներն են խաղում իր բարի համբավի հետ, թշնամիներ ունի, դավադրություն են կազմակերպել, եւ այլն` հավելելով, որ ամեն ինչ պարզ կլինի մի քանի օրից, այժմ ավելին չի կարող ասել: «Համոզված եղեք` ով ինչ ասել ա, գրել ա, պատասխան ա տալու դրա համար»,- կայքին ասել է գյուղապետը` շեշտելով, որ պատասխանատու է իր ասածների համար եւ շարունակելու է դասավանդել դպրոցում:

50-ամյա Ազատ Ղուկասյանը ՀՀԿ կուսակցության անդամ է, ամուսնացած է, ունի չորս երեխա եւ հինգ թոռնիկ:

Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ այդ դեպքի մասին ասեկոսեների մակարդակով լսել է կիրակի օրը եւ երկուշաբթի աշխատանքի գալով` Հարթաշենի դպրոցի տնօրենին հանձնարարել է, որ անկախ նրանից, թե նման բան եղե՞լ է, թե՞ ոչ, այդ ուսուցիչը չպետք է աշխատի դպրոցում: «Ես իրեն ասել եմ, որ եթե նմանատիպ ասեկոսեներ կան, ապա համապատասխան վարչական պատասխանատվության ենթարկեք: Ես չգիտեմ` խոսակցություններն իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ, բայց այդ մարդը դպրոցում աշխատելու իրավունք չունի: Ազատ Ղուկասյանը չի աշխատելու դպրոցում, նույնիսկ, եթե դա չապացուցվի, բարոյական չէ նրա հետագա աշխատանքը դպրոցում: Եթե ինքը աշխատելու է, ուրեմն ես չպիտի աշխատեմ»,- նշել է Կրթության վարչության պետը:

Ի դեպ, ըստ կայքի` Լյուդվիգ Հարությունյանը ճանաչում է Ազատ Ղուկասյանին` որպես «կռված տղա», ազատամարտիկ, եւ երբեւէ վատ բան չի լսել նրա մասին: