Երեկ տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստ, որտեղ ներկայացվել են 2011թ. ամփոփ աշխատանքները: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության` 2011թ. նախորդ տարվա համեմատ Հայաստանում մոտ 7% աճած հանցագործությունների ընդհանուր թվում` մոտ 2%-ով աճել են մարդու դեմ հանցագործությունները` կազմելով երկրում արձանագրված հանցագործությունների 21%-ը: 2011թ. մարդու դեմ ուղղված հանցագործություններ է կատարել 182 անչափահաս, 679 կին, 68 օտարերկրյա քաղաքացի եւ նախկինում դատապարտված 100 անձ: Մասնավորապես աճել են սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս եւ ծանր վնաս պատճառելու եւ թրաֆիկինգի դեպքերը: ՀՀ-ում այս բնույթի հանցագործությունների ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են դիտավորությամբ մարդու առողջությանը վնաս պատճառելու եւ ծեծի ենթարկելու դեպքերը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանն իր զեկույցում նշել է, որ նկատվել է սպանության եւ սպանության փորձի դեպքերի բացահայտման աշխատանքներում որոշակի նվազում` մոտ 2%-ով: Այս տարի բացահայտումները կազմել են մոտ 71.6%: Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրություններով` նախորդ տարի հայտնաբերվել է 487 իրավախախտում, հարուցվել է 111 քրեական գործ, որոնց մոտ կեսով վարչությունը ներկայացրել է 267 հայց` 2.215 մլրդ դրամի բռնագանձման պահանջով: Դատախազության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 815 միլիոն դրամ: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խոսքով` քրեական գործերի նախաքննությունների երկարաժամկետության հարցում մեղք ունեն ինչպես համապատասխան փորձագիտական կենտրոններն, այնպես էլ քննիչները: Նա հիշեցրել է մի դեպք, երբ քննիչը երեք ամսական երեխայի դիակի փորձաքննության ժամանակ պահանջել է պարզել` երեխայի օրգանիզմում թմրանյութ եւ ալկոհոլ կա՞, թե՞ ոչ:
Ա. Հովսեփյանի դիտարկմամբ` արձանագրված թերությունները հիմնականում վերաբերում են քրեական գործերի նախաքննության երկարաժամկետ լինելուն. «Քրեական գործերի նախաքննության երկարաժամկետության հիմնական պատճառը համարում եմ փորձաքննությունները, բայց այստեղ միայն փորձագիտական հիմնարկների մեղքը չեմ տեսնում, որովհետեւ համոզվել ենք, որ քննիչները շատ դեպքերում ուղղակի անտեղի փորձաքննություններ են նշանակում: Կամ` հարցեր են առաջադրում փորձագետին, որի պատասխանը ոչինչ չի տալիս քրեական գործին»,- ասել է Ա. Հովսեփյանը` հավելելով, թե դա նաեւ պետական բյուջեից միջոցների անիմաստ վատնում է: