«Հիմնական մարտահրավեր է մնում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը բոլոր շահագրգիռ կողմերի հավասար եւ պատշաճ մասնակցությունը»,- նման գնահատական է պարունակում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հունվարի 31-ից փետրվարի 1-ը Հայաստանում անցկացված առաքելության զեկույցը, որը նվիրված է առաջիկա ընտրական գործընթացներին: ԺՀՄԻԳ-ը, ՀՀ իշխանությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության հետ հանդիպումների արդյունքում` ամփոփելով ԱԺ ընտրություններից առաջ առկա վիճակը, եզրակացրել է, որ թեեւ ընտրական գործընթացը կարգավորող բարեփոխված օրենսգիրքը ժողովրդավարական ընտրությունների անցկացումն ապահովելու ներուժ ունի, բայց միայն օրենսդրությունը չի կարող դա երաշխավորել, իսկ քաղաքական մթնոլորտը բնորոշվում է իշխանությունների եւ ընդդիմության միջեւ խոր անվստահությամբ: Նշենք, որ ԺՀՄԻԳ-ը խորհրդարանական ընտրություններին Հայաստան է գործուղելու 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդներ: Ավելի պակաս, քան 2007 թ. խորհրդարանական եւ 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ: