Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի եւ նրա գործով անցնող մյուս ամբաստանյալների դատաքննությունը: Մինչ այդ դատարանում մեղադրողը հրապարակել է գործում առկա գրավոր ապացույցները: «Բոլոր ապացույցներն էլ բացառում էին առաջադրված մեղադրանքները, քանի որ իրեղեն ապացույցներ չկան, բանավոր 3 ցուցմունքներ էին: Ավելի շատ Մարգար Օհանյանի օգտին են բոլոր ակտերը, կազմման-ընդունման հաշվետվությունները։ Բոլորն օրինական կարգով կատարվել են. որքան բենզին ստացվել է, այդքան էլ բաց է թողնվել,- ասել է Մարգար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը` ավելացնելով, -Այսինքն` չկա մի ակտ, գրություն, որ Մարգար Օհանյանը Ոստիկանությանը քիչ բենզին է տրամադրել: Ընդամենը 3 ցուցմունք կա։ Իրականում ինքը բենզին չի ստացել, եղել են կտրոններ, որոնց վերաբերյալ «Միկա» ՍՊ ընկերությունն էլ է գրություն ուղարկել, որ վաթսունքանի տոկոսը Ոստիկանությունն է ստացել, 30-քանի տոկոսը` այլ մեքենաներ, բայց այդ մեքենաներից ոչ մեկը Մարգար Օհանյանինը, նրա ազգականներինը չի եղել»: Նշենք, որ ըստ մեղադրողի հրապարակած ապացույցների` նշյալ այլ մեքենաների մեջ հիշատակվում էր ամբաստանյալներից Ստեփան Կարախանյանի ազգականների անունը: Երեկվա նիստում մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը դատարանին ներկայացրեց մինչ այժմ չհրապարակված նախաքննական ցուցմունքները եւ առերես հարցաքննությունները: Թե ցուցմունքների ժամանակ, թե առերես հարցաքննությունների ժամանակ Մարգար Օհանյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Այդ մասին Մ. Օհանյանն ասել է նաեւ մինչ դատական նիստը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում: Նա հայտարարել է, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չի կարող չհիշել, որ հետապնդել է իրեն: Հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանն ասել էր, թե չի հիշում, որ ինքն Օհանյանին հետապնդած լինի: Մարգար Օհանյանն էլ հակադարձել է, թե չհիշել կարող են իր գործով անցնող վկաները, բայց ոչ բարձր կոչում ունեցող գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը: «Երբ գեներալ-լեյտենանտ են դառնում, դա պատահական չէ, այդ կոչումը նախագահն է տալիս»,- ասել է նա` նշելով, որ գործով մեղադրյալ երկրորդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանն էլ կարող է ասել, թե Ոստիկանությունը ինչ ճնշումներ է բանեցրել նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը հիվանդանոցում է եղել: «Եվ, ի վերջո, Կարախանյան Ստեփանը կենդանի է, Աստծուն փառք: Պաշտպան ունի, որ չի վախենում ոչ մեկից: Պաշտպանը ներկա է եղել, թե ինչ ճնշումներ են գործադրել հիվանդանոցում իր վրա: Ես ոչ մի բան սուտ չեմ ասում, ինչ ասել եմ, իրականությանը համապատասխանում է: Դեռ Լեւոնյան Արայիկի մասին էլ չեմ ասում, թե նրա նկատմամբ ինչ ճնշումներ են եղել, թող իրենք ասեն: Որ իրենք իրենց չեն պաշտպանում, դա չի նշանակում, որ ես պարտավոր եմ իրենց պաշտպանել»,- ասել է Օհանյանը: Իսկ երեկվա դատական նիստում հրապարակված ապացույցների թվում բավական հետաքրքիր է եղել ամբաստանյալներ Ստեփան Կարախանյանի եւ Արայիկ Լեւոնյանի առերեսումը: Լեւոնյանը Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) պատմում է, թե երբ Մարգար Օհանյանը իրեն բանավոր ցուցում է տվել գումարտակներին քիչ բենզին տալ, իսկ կտրոնները իրեն փոխանցել, այդ խոսակցությանը ներկա է եղել նաեւ Ստեփան Կարախանյանը: Սակայն Կարախանյանը նշում է, թե Լեւոնյանի ասածը սուտ է, եւ Մարգար Օհանյանի մոտ երբեւէ նման քննարկում չի եղել: Հաշվի առնելով այս հակասությունը` Մարգար Օհանյանի պաշտպանը միջնորդել է, որպեսզի այս առերեսումը դատարանն անթույլատրելի ապացույց որակի: Դատավորը նշեց, թե այդ հարցին կանդրադառնա իր վճռում: Մեղադրող դատախազը երեկ գրավոր ապացույցների շարքում նշել է նաեւ, թե պարզվել է, որ 2011 թվականի ընթացքում Ոստիկանությանը հատկացված բենզինի կտրոններով լիցքավորվել են ոչ ոստիկանական մեքենաներ, ընդ որում, Ոստիկանության հաշվին որոշ մարդիկ ամսական լիցքավորել են մինչեւ 26-27 հազար լիտր բենզին: Պարզվել է, որ այդ մարդկանց շարքում են նաեւ երկրորդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի ազգականները: Ընդհանուր առմամբ Կարախանյանը պետությանը հասցրել է 20 միլիոն դրամի վնաս, որն արդեն փոխհատուցվել է: Թեեւ, ըստ քրեական գործի, Մարգար Օհանյանը յուրացրել է 574.000 լիտր բենզին, սակայն Ոստիկանության հաշվին լիցքավորված մեքենաների ցանկում չկան ոչ Մարգար Օհանյանին, ոչ էլ նրա ազգականներին պատկանող մեքենաների համարանիշերը: Օհանյանը խնդրել է, որ դատավորն այդ հանգամանքի վրա եւս ուշադրություն դարձնի: Օհանյանը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ եթե իրեն մեղադրում են 574 հազար լիտր բենզին յուրացնելու մեջ, ապա որտե՞ղ են դրան համարժեք 30 հազար բենզինի կտրոնները: Ըստ նրա` ստացվում է, որ գործով ապացույցը չկա, եւ մեղադրող կողմը հիմնվում է ընդամենը մեկ մարդու` Լեւոնյանի ցուցմունքի վրա, ով ասել է, թե կտրոնները տվել է Օհանյանին: Դատարանը երեկ որոշել է, որ մեղադրող դատախազը մեղադրական ճառով հանդես կգա մարտի 1-ին: