«Մեդիամաքս» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Էյմոն Գիլմորը
– ԵԱՀԿ-ում նախագահություն ստանձնող յուրաքանչյուր երկիր հայտարարում է, որ իր առաջնահերթ խնդիրներից է լինելու աջակցությունը հակամարտությունների կարգավորմանը: Իռլանդիան բացառություն չէր: Դուք ունե՞ք հստակ տեսլական. ինչպիսի՞ն է լինելու այդ օգնությունը եւ աջակցությունը, մասնավորապես` ԼՂ հարցում:
– Իռլանդիան ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում հանդես է գալու ազնիվ միջնորդի դերում` երկարատեւ հակամարտությունների կարգավորմանն ուղղված իր ջանքերում: Մեր միակ շահը հակամարտության խաղաղ լուծումն է, ինչը տարածաշրջանի ժողովուրդներին հնարավորություն կտա կարգավորել իրենց կյանքը: Որպես առաջին քայլ, ես Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ նշանակեցի Պեդրեյգ Մըրֆիին, այնտեղ իր աշխատանքն է շարունակում նաեւ իմ անձնական ներկայացուցիչը` դեսպան Անջեյ Կասպրչիկը: Դա ցույց է տալիս, թե որքան ենք կարեւորում այս գործընթացը, քանի որ մենք Իռլանդիայում քաջ գիտակցում ենք հակամարտությունների կործանարար գինը: Մենք գիտենք նաեւ, թե որքան բարդ է լուծել նման խնդիրները: Այնուամենայնիվ, ես չեմ դիտարկում ստատուս-քվոն` որպես կենսունակ երկարաժամկետ լուծում: Որպես ԵԱՀԿ գործող նախագահ` ես կանեմ հնարավոր ամենն առկա ձեւաչափերի շրջանակներում խաղաղ լուծմանը աջակցելու համար:
– Բոլորը միահամուռ են այն կարծիքում, որ ԵԱՀԿ առաջարկած դիպուկահարների հեռացումը շփման գծից կարող է հակամարտության կողմերի միջեւ վստահության ամրապնդման լավ օրինակ հանդիսանալ: Մտադի՞ր եք արդյոք կոնկրետ քայլեր ձեռնարկել` համոզելու Ադրբեջանի ղեկավարությանը` հեռացնել դիպուկահարներին:
– Իրավիճակը շփման գծում շարունակում է լուրջ խնդիր մնալ, եւ ես ամբողջապես աջակցում եմ հրադադարի ռեժիմի պահպանման նպատակով կողմերի հետ աշխատող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Պետք է տեսնենք նաեւ, թե ինչպես են իրագործվում նախագահների կողմից Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները` հակամարտության կողմերի միջեւ շփումների զարգացման վերաբերյալ: Մարդկանց միջեւ կապերը կարեւոր նշանակություն ունեն երկարաժամկետ լուծման հասնելու համար, եւ երկխոսության սկիզբը մտավորականների, գիտնականների եւ հասարակության ներկայացուցիչների միջեւ, ինչպես նշել էին նախագահները, կարող է առաջին քայլը լինել:
– ԵԱՀԿ Նախարարների խորհրդի դեկտեմբերյան նիստին Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսը կրկին կոչ էր արել ակտիվացնել 2011թ. մարտի 5-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից առաջարկված ԼՂ հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմը: Տեսնո՞ւմ եք միջոցներ եւ ներուժ դրա իրականացման համար:
– Ես հանդես եմ գալիս 2011թ. Սոչիում նախագահների կողմից ձեռք բերված` միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերաբերյալ համաձայնության իրականացման օգտին: Այնուհանդերձ, ոչ Իռլանդական նախագահությունը եւ ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարող նպաստել դրա իրականացմանը, մինչեւ կողմերն իրենք ջանքեր չգործադրեն այդ ուղղությամբ: Հուսով եմ, որ կողմերը հնարավորինս արագ կհետեւեն իրենց ստանձնած համատեղ պարտավորությանը: Ի վերջո, խնդիրը ոչ այնքան այդ համաձայնության մեխանիզմները գործնականում իրականացնելու մեջ է, եւ ոչ էլ` նրանում, թե կոնկրետ Իռլանդիան պետք է դա անի: Ոչ մի խնդիր չի կարող լուծվել, քանի դեռ չկա հակամարտության մեջ ուղղակիորեն ընդգրկված կողմերի իրական կամքը, քանի դեռ կողմերը պատրաստ չեն անխուսափելի կորուստների եւ փոխզիջումների: Իռլանդիան եւ միջազգային հանրությունը կարող են միայն հարթակ տրամադրել եւ աջակցել կողմերին` երկարաժամկետ խաղաղությանն ուղղված իրենց պարտավորություններում:
– Ինչպե՞ս եք վերաբերվում բանակցությունները միջազգային այլ ատյաններ, մասնավորապես` ՄԱԿ եւ ԵԽ ԽՎ տեղափոխելու Բաքվի ջանքերին:
– Ես աջակցում են կառուցողական երկխոսության ցանկացած հնարավորությասն, օրինակ` նախագահների միջեւ Սոչիում կայացած բանակցությունների միջոցով: Լիովին աջակցում եմ արդեն ստեղծված ձեւաչափերով աշխատանքներին, ինչպես օրինակ` Մինսկի գործընթացի միջոցով, եւ կարծում եմ, որ գործընթացի առավել մեծ թափանցիկությունն այս փուլում միայն օգուտ կբերի: Ես շատ բարձր եմ գնահատում Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերը եւ այս տարվա ընթացքում ակնկալում եմ սերտորեն աշխատել նրանց եւ Մինսկի խմբի մյուս անդամների հետ:
– Մոսկվայում Իռլանդիայի նախկին դեսպան Պեդրեյգ Մըրֆին Ձեր կողմից նշանակվել է Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ: Որո՞նք են լինելու նրա հիմնական գործառույթները:
– Դեսպան Մըրֆին երկար եւ փայլուն աշխատանքային փորձ ունեցող իռլանդացի դիվանագետ է, ով երկար տարիներ աշխատել է որպես դեսպան` Խորհրդային Միությունում, Գերմանիայում, Իսպանիայում եւ Ճապոնիայում: Հունվարին նա այցելեց տարածաշրջան` որպես հատուկ ներկայացուցիչ: Նա եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սերտորեն աշխատելու են կողմերի հետ` կարգավորման գործընթացում առաջխաղացման հասնելու նպատակով, եւ ես ակնկալում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների լիարժեք համագործակցությունը մեր համատեղ ջանքերում:
– Դուք հայտարարել էիք, որ «մենք հիմնվելու ենք հակամարտության կարգավորման մեր սեփական փորձին` Հյուսիսային Իռլանդիայի խաղաղ կարգավորման համատեքստում»: Ինչպես հայտնի է, Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության գլխավոր խնդիրը կրոնական գործոնն էր` կաթոլիկների եւ բողոքականների երկարատեւ առճակատումը: ԼՂ կարգավորման գործընթացում կրոնական գործոնը զգալի դեր չի խաղում: Ինչպե՞ս կարող է օգտագործվել Հյուսիսային Իռլանդիայի կարգավորման մոդելի փորձը:
– Առաջին հերթին` մենք չենք առաջարկում պատրաստի մոդել եւ պատճեններ: Ցանկացած հակամարտային իրավիճակ տարբեր է, ունի իր խնդիրներն ու դինամիկան: Այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ կիսելով մեր փորձը Հյուսիսային Իռլանդիայում խաղաղության ձեռքբերման եւ հաստատման գործում, կարող ենք գաղափարներ առաջարկել նրանց, ովքեր ուղիներ են փնտրում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Ես սիրում եմ կրկնել, որ շատերը Հյուսիսային Իռլանդիայի հակամարտությունը նույնպես համարում էին «անլուծելի», սակայն մեզ հաջողվեց հասնել երկարաժամկետ խաղաղության: Այս նվաճումը հնարավոր դարձավ բանակցությունների եւ փոխզիջումների, Իռլանդիայի եւ Բրիտանիայի կառավարությունների, ինչպես նաեւ` երկու կողմերի առաջնորդների նվիրվածության եւ տեսլականի շնորհիվ: Կարծում եմ, որ փորձի փոխանակման միջոցով մենք կկարողանանք աջակցել բոլոր նրանց, ովքեր ջանքեր են գործադրում այնպիսի չկարգավորված հակամարտությունների լուծման գործում, ինչպիսին է ԼՂ հակամարտությունը` օգտագործելով խաղաղ բանակցությունների եւ համաձայնեցված ձեւաչափերի գործիքները եւ հարգելով միջազգային իրավունքի սկզբունքները: Ես պատրաստվում եմ ապրիլի 27-ին կոնֆերանս հրավիրել Դուբլինում ԵԱՀԿ բոլոր անդամ-պետությունների համար, որտեղ կներկայացնեմ Հյուսիսային Իռլանդիայի ասպեկտները` որպես ուսանելի օրինակ: Մտադիր եմ հրավիրել նաեւ ամերիկացի սենատոր Ջորջ Միտչելին, ով կարեւոր դեր էր խաղացել Հյուսիսային Իռլանդիայի խաղաղ գործընթացում: Նա նույնպես կներկայացնի իր փորձը:
– Արդյո՞ք հնարավոր է խոսել Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության կարգավորման փորձի կիրառման մասին` հաշվի առնելով այնտեղ պարբերաբար բռնկվող բռնությունները, մասնավորապես` 2011թ. հուլիսին:
– Մենք մշտապես ընդգրկված ենք խաղաղության ապահովման գործընթացում: Հյուսիսային Իռլանդիայի դեպքում այն չի ավարտվել նույնիսկ համաձայնության ձեռք բերումից հետո: Դա նույնպես կարեւոր փորձ է, որը պետք է ներկայացնել. երկարաժամկետ խաղաղության հասնելու աշխատանքները չեն դադարում նույնիսկ համաձայնագիրը ստորագրելուց հետո եւ պահանջում են շահագրգռված կողմերի երկարաժամկետ նվիրվածությունը: Կարեւորն այն է, որ մեր կղզու հյուսիսային եւ հարավային հատվածներում ապրող մարդկանց ճնշող մեծամասնությունն ամբողջությամբ հավատարիմ է խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքներին: