Բաց նամակ

25/02/2012

«Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը բաց նամակ է գրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին` խնդրելով աջակցել Գյումրի սոցիալապես ծանր պայմաններում հայտնված անօթեւան, 3 անչափահաս երեխաներ խնամող միայնակ մոր ընտանիքին եւ երեք երեխաներին մանկատուն տեղափոխել:

Նամակում մասնավորապես ասված է. «Գյումրու տնակային ավաններ մեր հերթական այցելություններից մեկի ժամանակ Վարդբաղ թաղամասում նախկին մարզական համալիրի կացարաններից մեկում հանդիպեցինք ծայրահեղ ծանր սոցիալական եւ առողջական պայմաններում իր մանկահասակ երեք երեխաների հետ գոյատեւող 33-ամյա միայնակ մայր Լիաննա Մելիքյանի ընտանիքին: Այս ընտանիքը որեւէ տեղ գրանցում չունենալու պատճառով արդեն մի տարի է` զրկված է սոցիալական նպաստից եւ պարզապես մատնված է սովամահության: Երեխաներից մեծը` 12-ամյա Նաիրան, փոքր հասակում սրտի վիրահատության է ենթարկվել եւ սովորում է Գյումրու օժանդակ գիշերօթիկ դպրոցի 4-րդ դասարանում, սակայն գրեթե դպրոց չի հաճախում, միջնեկը` 9-ամյա Տիգրանը անկողնուն գամված մանկուց հաշմանդամ է, իսկ փոքրը` Լուսինեն, 2 տարեկան է, ու հարեւանների պատմելով` մշտապես զրկված է խնամքից եւ ուշադրությունից: Երեխաների մայրն առավոտից մինչեւ ուշ երեկո օրվա հացը վաստակելու նպատակով բացակայում է տանից` երեխաներին տնակում մենակ թողնելով»: Վ. Թումասյանը խնդրում է վերականգնել այս ընտանիքի սոցիալական նպաստը, իսկ երեխաներին հրատապ կերպով տեղափոխել մանկատուն` փրկելով նրանց ցրտից եւ սովից: