ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն իր տեսաբլոգում անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Իր ուղերձում Ջ.Հեֆերնը նշել է, որ 20 տարի առաջ` Հայաստանի Հանրապետության անկախացումից կարճ ժամանակ անց` հենց փետրվար ամսին, իր դռները բացեց Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, եւ այդ օրվանից ի վեր ԱՄՆ-ի ու Հայաստանի միջեւ հարաբերություններն ամրացել եւ ավելի են ամրապնդվել: «Երկխոսությունների նման բարձր մակարդակ, այդ թվում` նախագահ Օբամայի եւ նախագահ Սարգսյանի միջեւ, երբեւէ չի եղել: 2010 թ. ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնի այցը Հայաստան փաստում է մեր ամուր բարեկամությունն ու նվիրումը»,- նշել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանը: Անդրադառնալով 2011 թվականին` դեսպանն ընդգծել է, որ բարձրաստիճան այցերի մակարդակը պահպանվել է, ինչի վկայությունն են ամերիկացի պաշտոնյաների հանդիպումները Հայաստանի պետական այրերի, ընդդիմադիր ու իշխող կուսակցության ներկայացուցիչների, խորհրդարանականների ու գործարարների հետ: «Մեր հարաբերությունները խորն են ու համընդգրկուն: ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերով Հայաստանից Միացյալ Նահանգներ է այցելել ավելի քան 3500 մասնակից: Զարգացմանն ուղղված մեր օժանդակությունն ու համագործակցությունը տարիների ընթացքում կազմել է 2 մլրդ դոլար»,- հայտարարել է Ջոն Հեֆերնը` հավելելով, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը ներկայումս համատեղ աշխատում են ընդհանուր նպատակների իրականացման ուղղությամբ: Ըստ դեսպանի` դրանք են ժողովրդավարությունը, բարեկեցությունը, անվտանգությունն ու խաղաղությունը Հայաստանում եւ տարածաշրջանում: