«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ մենք ականատես չեղանք դեպի խաղաղություն, կառուցողական ընթացք տանող դիրքորոշման»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիեւը` անդրադառնալով ադրբեջանցի պատգամավորների` վերջերս «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերով հանձնաժողովի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Հայաստան կատարած այցին: Նիստի մասնակիցները հանդիպել էին նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Գուլիեւն ասել է, թե հանդիպման ժամանակ լիտվացի պատգամավորը Սերժ Սարգսյանին հարցրել է, թե «ինչպես են պաշտպանվելու ադրբեջանական հողերից վտարված անձանց իրավունքները, Հայաստանի նախագահը, սակայն, խուսափել է պատասխանից»: «Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանին հարց է ուղղվել, թե կարո՞ղ է արդյոք ԼՂ հակամարտության կարգավորման ժամանակային շրջանակ սահմանել, այդ հարցին, ցավոք սրտի, պատասխան չտրվեց»,- ասել է Գուլիեւը: Ադրբեջանցի պատգամավորների` Հայաստան կատարած այցի մասին խոսվել է նաեւ Միլի մեջլիսի երեկ կայացած նիստի ընթացքում: Պատգամավոր Հուդրեթ Հասանգուլիեւը հայտարարել է, թե ինքը դժգոհ է նման այցելություններից: «Որոշ հասարակական գործիչներ, այդ թվում` պատգամավորներ, Հայաստան սկսել են հաճախ այցելել»,- հայտարարել է նա: Մինչդեռ Միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովը բարձր է գնահատել պատգամավորների այցը: «Հենց վերջին այցի ընթացքում առաջին անգամ Հայաստանի խորհրդարանում այդ երկիրն օկուպանտ անվանվեց»,- ասել է Ասադովը: