Տգիտության դուռ, ՀՀԿ-ի լուսամուտ

25/02/2012

Երեկ կայացած ասուլիսում երգահան Ռուբեն Հախվերդյանը հայտարարել է, որ աշխատանքից բժիշկների են հեռացնում, եթե նրանք հրաժարվում են անդամագրվել ՀՀԿ-ին: Հախվերդյանը կոնկրետ օրինակ է բերել` նշելով, որ այդպես վարվել են իր խնամու` բժիշկ «Արամ Ռոբերտիչի» հետ` պարտադրելով անդամագրվել ՀՀԿ-ին: Նրա հետ նույն ասուլիսին մասնակցող ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը չհավատալով երգահանին` պահանջել է ներկայացնել կոնկրետ փաստեր: Հախվերդյանն էլ դրան ի պատասխան` հենց ասուլիսի ընթացքում զանգահարել է իր ընկեր բժշկի կնոջը, ով բարձրախոսով հաստատել է, որ ամուսնուն պարտադրել են դառնալ ՀՀԿ-ական, այնուհետեւ նույնը հաստատել է նաեւ իր խնամին` Արամ Ռոբերտովիչը: Հարցին, թե ո՞վ է նման բան պարտադրել, բժիշկը պատասխանել է, որ ժողով են արել, հայտարարել, Ռուբեն Հախվերդյանը նշել է, որ դա արել է Բժշկական համալսարանի ռեկտորը, իսկ անձամբ խնամուն ասել է վիրաբույժ, իր սանիկ Արտո Սահակյանը: Մանվել Բադեյանը իրավիճակից դուրս գալու համար հայտարարել է, որ դա «բամբասանքի տարածման հայտնի մեխանիզմ է, Ռուբոյին էլ են ազնիվ մոլորության մեջ գցել»: Բադեյանն ասել է, որ նման փաստեր չկան, իսկ եթե լինեն, ինքն անձամբ քաղխորհրդի նիստում դա կբարձրաձայնի: Ռուբեն Հախվերդյանն ասել է, որ Հայաստանում երեք իշխանությունների շնորհիվ կորսվել է քաղաքային մշակույթը, որի մեջ մտնում է կանաչապատումը, անճաշակ կառուցապատումը, քաղաքի ինտելիգենտ մասսան հեռացել է, իսկ միակ հույսը երիտասարդներն են, բայց իրենք էլ պիտի գլոբալ հարցերին ուշադրություն դարձնեն, օրինակ` «էս իշխանություններից պահանջեն հրաժարական տալ, որովհետեւ նրանք չեն կարողանում կառավարել»: Մանվել Բադեյանն էլ հետ չմնալով իր կուսակիցներից` հայտարարել է, թե Մաշտոցի պուրակի ակցիան հեռու գնացող քաղաքական նպատակներ ունի: Նա նշել է, որ Մաշտոցի պուրակում բողոքի ակցիաներն ունեն մի քանի շերտ եւ հեռուն գնացող քաղաքական նպատակներ: Ըստ նրա` «ակտիվիստների մի մասն ուղղորդվում է արտասահմանից, իսկ նպատակը Հայաստանում իրավիճակը ապակայունացնելն է»: «Մասնակիցների երկրորդ հատվածը իրոք բնապահպանական խնդիրներով մտահոգ մարդիկ են, իսկ երրորդ հատվածը` մարտնչող տգիտության գաղափարակիրները: Հիմնական զանգվածը` կազմակերպիչները, քողարկված են, կամավոր հանդես են գալիս մարտնչող տգետները, ովքեր իրենց մշակույթն են փորձում հաստատել Հայաստանում: Դա նույն ռաբիսն է: Երկիրը քանդում են` ոչ ոք ոչինչ չասեց, իսկ բոլորը կառուցմանն են դեմ, հենց քարը քարի վրա է դրվում` հանդես են գալիս մարտնչող տգետները: Որեւէ ծառ, որեւէ թուփ չի տուժել Մաշտոցի պուրակում: Վերջապես ընդունվեց քաղաքական որոշում` այդ կրպակները Աբովյան փողոցից հանելու, իսկ այդ կրպակատերերը պետք է շարունակեն, չէ՞, իրենց բնակարանները պահել»,- ասել է «Եվրոստան Ույուտ» ընկերության սեփականատերը: