Վերջին օրերին իշխանությունների կողմից ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի շրջանակներում այդքան գովազդվող` գյուղացիական տնտեսություններին 43 մլրդ դրամի կուտակված հարկային պարտավորությունները զիջելու նախաձեռնության հեղինակը, պարզվում է` իրականում ոչ թե ԱԺ ՀՀԿ խմբակցությունն է, ինչպես ներկայացվում է, այլ` հենց կառավարությունը: «Սա կարեւորագույն օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջ է քաշել ԱԺ Հանրապետական խմբակցությունը»,- անցած հինգշաբթի օրը խոսելով գյուղատնտեսության ոլորտում պետության զիջած 43 մլրդ դրամի հարկերի, դրա տնտեսական ներուժի եւ ճգնաժամից տուժած գյուղատնտեսության ոլորտի վրա հարկային բեռի նվազման մասին՝ հայտարարել էր ՀՀԿ-ական վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Սակայն ԱԺ կայքի՝ օրենքների նախագծերի բաժնում «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» ՀՀ օրենքի նախագծի ներքեւում նշված է` «Հեղինակ՝ ՀՀ կառավարություն»։ Եթե օրենքի նախագիծը ներկայացնում է ԱԺ խմբակցությունը կամ առանձին պատգամավորներ, ապա կայքում գրվում են նրանց անունները։ Այսինքն, պաշտոնապես նախագծի հեղինակը կառավարությունն է։ Համոզվելու համար բավական է այցելել ԱԺ կայքէջ (http://www.parliament.am/drafts.phpգsel=introduction&lang=arm)։ Իհարկե, հանուն արդարության` նշենք. ԱԺ ՀՀԿ խմբակցությունը դեռ 2009թ. հանդես է եկել նման, բայց միանգամայն այլ նախաձեռնությամբ, որը շատ ավելի համեստ է եղել։ ՀՀԿ-ի հեղինակած «Գույքահարկի գծով հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագիծը վերաբերել է միայն գույքահարկին, ընդ որում՝ ոչ թե մայր գումարներին, այլ միայն տույժերն ու տուգանքները ներելուն։ Սակայն կառավարությունը 2009թ. հավանություն չի տվել այդ օրինագծին՝ առաջարկելով լրամշակել կամ դրա փոխարեն քննարկել մինչեւ 2002թ. կուտակված գույքահարկն ու տույժերը զիջելու հարցը։ Կուսակցական քարոզարշավի պատասխանատուները հավանաբար հիշել են այս նախաձեռնության մասին եւ մի քիչ «ճոխացնելով»` այսօր ներկայացնում են որպես ՀՀԿ նախաձեռնություն:
Իհարկե, կարելի է առարկել, որ մեծ հաշվով տարբերություն չկա, քանի որ կառավարությունն ու ՀՀԿ-ն Հայաստանում գրեթե նույնական են: Ծիծաղելին այն է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը գրագողությամբ է զբաղվել` սեփականաշնորհելով սեփական վարչապետի գլխավորած կառավարության նախաձեռնությունը: Այսինքն` Տ. Սարգսյանի կառավարությունը նախագիծ է ներկայացրել, որը Տ. Սարգսյանի կուսակցությունը «իրենով» է արել, եւ հիմա Տիգրան Սարգսյանի կողմից ներկայացվում է որպես ՀՀԿ նախաձեռնություն: Սակայն սա նշված նախաձեռնության միակ անհեթեթ մասը չէ. «հեղինակային իրավունքի ոտնահարումից» բացի, այն հարուստ է նաեւ այլ հարցականներով։