Օտար եւ յուրային

25/02/2012

«ՀՀ-ում սփյուռքահայերի եւ հայաստանցիների համար գործում են նույն օրենքները, եւ որեւէ խտրականություն չի դրվում»,- երեկ սփյուռքահայերի իրավունքների ոտնահարման թեմայով հեռուստակամուրջի ձեւաչափով կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը: «Մենք սփյուռքն ընդունում ենք համասփյուռ հայության կարեւոր մաս եւ նրանց դերակատարությունը թերագնահատել հնարավոր չէ: Սփյուռքահայերը ՀՀ-ում օգտվում են նույն օրենքներից, ինչ հայաստանցիները, նույնիսկ օտարերկրյա ներդրողների համար ավելի լավ պայմաններ են ստեղծում: Նրանք, ովքեր չեն կարողանում իրենց իրավունքները պաշտպանել, իսկ դա օրենսդրությունը չիմանալուց է գալիս, դրա պատճառով իրենց զգում են ոչ հավասար պայմաններում»,- ասել է նա: Քննարկմանը մասնակցող ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արա Նռանյանն էլ ասել է. «Մենք ունենք տնտեսական դաշտի խնդիր: Չի կարելի ասել, որ օտարերկրյա գործարարն ավելի պաշտպանված է, քան սփյուռքահայը: Հայաստանցիները կարողանում են ինչ-ինչ ձեւով լուծել իրենց հարցերը, իսկ դա սփյուռքահայի համար դժվար է: Հենց դա է պատճառը, որ լայնածավալ օտարերկրյա ներդրումներ գոյություն չունեն Հայաստանում»,- նշել է նա` ավելացնելով, որ սփյուռքահայերի մեծ մասը, բացի տնտեսական շահերից, իրենց ներդրումները անում են Հայաստանում` հանուն հայրենիքի բարելավման: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն էլ ասել է, որ Հայաստանում գործարարները «լինում են յուրային եւ ոչ յուրային, անկախ նրանից` դու հայաստանցի՞ ես, թե՞ սփյուռքահայ»: Քննարկմանը մասնակցել են նաեւ Սփյուռքի փոխնախարարը, փաստաբաններ, ինչպես նաեւ` Հայաստանում նախկին ներդրող սփյուռքահայ Էդմոն Խուդյանը, ով դիմել է դատարան` իր ձեռնարկությունում տիրող անօրինականությունները բացահայտելու համար: