ՀՀԿ-ի նոր վերնախավը

25/02/2012

Հանրապետական կուսակցությունում, համամասնական ցուցակին վերաբերող հարցերի հետ միասին, այս օրերին քննարկվում է նաեւ կուսակցության գործադիր մարմնի նոր կազմի փոփոխության հարցը: ՀՀԿ-ն իր ԳՄ կազմը հաստատում է 2 տարին մեկ տեղի ունեցող համագումարի ժամանակ: Նույնը կանի նաեւ մարտի 10-ի համագումարի ժամանակ: Իհարկե, մինչեւ համագումարը ԳՄ նոր կազմն արդեն պատրաստ կլինի, որը համագումարի ժամանակ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պարզապես հաստատման կներկայացնի: ՀՀԿ ԳՄ-ից որոշ անդամներ այս անգամ դուրս կմնան, որոնց կփոխարինեն նորերը: Մեր տեղեկություններով` այս անգամ ԳՄ անդամ չի լինի հանրապետությունից բացակայող, ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանը: Հավանաբար ԳՄ-ն կլքի նաեւ Բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը: Ամենայն հավանականությամբ, նրանց կփոխարինեն ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: ՀՀԿ անդամ ԱԺ նախագահները եւ Երեւանի քաղաքապետերը միշտ եղել են կուսակցության ԳՄ անդամ: Հնարավոր է համարվում նաեւ, որ այս անգամ ԳՄ անդամ չլինի նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը: ՀՀԿ-ում առայժմ հարցականի տակ է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հարցը: Չի բացառվում, որ այս անգամ նրանք նույնպես լքեն գործադիր մարմինը, ում փոխարեն կառույցը կհամալրեն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ՀՀԿ փոխնախագահներ Ռազմիկ Զոհրաբյանն ու Գալուստ Սահակյանը, ինչպես նաեւ` ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, հավանաբար, կշարունակեն մնալ ԳՄ անդամ: