Ռաբիս նախագիծ՝ Նոյի բրենդով

28/02/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մինչ բնապահպան ակտիվիստները պայքարում են Երեւանի Մաշտոցի այգին «բուծիկաշինությունից» փրկելու համար, այս օրերին մի քանի մտավորականներից ու գործարարներից կազմված նախաձեռնող խումբ «Աստվածաշնչի» անվան տակ փորձում է «սղացնել» մի նախագիծ: Խոսքը «Նոյան տապան» պատմամշակութային, գիտակրթական նախագծի մասին է:

Դեռեւս այս տարվա փետրվարի 3-ին «Նոյան տապան» նախագծի քննարկումը կազմակերպել էր Հանրային խորհուրդը: Այս նախագծի քննարկումը եւս ընթացավ «փառաբանենք զմիմեանս» կարգախոսով: Այդ ժամանակ էլ պարզվեց, որ դեռեւս 2011թ. փետրվարին մի խումբ մտավորականներ, գիտնականներ ու գործարարներ ստեղծել են նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել նշյալ համալիրի կառուցման առաջարկով: Ի դեպ, նշենք նաեւ, որ նախաձեռնող խմբի կազմում են ՍՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը, բանաստեղծ Արամայիս Սահակյանը, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, «Հաղթանակ» զբոսայգու գործարար Թորոս Ումրիկյանը, «Արմարե» ընկերության նախագահ, համալիրի կառուցման նախագծի հեղինակ եւ գլխավոր պատասխանատու Մարտուն Հարությունյանը: «Նախագծի հեղինակները նախատեսում են այն կառուցել աստվածաշնչյան Նոյան Տապանի իրական չափերով, բնական նյութերից, եւ այնտեղ տեղադրել Տապանի մարդկային ու կենդանական կազմի կրկնօրինակները, մարդկային կյանքին վերաբերող պատմական ու հնադարյան մասունքներ, փաստաթղթեր, արխիվներ, աշխարհի բոլոր պետությունների դրոշներն ու զինանշանները, թանգարան, սրճարան, հյուրանոց եւ այլն»,- այս «կրեատիվ» գաղափարի մասին կարդում ենք շաբաթներ առաջ Հանրային խորհրդի կողմից տարածված մամլո հաղորդագրության մեջ: 3 տախտակամած ունեցող այս ժամանցային կառույցը զբաղեցնելու է 100.000քմ հողատարածք, ընդ որում` բուն տապանի երկարությունը լինելու է մոտ 133մ, լայնությունը` 23մ, իսկ բարձրությունը` 14մ: Ավելին` առաջարկվում է այդ տապանում տեղավորել մոտ 1000 կենդանիների քանդակ, որտեղ վստահաբար նախաձեռնող խմբի անդամ, քանդակագործ Լ. Թոքմաջյանն իր պատվերը կունենա: Իսկ Նոյի տապանը տեղադրվելու է «Հաղթանակ» զբոսայգու բարձունքին. այնպես, որ տապանի դիմաց լինի Արարատ սարը: Քանի որ այս նախագիծը միակն է, որ հավանության է արժանացել «հանրության» կողմից, փորձեցինք նախագծի առավելությունների մասին խոսել Մարտուն Հարությունյանի հետ: «Առավելությունը ո՞րն ա: Դիրքը, որտեղ որ տեղադրվում է, շատ հարմար ա, մարդաշատ, պատմամշակութային համալիր է: Թանգարանի կողքն ա, մարդաշատ տեղ ա` ի՞նչ ա: Ուղիղ Արարատ լեռան դեմ-դիմաց, ուրիշ ի՞նչ կարող եմ ասել»,- ասաց նա` խորհուրդ տալով նախագծի մասին կարդալ ինտերնետում: Մ. Հարությունյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ներկայացված բոլոր նախագծերից ինչո՞ւ հենց իր ներկայացրած նախագիծն ընտրվեց: «Որովհետեւ մինչեւ հիմա սենց նախագիծ չի եղել: Հանրապետությունում էսպիսի նախագիծ չի եղել: Դրանք բոլորը բիզնես-նախագիծ չեն»,- նշեց «Նոյան տապան» նախագծի հեղինակը: Ի դեպ, սա` այն դեպքում, երբ նախագծում հստակ նշվում է սրճարան, հյուրանոց կառուցելու մասին:

Ըստ նրա` նախագծի իրականացման համար շուրջ 3 միլիոն դոլար արդեն ներդրվել է: Ներդրողներ էին` նախագծի հեղինակ Մ. Հարությունյանը, «Հաղթանակ» զբոսայգու տնօրեն, գործարար Թորոս Ումրիկյանը եւ «դրսից մարդիկ»: Գեղարվեստի կոմբինատի տնօրեն Մ. Հարությունյանը նշեց նաեւ, որ իրենց ծրագիրը բիզնեսի նպատակ չի հետապնդում, այլ տապանի ինչ-որ հատվածում զբոսաշրջիկներին օթեւանելու տեղ են հատկացնելու: «Աշխարհում մի քանի տեղ արդեն սկսել են կառուցել` Հոլանդիայում, Ամերիկայում, Ճապոնիայում, իսկ ինչի՞ չէ` Հայաստանում: Չէ՞ որ էստեղից է մարդկության երկրորդ ծնունդն առաջացել»,- ընդգծեց Մ. Հարությունյանը` մտավախություն ունենալով, ինչպես ինքն ասաց` «բյուրոկրատական» քաշքշուկներից: Իսկ ինչ վերաբերում է ներկայացված այն 4 նախագծերին, «Նոյան տապանի» նախագծի հեղինակն ասաց. «Ոչ մեկը չեն քննարկել, ոչ մեկը չեն ներկայացրել, որովհետեւ արժանի չեն եղել: Իսկ մերն արդեն Հանրային խորհրդի մշակութային բաժինը միաձայն հաստատել է: Երեւի տեղյակ չեք, հա՞»: «Հաղթանակ» զբոսայգու տնօրեն Թ. Ումրիկյանն էլ նկատեց. «Մյուս նախագծերի մասին չի կարող խոսք լինել, մինչեւ չլինեն որոշումները, թույլտվությունները, համաձայնությունը, եւ այսօր նախագծի մասին խոսելը դեռ վաղ է»: Ըստ նրա` Երեւանի Քաղաքաշինության խորհուրդը դեռեւս պետք է իր որոշումը կայացնի, այնուհետ պետք է դիմեն ճարտարապետներին, եւ այլն: «Այսօր ուզում ենք հիմնավորենք, որ Նոյան տապանը մենք ունենք»,- շեշտեց Թ. Ումրիկյանը` նշելով, որ ինքը` որպես հայ, մտադրված է այդ ծրագրում ներդրումներ անել: Նախաձեռնող խմբի անդամ Մ. Տեր-Գուլանյանի փոխանցմամբ` ինքը եւս հավանություն է տվել այս նախագծին: «Ո՞վ է ասում, որ այլ նախագծեր կային: Ես առաջին անգամ եմ լսում: Սա միակ նախագիծն է: Եղել են գաղափարներ, որ իրականացնեն: Մարդիկ ուղղակի ինձ, Սոս Սարգսյանին, Նկարիչների միության նախագահին եւ եւս 3 հոգու հրավիրեցին, նախնական քննարկեցինք նախագիծը: Նոյան տապանն Աստծո նամակն է` ուղարկված հայ ժողովրդին: Ինչո՞ւ մինչեւ հիմա այդ ծրարը բաց չենք անում, թողնում ենք, որ ուրիշներն անեն: Հետո էլ նեղանում ենք, երբ թուրքերը մեր հարիսան ՅՈւՆԵՍԿՕ-ում գրանցեցին` որպես իրենցը: Հետո էլ կասենք` Նոյան տապանի հետ ի՞նչ կապ ունեն թուրքերը: Սա է խնդիրը, եւ մարդիկ ճիշտ տարբերակ են առաջարկում»,- ասաց նա: Իսկ Հանրային խորհրդի Մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանի խոսքով` իրենք միայն այս նախագծի մասին են տեղյակ եղել, որը ներկայացրել է նշյալ նախաձեռնող խումբը:

Զարմանալին այն է, որ նախաձեռնող խմբի անդամները նման մոնումենտալ նախագծի մասին սահմանափակվում են կցկտուր բացատրություններով` այն էլ պայմանավորելով Աստվածաշնչյան լեգենդով: Տպավորություն է, թե այս նախագիծն այլ բան չէ, քան, ասենք, որեւէ զգացմունք չարթնացնող, արհեստական պաթոսով ասմունքի խմբակների վերաբացումը: Ի դեպ, նախագծի հեղինակը մեզ հետ զրույցում նաեւ նշեց, որ «շնորհաշատ մանուկների համար խմբակներ են բացելու», բայց թե խոսքն ի՞նչ խմբակների մասին է` չպարզաբանեց: Անհեթեթ է նույնիսկ կառչել այն գաղափարից, թե աշխարհի մի շարք երկրներում Նոյան տապան են կառուցում, եւ մենք պետք է անհապաղ, ըստ նախագծի` երկու տարվա ընթացքում, մի հսկա ժայռ ստեղծենք` ուրիշներից ետ չմնալու համար: Իսկ այն, որ տապանի կառուցումը կոնցեպտուալ առումով որեւէ բան չի տա, բացի սոցռեալիզմի դերի ամրապնդումից, փաստ է, ինչպես նաեւ այն, որ նախագիծը, կարծես, հավաստում է մեր իշխանությունների ճաշակը: Ուշագրավ է նաեւ նախաձեռնող խմբի անդամների պնդումը, թե բացի այս նախագծից, այլ նախագիծ ներկայացված չի եղել: Երեւանի քաղաքապետարանի «Թեժ» ներդրումային ծրագրեր բաժնում տեղադրված են նաեւ մյուս չորս նախագծերը (www.indiacis.in/Investment_projects.pdf), որոնք շատ ավելի արժանի են կյանքի կոչվելու համար: Վերջիններս գոնե ձեւական կարող էին քննարկման դնել այն 4 ներդրումային ծրագրերը, որոնք ներկայացվել էին իրենց, եւ որոնց հանրությունը ծանոթ է տարբեր կայքերի միջոցով: Եվ այսպես.

«Վիկտորիա այգի»

Այս նախագիծը ենթադրում է 21-րդ դարի համաշխարհային կարգի ժամանցային կենտրոն, որն ունենալու է ամֆիթատրոն, մանկական եւ հասարակական զբոսայգիներ, ատրակցիոններ եւ այլն: Նախատեսված է կառուցել 6 տարվա ընթացքում: Իսկ նախագծի բյուջեն կազմում է 57մլն 805.000 դոլար:

«Նոյ լենդ»

Այս նախագիծն, ի տաբերություն առաջինի, ունի հստակ թեմատիկա եւ որոշակի ընդհանրություններ «Նոյան տապան» նախագծին, ըստ որի` նախատեսված է նաեւ հնամյա քաղաքի կառուցում, հանրախանութներ, ռեստորաններ, որոնք հստակ կոմերցիայի նպատակով են արված: Այս մասին նաեւ ասվում է նախագծում: Իսկ նախագծի գլխամասում նախատեսված է տեղադրել Նոյան տապանը, որի երկու կողմերին կլինեն աշխարհի կրոնները խորհրդանշող հուշարձանները: Ներդրումային բալանսը կազմում է 40միլիոն դոլար:

«Արտ սիթի»

Այս նախագծով նախատեսված է կառուցել ժամանակակից արվեստի թանգարան, կոմերցիոն արվեստի պատկերասրահ, ինչպես նաեւ` արվեստանոցներ եւ առանձնատներ: Բյուջեն 25 միլիոն դոլար է:

«Հյուրանոցային կառույցների նախագծեր»

Այս նախագծի անունն իսկ ենթադրում է, թե ի՛նչ կառույցների մասին է խոսքը: Սակայն այստեղ շեշտադրումը կատարել են հատկապես հյուրանոցային բարձրակարգ սպասարկում ստեղծելու ուղղությամբ: