2007թ. խորհրդարանական ընտրությունների համեմատ` այս անգամ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը բավականին փոփոխություններ է կրելու: Արդեն հայտարարվում է, որ այն գլխավորելու է նախագահ Սերժ Սարգսյանը:
Արդյունքում` ՀՀԿ համամասնական ցուցակի հիմնական «համալրումը» սկսվելու է 2-րդ հորիզոնականից: Ինչ-որ առումով հենց այս հորիզոնականն է համարվում առաջինը, այսինքն` ո՞վ է լինելու առաջինը Ս.Սարգսյանից հետո: Եվ եթե ընդամենը 4 ամիս առաջ այս տեղի համար ՀՀԿ-ում լուռ պայքար էր ընթանում ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջեւ, ապա հիմա, կարծես թե, բոլորը համակերպվել են, որ ցուցակում Ս.Սարգսյանից հետո երկրորդը լինելու է վարչապետը: Որոշ տեղեկությունների համաձայն` 3-րդ տեղի համար քննարկվում է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կամ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Ամեն դեպքում, ըստ մեր աղբյուրների, այս երկու պաշտոնյաները զբաղեցնելու են 3-րդ եւ 4-րդ հորիզոնականները: Չի բացառվում, որ 5-րդ հորիզոնականը զբաղեցնի ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով առայժմ համարվում է ՀՀԿ շտաբի պետը: Սակայն վերջերս մամուլում տեղեկություն հրապարակվեց, թե երբ արդեն պաշտոնապես ստեղծվի այդ շտաբը, այն Հ.Աբրահամյանը չի ղեկավարելու: Ասում են նաեւ, որ նա նույնիսկ առողջական խնդիրների պատրվակով կթողնի այդ պաշտոնը, չի բացառվում, որ ինչ-որ ժամանակ մեկնի Հայաստանից: Նաեւ կարծիք կա, թե Հ.Աբրահամյանը դժգոհելով համամասնական ցուցակում իր տեղից` կարող է կրկին մեծամասնական ընտրակարգով առաջադրվել Արտաշատի տարածաշրջանն ընդգրկող թիվ 17 ընտրատարածքում: Հակառակ դեպքում այդ ընտրատարածքում կառաջադրվի նրա եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը, ով 2007թ. նույն ընտրատարածքից մեծամասնականով պատգամավոր էր ընտրվել: Հիշեցնենք, որ 2008-ի ամռանը նա հրաժարական տվեց, որ ԱԺ նախագահ դառնալու համար իր փոխարեն պատգամավոր ընտրվի Հ.Աբրահամյանը: ՀՀԿ համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականում, ամենայն հավանականությամբ, կլինի կին թեկնածու: Նոր ընտրական օրենսգրքի համաձայն` 1-ին տեղից հետո յուրաքանչյուր 5-րդը պետք է լինի կին: Եվ այժմ հայտնի չէ, թե ով է լինելու ՀՀԿ-ի թիվ մեկ երջանիկ կինը: Այս տեղի համար պայքարում են ՀՀԿ-ի բոլոր կանայք` Հերմինե Նաղդալյանը, Կարինե Աճեմյանը, անգամ` Հրանուշ Հակոբյանը:
Ասում են, ՀՀԿ համամասնական ցուցակով, այս անգամ, պատգամավոր չեն դառնա Վազգեն Կարախանյանը, Մկրտիչ Մինասյանը, Համլետ Հարությունյանը: Նրանց տեղերը կզբաղեցնեն նոր դեմքեր, ասենք` ՄԻԱԿ-ից Լեւոն Մարտիրոսյանը եւ Նաիրա Կարապետյանը: Կարծիք կա, որ այս անգամ ՀՀԿ-ն կարող է խորհրդարան չբերել իր խմբակցության անդամ, բայց այլ կուսակցությունների ներկայացուցիչներ Տաճատ Վարդապետյանին, Սպարտակ Մելիքյանին, Հայկ Սանոսյանին: Վերջիններիս կփոխարինեն այնպիսի դեմքերով, ովքեր առանց որեւէ բարդույթի, իրենց փոխարեն կռիվ կտան խորհրդարանում, ասենք, ՀԱԿ անդամների դեմ: Եվ ահա հատուկ այդ նպատակով ՀՀԿ-ն խորհրդարան կբերի Արտաշես Գեղամյանին, Խոսրով Հարությունյանին, ասում են, նույնիսկ, Հայկ Բաբուխանյանին:
Ու քանի որ այս անգամ խորհրդարանում հայտնվելու հնարավորություններ ունեցող բոլոր կուսակցությունները ուժեղացնում են իրենց շարքերը, ստիպված է նույնն անել նաեւ ՀՀԿ-ն: Վերջինս, մեծ հաշվով, պետք է դիմադրի մյուս բոլոր խմբակցություններին, եթե, իհարկե, խորհրդարանական ընտրությունները չշեղվեն նրանց գծած սցենարից, եւ ՀՀԿ-ն մեծամասնությունից չդառնա փոքրամասնություն: ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու համար այս անգամ առաջնությունը տրվելու է այն որակին, թե հարկ եղած դեպքում կարո՞ղ է թեկնածուն խորհրդարանում լավ «կռիվ տալ» մյուս խմբակցությունների դեմ:
Նույնը վերաբերում է նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուներին: Ավելին` այս դեպքում որոշիչ է լինելու այն հարցը, թե տվյալ թեկնածուն այդ ընտրատարածքից ընտրվելու, միաժամանակ` կուսակցությանը ձայներ բերելու ֆինանսական ու այլ հնարավորություններ ունի՞: Այս առումով համամասնականից մեծամասնական ընտրատարածքներ կտեղափոխվեն Մանվել Բադեյանը, Նահապետ Գեւորգյանը, Աշոտ Արսենյանը:
Խորհրդարանը կլքեն նաեւ Ռաֆիկ Պետրոսյանը, Լեւոն Սարգսյանը, Հարություն Փամբուկյանը, Արմեն Պուրտոյանը: Վերջինիս չփրկեց նաեւ անցած տարեվերջին 2012թ. բյուջեի քվեարկության ապահովումը: Հիշեցնենք, որ քվորում չլինելու պատճառով «քիչ էր մնում» բյուջեն տապալվեր, եթե Ա.Պուրտոյանը եւ Վահե Հակոբյանը չքվեարկեին իրենց գործընկերների փոխարեն: Պուրտոյանի փոխարեն ՀՀԿ-ն կբերի Մհեր Սեդրակյանին, նորերի շարքում կլինեն նաեւ Սամվել Ֆարմանյանը, Արթուր Գրիգորյանը եւ այլք:
Ի դեպ, մեր տեղեկություններով` կոալիցիոն վերջին պայմանավորվածության արդյունքում Ս.Սարգսյանը վերջնականապես բաժանել է 41 մեծամասնական ընտրատարածքները` 23 ընտրատարածք պահելով ՀՀԿ-ին: Այսինքն` այս ընտրատարածքներում կոալիցիոն խմբակցությունները ՀՀԿ-ի դեմ չպետք է թեկնածուներ առաջադրեն: Նույն տրամաբանությամբ` 7 տեղ տրվել է ԲՀԿ-ին եւ 2 տեղ` ՕԵԿ-ին: Մեկ ընտրատարածք` թիվ 18-ը, տրվել է ՀՅԴ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանին: Այս ընտրատարածքից այժմ պատգամավոր է Մանվել Ղազարյանը, ով 2008-ին ընդդիմության հանրահավաքում ընթերցված նամակի պատճառով հայտնվեց իշխանությունների սեւ ցուցակում: Մնացած 8 ընտրատարածքներում կարող են թեկնածուներ առաջադրել բոլորը, եւ պատգամավոր կդառնա նա, ով կհաղթի, այսպես ասած, «արդար պայքարի» արդյունքում:
Երեկ փորձեցինք ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից ճշտել, թե ինչ փուլում է կուսակցության համամասնական եւ մեծամասնական ցուցակների հստակեցման գործընթացը: Վերջինս ասաց, որ ցուցակները կհրապարակվեն ժամանակին, եւ այս պահին կուսակցության թե գործադիր մարմնում, թե խորհրդում նման հարց չի քննարկվել: Իրենք առայժմ նախապատրաստվում են մարտի 10-ի համագումարին: Իսկ ինչ սկզբունքով են կազմվելու այդ ցուցակները: «Ամիսներ առաջ նախագահը գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ գործարարությունը պետք է տարանջատվի պետական կառավարումից: Եվ այստեղ պետք է հստակ ջրբաժան լինի, թե որն է գործարարությունը, որտեղ է քաղաքականությունը: Եվ սա խոսում է այն սկզբունքի մասին, որ ՀՀԿ-ն իր ցուցակում պետք է ընդգրկի հիմնականում քաղաքական դեմքեր»,- ասաց Է.Շարմազանովը:
Բայց արդյո՞ք իմիտացիա չէ այդ հայտարարությունն` այն դեպքում, երբ ՀՀԿ-ն իր գործարարներին ուղղորդելու է մեծամասնական ընտրատարածքներ: «Ոչ, իմիտացիա չէ: Մի բան է` լինել գործարար, մեկ այլ բան է` լինել սեփականատեր: Ամբողջ աշխարհում էլ այդպես է, որ մարդիկ, ովքեր ունեն սեփականություն, կարող են զբաղվել քաղաքականությամբ: ԱՄՆ-ում Ռոքֆելերների ընտանիքի ներկայացուցիչը քիչ էր մնում Նյու Յորքի նահանգապետից հետո դառնար ԱՄՆ նախագահի թեկնածու: Հիշենք Բուշերի ընտանիքը: Եվ, ի վերջո, ՀՀ Սահմանադրությունը թույլ է տալիս առաջադրվել, պարզապես թեկնածուն պետք է սեփականությունը հանձնի կառավարման: Իսկ համամասնական ցուցակում կլինեն հիմնականում քաղաքական դեմքեր: Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ի վարկանիշին, ապա փետրվարի 12-ի ՏԻՄ ընտրություններում մեր կուսակցության անդամները 90 տոկոսով հաղթեցին: Եվ դա վկայում է այն փաստի մասին, որ չնայած բազմաթիվ խնդիրներին, համայնքների բնակիչների ճնշող մեծամասնությունը վստահում է ՀՀԿ-ին: Եվ սա այն լավագույն սոցիոլոգիական հարցման արդյունքն է, որի դեպքում մենք ասում ենք, որ ՀՀԿ-ն գլխավոր ֆավորիտն է»,- ասաց Է.Շարմազանովը: