Ասում է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը` ընդգծելով, որ մենք կամ պետք է այդ խնդիրը փորձենք լուծել այսօր, կամ էլ` հետագայում ավելի ծանր վիճակում կհայտնվենք
– Հայաստանում առկա բոլոր քաղաքական ուժերը 2007թ. նախընտրական ծրագրերում առանձին հատվածով անդրադարձել էին մեր երկրի դեմոգրաֆիական խնդրին: Գրեթե բոլոր կուսակցությունները խոստացել էին իշխանության գալուց հետո վերացնել այդ բացասական միտումները, կանխել միգրացիան, բարձրացնել ծնելիության մակարդակը` առաջարկելով բնակչության աճին միտված տարատեսակ միջոցառումների իրականացում: Դուք պարբերաբար ուսումնասիրություններ եք կատարում եւ տիրապետում եք ժողովրդագրական ոլորտի խնդիրներին: Արդյո՞ք այս հինգ տարիների ընթացքում այս ոլորտում դրական տեղաշարժ արձանագրվել է:
– Շատ լավ եք նկատել, որ 2007թ. նախընտրական ծրագրերում գրեթե բոլոր կուսակցություններն ունեին այդ դրույթը` որպես առաջնայնություն դարձնել ժողովրդագրությունը եւ բարելավել իրավիճակը: Հայաստանում բոլորը հասկանում են, որ ժողովրդագրությունը, մեղմ ասած` ցանկալի իրավիճակում չէ: Ցավով պետք է արձանագրեմ, որ վերջին 5 տարվա ընթացքում, երբ մենք ունենք 2007թ. հետո աշխատած ԱԺ եւ Կառավարություն` իրավիճակն այնքան էլ չի բարեփոխվել, եթե չասեմ, որ նահանջ է ապրել: Դրա վառ ապացույցը մարդահամարի նախնական տվյալներն են, ըստ որոնց` փաստացի 170.000 մարդ պակաս է բնակվում Հայաստանում:
– Այն դեպքում, երբ ընդունված է մարդահամարի պաշտոնական տվյալներն արժանահավատ չհամարել, քանի որ դրանք մշտապես ուռճացված տեսքով են հրապարակվում:
– Կարծում եմ` «մենք գիտենք, որ ուռճացնում են» ասվածը ճիշտ մոտեցում չէ, քանի դեռ մենք չունենք որեւէ ապացույց, որ դրանք ուռճացվում են: Պետք է նշեմ, որ մենք որոշակի տեխնիկական աջակցություն ենք ցուցաբերել Ազգային վիճակագրական ծառայությանը, հետեւաբար, եթե մենք վերլուծենք ամեն տարվա ուղեւորափոխանցումների ելքի եւ մուտքի տվյալները, հաշվարկենք եւ գումարենք` մոտավորապես կլինի այն թիվը, որը կա: Այսինքն` հասարակ թվաբանական գործողություններ կատարելով` մենք կունենանք այն թիվը, որն իրականում ներկայացվել է: Այնպես որ` ես կողմնակից չեմ տվյալները ոչ արժանահավատ համարելուն: Մենք կարող ենք ենթադրել, բայց եթե չունենք հակափաստարկներ, ուրեմն` անհրաժեշտ է հավատալ այն թվին, ինչ կա, քանի որ դա միակ տվյալն է, այլ տվյալ չունենք: Անդրադառնալով բնակչության խնդրին` պետք է նշեմ, որ, այո՛, մենք ունենք ծերացող հասարակություն: Սա բնական է այն առումով, որ ծնելիության անկման եւ բարձր միգրացիայի տեմպերի հետեւանքով առաջացած խնդիր է: Ծնելիության անկումն իջեցնում է 0-15 տարեկան երեխաների թիվը երկրում, իսկ միգրացիայի հետեւանքով մենք կորցնում ենք ամենաէֆեկտիվ` 19-50 տարիքում գտնվող ազգաբնակչությանը: Բնականաբար, մնում են մեծահասակ մարդիկ. Բնական է, որովհետեւ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո Հայաստանում, ինչպեսեւ աշխարհում կամ աշխարհի եվրոպական մասում մեծ թվով երեխաներ ծնվեցին, այսպես կոչված` «baby boomer»-ները, որոնք հիմա հասնում են 60 եւ ավելի տարիքի եւ մտնում են այդ տարիք: Կյանքի տեւողության երկարելու պատճառով մարդիկ ավելի երկար են ապրում, եւ մեծ քանակությամբ մեծահասակներ ենք մենք ունենում: Հայաստանում այսօր մենք ունենք մոտավորապես 13% մեծահասակ` 60 եւ ավելի տարիքի: Հինգ տարի հետո դա կմոտենա 20%-ին, ինչը շատ մեծ թիվ է, քանի որ 9%-ից ավելին արդեն ենթադրում է, որ երկիրը ծերացող է: 12%-ից ավելին արդեն ծերացած է: Այսօրվա դրությամբ մենք ունենք իսկապես ծերացած ազգաբնակչություն: Դրա հետեւանքները, կարծում եմ` բոլորիս է պարզ: Պետության ուսերին դրվում է շատ մեծ սոցիալ-տնտեսական բեռ, եւ նա պետք է կարողանա ինչ-որ ձեւով պահել իր մեծահասակներին, ծնողներին կամ իր 60 եւ ավելի տարիք ունեցող ազգաբնակչությանը: Պետք է նշեմ, որ ծնելիության անկումն էլ ուներ իր օբյեկտիվ պատճառները: Մինչեւ 1980-ականների վերջերը մենք ունեինք Հայաստանում ամենաբարձր թվով ծնունդները: Մեր երկրում տարեկան ծնվում էր մոտ 80-82.000 երեխա, ինչը երկու անգամ ավելի է այսօրվա մեր ունեցած ցուցանիշից: Նախկին Սովետական Միության երկրներում, այդ թվում նաեւ` Հայաստանում, տեղի ունեցած փոփոխությունները` տնտեսական անկումը, սոցիալական իրավիճակի բարդացումը, երկրաշարժը եւ շատ այլ նեգատիվ օբյեկտիվ պատճառներ, բերեցին ծնելիության երկու անգամ ավելի անկման: Այսօր ունենք 1,5 երեխա` մեկ կնոջ հաշվով, այսինքն` երկու կին ամբողջ վերարտադրողական կյանքի ընթացքում ունենում են երեք երեխա: Սա է իրավիճակը Հայաստանում, որը շատ մտահոգիչ եւ ցավալի է: 2007թ. մինչեւ օրս իրավիճակը չի բարելավվել: Կցանկանայի շատ կարեւոր մի բան ասել. այո՛, ճիշտ է, այս հինգ տարիների ընթացքում արդյունքներ չունենք, բայց շատ կարեւոր էր, որ բոլոր քաղաքական կուսակցությունների մոտ տեղի ունեցավ այդ արժեքի գնահատումը: Մենք մինչեւ 2006թ. դեմոգրաֆիայի մասին պետական մարմինների հետ խոսելիս ոչ մի արձագանք չէինք ստանում: Այսինքն` չէին կարեւորում, չէին ընդունում եւ շատ դժվար էին ընդունում: Համարում էին, որ հրատապության հարց չկա, բայց այսօր բոլորն այդ մասին խոսում են, հասկանում են խնդրի լրջությունը: Կա խնդրի հասկացողությունը, ընկալումն ու ամրագրումը, ինչը դրական զարգացում է:
– Ասում եք` իրավիճակը չի բավարարվել, ինչը միանգամայն օբյեկտիվ գնահատական է: Մինչդեռ ամեն օր ոլորտի պատասխանատուների շուրթերից հնչում են ծնելիության մակարդակի ձեռքբերումների մասին հայտարարություններ:
– Ծնելիության գործակիցն ինչպես կար, նույնն է մնացել այս հինգ տարիների ընթացքում:
– Ի՞նչ եք կարծում, կանայք երրորդ երեխա ունենալ չեն ցանկանում` ելնելով սոցիալական վատ պայմանների՞ց, թե՞, այնուամենայնիվ, այլ պատճառներ կան:
– Մենք մի շարք հետազոտություններ ենք կատարել, որից մեկը հայկական ընտանիքների վերարտադրողական վարքագծի փոփոխությունների վերաբերյալ էր: Հարց կար, թե ո՞րն է երկու եւ ավելի երեխա ունենալ չնախընտրելու պատճառը: Սոցիալ-տնտեսական, բնակարանային ոչ բարվոք պայմանները եւ մի շարք այլ պատճառներ զբաղեցնում էին երկրորդ, երրորդ տեղերը: Մեր հարցման արդյունքներով` մոտ 44%-ի առաջնային պատճառաբանությունը եղել է այն, որ իրենց եւ իրենց երեխաների ապագան այս երկրում չեն տեսնում: Այսինքն` նշված սոցիալ-տնտեսական, բնակարանային դրդապատճառները մղվեցին երկրորդ պլան, իսկ որպես առաջնային հիմնավորում` համարվեց բարոյահոգեբանական ընկճված իրավիճակը, որն առկա է մեր երիտասարդ ընտանիքներում:
– Այսինքն` ձգտո՞ւմ են արտագաղթել եւ որեւէ այլ երկրում ապահովություն գտնելով` երեխա ունենալ:
– Չեն տեսնում իրենց ապագան Հայաստանում: Դա կարող է լինել այլ երկիր գնալու ձգտում, կարող է լինել նաեւ ՀՀ-ում մնալու նպատակ, բայց ավելի երեխաներ ունենալու ցանկություն չունենալ, որովհետեւ վստահ չեն, որ մեկից ավելի երեխային կարող են պատշաճ մակարդակով դաստիարակել, մեծացնել: Այսինքն` ենթապատճառները կարող են տարբեր լինել, բայց հիմնական` 44%-ը, իրենց ապագայի անվստահության պատճառով չի ցանկանում երկու եւ ավելի երեխա ունենալ: Կարծում եմ` խոսուն թիվ է, որպեսզի մեր քաղաքական կուսակցությունները հետագա 5 տարվա համար լուրջ մտածեն եւ նախընտրական ծրագրերում գրված գործողությունները եւ նպատակները փորձեն իրականացնել: Մեկ նկատառում. ճիշտ է` ասում եմ` 2007թ. տեսանելի բարելավում չկա, բայց պետք չէ մոռանալ, որ ժողովրդագրությունն իներցիոն պրոցես է: Եթե այսօր դու որոշում ես մի բան փոխել, ապա դրա հետեւանքը, արդյունքը տեսնում ես 15-20 տարի հետո: Այդ առումով նշեմ, որ Հայաստանում առաջին անգամ 2009թ. ընդունվեց ժողովրդագրության վերաբերյալ ազգային քաղաքականություն: Դա մի փաստաթուղթ է, որը Հայաստանը երբեք չէր ունեցել, եւ փորձում են նաեւ իրականացնել: Մեկ տարի առաջ մենք փոքր հետազոտություն կատարեցինք, թե ինչքանով պետական բյուջեի ծախսերը համահունչ են ժողովրդագրության ազգային ռազմավարությանը: Ցավոք, արդյունքներն այդքան էլ լավը չէին, որովհետեւ մենք ունեցանք բյուջեի ծախսերի եւ ռազմավարության առաջնահերթությունների մինչեւ 20% համընկնում: Իրականում շատ քիչ է, եւ նման ձեւով մենք միանշանակ ժողովրդագրություն չենք վերականգնի:
– Այսինքն` ժողովրդագրության ազգային ռազմավարությանն ուղղված միջոցառումներն ավելի մեծ ծախսեր են պահանջում, քան բյուջեո՞վ է նախատեսված: Ուրեմն` անարդյունավետ աշխատանք է:
– Այն մոտ 60 էջանոց համապարփակ փաստաթուղթ է, որը փորձում է տալ իրավիճակի նկարագրություն եւ իրավիճակից դուրս գալու համար առաջարկում է լուծումներ, այդ թվում`երեք հիմնական ուղղություններով` ծնելիության բարձրացման, միգրացիոն հոսքերի եւ ծերացման դեմ պայքարի հետեւանքները մեղմելու վերաբերյալ: Նաեւ կա հավելված, որ մինչեւ 2035թ. պետք է հիմնականում կառավարության կողմից իրականացվեն փաստաթղթում առկա ծրագրերը, որպեսզի ժողովրդագրական իրավիճակը բարելավվի: Ժողովրդագրության ռազմավարությունն ունի որոշակի գործողությունների ծրագիր: Յուրաքանչյուր տարի անհրաժեշտ է իրականացնել գործողություններ, որոնք ֆինանսավորվում են պետբյուջեից: Այդ ֆինանսավորման մասերը` համաչափությունները, լիարժեք չեն համապատասխանում այն ծրագրին, որը դրված է մինչեւ 2035թ. Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը բարելավելու համար: Այս մոտեցմամբ, բնականաբար, մենք չենք ունենա իրավիճակի բարելավում ոչ 15, ոչ էլ 20 տարի հետո: Մեր հետազոտությունը եւս մեկ անգամ հնարավորություն տվեց խնդիրը ներկայացնել պետական մարմիններին եւ ուշադրություն հրավիրել այդ հարցի վրա: Իհարկե, հասկանալի է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով մենք ունեցանք ֆինանսական անկում, իսկ ժողովրդագրության իրավիճակը բարելավելը թանկ հաճույք է, եւ դժվար է այդ ներդրումներն ապահովել, բայց մենք ունենք լուրջ խնդիր. մենք կամ պետք է այդ խնդիրը փորձենք լուծել այսօր, կամ էլ` հետագայում ավելի ծանր վիճակում կհայտնվենք:
– Չե՞ք կարծում, որ պատերազմական գոտում գտնվող երկրի համար ժողովրդագրական խնդիրը թուլացնում է նաեւ ազգային անվտանգությունը:
– Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ աշխարհագրական դիրքում ենք մենք գտնվում, այո՛, դա կարող է լինել ազգային անվտանգության ամենակարեւոր հարցերից մեկը: Կան կանխատեսումներ, ըստ որոնց` մեր բոլոր հարեւանները, բացի Վրաստանից, մինչեւ 2050թ. իրենց ազգաբնակչության մեջ զգալի աճ են ապրելու, իսկ մենք եւ Վրաստանն անկում ենք ունենալու: Դրանք ՄԱԿ-ի Ժողովրդագրական բաժնի կանխատեսումներն են, որոնք ամբողջ աշխարհի կողմից ընդունվում են որպես հիմք` այս բնագավառում իրենց հետագա ծրագրերն իրականացնելու համար: Կարծում եմ` հայաստանյան իրավիճակը մտահոգիչ է:
– Անդրադառնալով արտագաղթի մեծ ծավալներին` ի՞նչ եք կարծում, մասնավորապես երիտասարդական ներուժը Հայաստանից մեկնում է` ելնելով սոցիալական վատ պայմանների՞ց, թե՞ որոշակիորեն նպաստում է մարդու իրավունքի եւ ազատության բացակայությունը, մանավանդ, որ երիտասարդի պայքարը հիմնականում ազատության ձգտումն է:
– Սոցիալական իրավիճակը միանշանակ իր դերն ունի արտագաղթի բնագավառում` գործազրկությունը, աշխատավարձի ոչ բավարար լինելը: Օրինակ` բարձր որակի ինֆորմացիոն տեխնոլոգիայի մասնագետը, ով արտասահմանում աշխատելու հնարավորություն ունի եւ կարող է 3-4 անգամ ավելի եկամուտ ունենալ` Հայաստանում աշխատում է շատ ցածր աշխատավարձով: Ընդհանրապես միգրացիան ավելի լավ կյանք որոնելու հետեւանք է: Սոցիալ-տնտեսական պատճառներից զատ` գոյություն ունի բարոյահոգեբանական դրդապատճառ: Նույնիսկ, երբ քիչ թե շատ ապահով` միջին խավի մարդկանց մոտ տեսնում ենք միգրացիոն տենդենցների նկատմամբ պոզիտիվ մոտեցում ունենալու հանգամանքը` դա մտահոգիչ է: Այսինքն` միայն այն չէ, որ դու ունես բնակարան, աշխատանք եւ այլն. արդյո՞ք մարդը պաշտպանված է իր երկրում, արդյո՞ք դու քո երեխայի ապագայի վերաբերյալ սպասումներ ունես, կարո՞ղ ես ապահովել նրա կրթությունը, որի որակն ու մակարդակը գոհացնում են քո պատկերացումները, եւ այլն: Այնպես որ` այս հանգամանքները, ինչպես նաեւ` սոցիալ-տնտեսական իրավիճակը, բերում են մի խնդրի, որ հայ երիտասարդը շեղվում է դեպի դուրս:
– Կարո՞ղ ենք արձանագրել, որ հայ մարդը դրսում հիմնականում որոնում է իրավունք, քանի որ իր երկրում ի զորու չէ ռեալիզացնել իր սահմանադրական, քաղաքացիական, կրթական, սոցիալական իրավունքը: Այլ կերպ ասած` ապրելու իրավունքը:
– Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում իրավունքի խնդիր կա, բայց անգամ մեր հետազոտություններից չի երեւում` արդյո՞ք արտագաղթելու հիմնական խնդիրն իրավունքն է: Իրավունքի խնդիրն ավելացնում է դրսի ճանապարհը բռնած բանակի անդամների թիվը:
– Օրինակ, եթե թոշակառուն ողջ ամսվա ապրելու համար ստանում է 19.000 դրամ կենսաթոշակ, իսկ պաշտոնապես ամրագրված սպառողական զամբյուղն ավելին է կազմում` չե՞ք կարծում, որ ՀՀ կառավարությունը թոշակառուին զրկում է ապրելու իր իրավունքից:
– Շատ համեմատական բան եք ասում: Փորձենք օբյեկտիվ նայել իրավիճակին. սպառողական զամբյուղը չի համապատասխանում մինիմալ կենսաթոշակին կամ աշխատավարձին: Բայց եթե պետությունն ի վիճակի է տրամադրել այդքան գումարի կենսաթոշակ, ապա ինչքանո՞վ է պետությունը երկրի քաղաքացիների շահերին հակառակ գնում: Դա հատուկ իր քաղաքացուն կյանքի իրավունքից զրկելու համար չի անում: Որտեղ են սկսվում իրավունքները, եւ որտեղ են վերջանում հնարավորությունները` այս սահմանը շատ անկայուն է: Սահմանադրությամբ ամրագրված է, որ մարդն ունի ապրելու իրավունք, բայց Սահմանադրությունը չի ասում, որ պետությունը պետք է չեղած տեղից ստեղծի այդ իրավունքը: Այո, պետք է երաշխավոր լինի եւ չեղած տեղից այդ 19.000-ը տրամադրի: Այնպես որ` հնարավորությունների եւ իրավունքների սահմանը խզված է, եւ դժվար է խոսել խախտումների մասին: