Հայաստանի այսօրվա ներքաղաքական վիճակը պայմանավորված է իշխանության անթաքույց տենչով` մնալ իշխանության: Երեկ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` ավելացնելով, թե միաժամանակ առկա է եւս մեկ գործոն` ամեն գնով խուսափել մարտիմեկյան գործընթացներից: «Ընտրությունները երկու բան կարող են նշանակել` սերնդափոխություն եւ իշխանափոխություն: Երկուսն էլ անհրաժեշտ են մեզ` թե իշխանության, թե ընդդիմության պարագայում»,- ասել է նա: Անդրադառնալով արտաքին քաղաքական զարգացումներին` Վ.Հովհաննիսյանը նշել է, որ եվրոպական կառույցները ՀՀ իշխանություններին զգուշացրել են` թույլ չեն տալու նախկին ընտրությունների այլանդակությունները, քանի որ հենց ընտրություններն են արտահայտում ժողովրդավարության չափանիշները: «Ցանկը մենք կկազմենք, եւ այն ցանկը, որը կհրապարակենք` կլինի հավաստին»,- նշել է Վ. Հովհաննիսյանը` պատասխանելով ՀՅԴ համամասնական ցուցակի մասին հարցին: Ինչ վերաբերում է «Արտակարգ դրության» մասին օրենքի շուրջ ծավալվող զարգացումներին, նա ասել է, որ այն ձեւով, որով օրինագիծը բերվել էր խորհրդարան` անընդունելի է, բայց ցանկացած երկիր պետք է ունենա նման օրենք: «Ամեն պարագայում բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներին անընդունելի է»,- ասել է Հովհաննիսյանը: Նա անդրադարձել է նաեւ ԱԳ նախկին նախարար Վ. Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամագրվելու փաստին: «Ծայրահեղ են այն երկու դիրքորոշումները, երբ ոմանք անդամակցությունը համարում են անկարեւոր մի բան` որեւէ նշանակություն չունեցող, իսկ մյուսներն էլ դա փորձում են համարել ինչ-որ կենտրոնների կողմից թելադրված գործընթաց: Բայց Օսկանյանի անդամակցությունից միայն ԲՀԿ-ն չի շահել, նաեւ Օսկանյանն է շահել, քանի որ իր քաղաքական հայացքներն է ներկայացնելու մի լուրջ կուսակցությունում»,- ասել է նա` ավելացնելով, որ կոալիցիոն կուսակցությունների` ընտրություններին առանձին մասնակցելու որոշումը ցույց տվեց, որ առաջին համաձայնությունը չի գործում, եւ «այդ պայմանավորվածությունը կարող է տարածվել մեծամասնականի դեպքում` երբ նրանք պայմանավորվեն իրար դեմ թեկնածություններ չդնել»: Վ. Հովհաննիսյանը չի բացառել ընտրակեղծիքների դեմ պայքարում ընդդիմության միասնական շտաբի կազմավորումը. «Ընտրական խարդախությունների դեմ պայքարելու ձեւերը մեխանիկական են` պառկել քվեատուփի վրա, պինդ տղերք ուղարկել…. Իրական ձեւը մեծամասնական ընտրակարգը վերացնելն է: Ընտրակեղծիքները հիմա արդեն իսկ կան` հիմա փող են բաժանում, դու սրա դեմը չես կարող առնել… Ընդհանուր շտաբը վճռական նշանակություն չի կարող ունենալ ընտրակեղծիքների դեմ պայքարի հարցում»: Խոսելով ընդդիմադիր դաշտում կատարվող գործընթացների, մասնավորապես` ՀԱԿ-ի մասին, Վ. Հովհաննիսյանն ասել է. «ՀԱԿ-ը տեղավորվեց իշխանությունների ծրագրերի մեջ, քանի որ այն անթաքույց ձգտում էր քաղաքական գործընթացներում ցույց տալ սեփական իշխանության հաստատումը, եւ նրա ձգտումը իրականացվեց իշխանությունների կողմից. նրանք դա տեսան, եւ տեղի ունեցավ երկխոսություն: Բայց արդեն երկխոսությունից հետո ՀԱԿ-ը դուրս եկավ թուլացած, իսկ իշխանությունը` ուժեղացած, ուստի չեմ կարծում, թե իշխանությունները նոր մոտիվացիաներ գտնեն` քաղաքական իրավիճակը փոխելու»: