Արդեն 2 օր է` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում որոշ օգտատերեր իրար շնորհավորում են Մաշտոցի այգին փրկելու առթիվ: Այս ուրախության համար հիմք հանդիսացավ նաեւ հինգշաբթի Հանրային խորհրդի (ՀԽ) կազմակերպած քննարկումը, որը, մեղմ ասած` այլ բան չէր, քան Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների չափազանց լղոզված պատասխանների ունկնդրումը: Սակայն այդ ուրախության համար առաջին պատճառը հինգշաբթի երեկոյան «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ` գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի կողմից արված այն հայտարարությունն էր, թե նույնը օրը Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինության խորհրդի նիստում որոշվել է կասեցնել Մաշտոցի այգում ընթացող շինարարությունը: «Քիչ առաջ տեղի է ունեցել Քաղաքաշինության խորհրդի նիստ, որտեղ նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետն է մասնակցել, եւ այլն, եւ այլն: Ես զանգ տվեցի գալուցս առաջ, թե ինչ որոշվեց, խոսքը վերաբերում էր տաղավարներին, եւ հայտարարվել է, որոշվել է, որ այդ տաղավարներն այդտեղ չպետք է կառուցվեն, սխալ է: Հարցը լուծված է: Զանգել եմ պարոն Ազատյանին, որ վարում էր այդ նիստը»,- ասել էր Մ. Տեր-Գուլանյանը: Վերջինս, սակայն, հաջորդ օրն անմիջապես հերքել է իր ասածը՝ նշելով, թե «թյուրիմացություն» է եղել, եւ որ ինքը հեռուստաեթերից առաջ զանգահարել էր Հանրային խորհրդի Ճարտարապետական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանին եւ շտապ ուզում էր տեղեկանալ վերջին լուրերի մասին: Գ. Ազիզյանն էլ գրողին ասել էր, թե իր ղեկավարած հանձնաժողովը դեմ է, քաղաքապետարանը եւս սկզբունքորեն դեմ է: Մ. Տեր-Գուլանյանի փոխանցմամբ՝ «ընդամենը թյուրիմացություն է եղել»: Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինության խորհրդի նիստի մասին փորձեցինք տեղեկություն ստանալ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից: Վերջինս, սակայն, այդպես էլ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին, իսկ Քաղաքաշինության խորհրդի նիստի մասին լուրը հաստատեց նաեւ նրանց աշխատակիցներից մեկը՝ նշելով, որ ինքը ծանոթ չէ մանրամասներին, քանի որ գտնվում էր քաղաքապետարանից դուրս, եւ, որ խորհրդի նիստի մասին միայն Ա. Գեւորգյանը կարող է հանգամանալից պատասխաններ տալ: Ինչեւէ, երեկ, սակայն, Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը հերքեց լուրը, ըստ որի՝ չորեքշաբթի Քաղաքաշինության խորհուրդը քննարկել է Մաշտոցի պուրակի հարցը: Ի զարմանս մեզ՝ Ա. Գեւորգյանը նշեց, որ Քաղաքաշինության խորհուրդը միայն մեծ ծրագրեր է քննարկում, իսկ այգու հարցն այդքան մեծ հարց չէ, որ քննարկվեր: Նա հերքեց նաեւ այն տեղեկատվությունը (այս մասին օրեր առաջ գրել էր «Հետք» էլեկտրոնային թերթը), թե Երեւանի քաղաքապետարանը Մաշտոցի այգու վարձակալության պայմանագիրը կնքել է «Արեւելյան օազիս» ՓԲԸ-ի հետ մինչեւ 2028թ.: Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը կրկին հիշեցրեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումն ուժի մեջ է, այսինքն` տաղավարների շինարարությունը չի կասեցվել, եւ դեռ հայտնի չեն վարձակալների անունները: Ի դեպ, հինգշաբթի ՀԽ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ Երեւանի ավագանու անդամ Դերենիկ Դումանյանը հայտնեց, որ այգու կառուցապատման որոշումը կայացրել է ոչ թե ավագանին, այլ քաղաքապետարանի գործադիր մարմինը: ՀԽ-ի քննարկումից հետո որոշ հարցեր, այնուամենայնիվ, փորձեցինք ուղղել Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, ով անընդմեջ կրկնում էր, որ իրենք վատ որոշումը փոխարինել են տանելի որոշմամբ, եւ, որ այգում տեղադրվող մետաղյալ տաղավարները կլինեն ժամանավոր, այսինքն՝ մինչեւ «Հին Էրիվան» ծրագրի ավարտը: Ն. Սարգսյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք հարցուպատասխանի տեսքով.
– Պարոն Սարգսյան, ո՞րն է Մաշտոցի այգու հարցի վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի վերջնական որոշումը:
– Էս իրավիճակը մեր սրտով էլ չի: Ո՞վ լինի էնտեղ աշխատող, ոչ ոք չի ցանկանա երիտասարդների հետ, այսպես ասած` բարիկադի տարբեր կողմերում լինել:
– Փորձե՞լ եք ինքներդ այգի գնալ, հանդիպել երիտասարդների հետ:
– Ես իրենց ընդունել եմ, բայց անպայման գնալու եմ այգի կամ կհրավիրեմ իրենց, քաղաքապետն էլ կհրավիրի իրենց: Պարզ կարող եմ ասել, որ չեմ գնացել զուտ առողջական պատճառով: Առաջիկա օրերին գնալու եմ:
– Ովքե՞ր են լինելու այն ընտրյալները, որոնք զբաղեցնելու են Մաշտոցի պուրակը:
– Չեմ կարող ասել: Աբովյան փողոցի կրպակների սուբյեկտները շատ են, եւ հիմնականը 3-4 սուբյեկտներ են, իրականում ապամոնտաժվել է ավելին: Այդ 4 սուբյեկտների հետ են բանակցությունները: Մի՛ ասեք` արտոնյալ, որովհետեւ նրանց մի մասը չի համաձայնվում այդտեղ գալ: Իսկ մի մասն էլ համարում է, որ դա ադեկվատ, համաչափ փոխհատուցում չի, եւ էնպես չի, որ նրանք ուզում են սիրահոժար գնալ այնտեղ:
– Նրանցից մեկը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի` Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն է:
– Գագիկ Բեգլարյանն առնչություն չունի այս հարցում:
– Քաղաքապետ Տարոն Մարգարյանի` հունվարի 30-ին տարածած հայտարարության մեջ նշված էր, թե տաղավարները կառուցվելու են այգու ոչ կանաչապատ տարածքում: Ի՞նչ է նշանակում` այգու ոչ կանաչապատ տարածք ասվածը:
– Նկատի է ունեցել, որ այդ պահին այդտեղ ոչ կանաչապատ տարածք է:
– Այսինքն` ծառի բնից մի քիչ հեռո՞ւ:
– Դժվար հարցեր շատ մի տվեք:
Ինչեւէ, երեկ ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը եւս հանդես եկավ երիտասարդ բնապահպան-ակտիվիստներին զորակցության կոչով: Վերջինս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է. «Երիտասարդների հետ ենք, իհարկե: Վերջապես կարողացան մարդիկ իրենց ցանկություններն ասել, բայց սա, ինձ թվում է, հետեւանք է այն բոլորի, որը 10 տարի անընդհատ կատարվում է՝ սկսած Հաղթանակ զբոսայգում հյուրանոցի տեղադրելուց»: Ինչ վերաբերում է Երեւանի գլխավոր ճարտարապետի այն դիտարկմանը, թե տաղավարները չեն գերազանցելու այգու 10%-ը, Մ. Մինասյանն ասաց. «10 տոկոս ասելով՝ մենք ընդհանրապես օկուպացիայի ենթարկեցինք օղակաձեւ զբոսայգին, 10 տոկոս ասելով՝ մենք օկուպացրեցինք Օպերայի բակը»: Իսկ երեկ Մաշտոցի այգու խնդրին անդրադարձել են նաեւ երգահան Ռուբեն Հախվերդյանն ու ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը: «Արդեն 30 տարի է, ինչ այդ այգին զիբիլանոց է, ինչո՞ւ հարց չէր տալիս՝ ինչո՞ւ էդ զիբիլանոցը չեք սարքում այգի: Հախվերդյան Ռուբիկը էդտեղ ծնվել է, դու էդտեղ այգի տեսե՞լ ես»,- Ռ. Հախվերդյանին էր հարցրել ԱԺ պատգամավորը: Իսկ Ռ. Հախվերդյանը, որ օրեր առաջ գնացել էր Մաշտոցի պուրակ, հանդիպել բնապահպան ակտիվիստների հետ, պատասխանել է, որ այդտեղ այգի չի տեսել, եւ, որ բնապահպանները «ոչնչից մեծ աղմուկ են ստեղծում»: