Վիճակագրությունը շարունակում է «ավետել» ոչ միայն տնտեսական ակտիվության բարձրացման եւ արդյունաբերական արտադրանքի մասին, այլ նաեւ՝ բանկային համակարգի զարգացումների մասին։ Նախորդող տարվա հերթական երկնիշ աճը վերաբերում է հենց բանկային համակարգին, ավելի կոնկրետ՝ վարկավորմանը։
Այսպես, պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2011 թ. վերջին կազմել են 1,337 տրլն դրամ (ընթացիկ փոխարժեքով` 3,4 մլրդ դոլար): 2010թ. համեմատ վարկային ներդրումների ծավալն աճել է 34%-ով կամ 336 մլրդ դրամով: Ակտիվների միջին եկամտաբերությունը (ROA) կազմել է 2,36%, կապիտալինը (ROE)` 12,55%: Ընդհանուր վարկային պորտֆելի կառուցվածքում առեւտուրը զբաղեցնում է 21%, արդյունաբերությունը` 19%, սպառողական վարկերը` նույնպես 19%, շինարարությունն ու հիպոթեքը` 8-ական տոկոս, գյուղատնտեսությունը` 6%: 2010թ. համեմատ, տնտեսության մեջ վարկային ներդրումներն աճել են 44,3%-ով: Վարկային ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ-ի հետ կազմել է 34,9%, ինչը 6,3 տոկոսային կետով գերազանցում է 2010թ. մակարդակը: ՀՆԱ-ի նկատմամբ ակտիվների հարաբերակցությունը կազմում է 54,2%, ֆիզիկական անձանց ներդրումները` 14,6%:
Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ շատ լավ է, բանկերն ակտիվորեն ֆինանսավորում են տնտեսությունը։ Սակայն, երբ զուգահեռներ ենք անցկացնում ավանդների վիճակագրության հետ, պատկերը փոխվում է։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2011թ. դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ բանկերում ավանդների մնացորդը կազմել է 969.7 մլրդ դրամ։ 2010թ. վերջին այդ ցուցանիշը եղել է 702.2 միլիարդ։ Այսինքն՝ ավանդները մեկ տարվա ընթացքում աճել են 267.5 միլիարդ դրամով։ Գումարը քիչ չէ, սակայն զգալիորեն զիջում է վարկերի աճին։ Վարկերի աճը 68.8 միլիարդ դրամով գերազանցում է ավանդների աճին։
Ինչ է սա նշանակում։ Բանկերի գործունեության հիմնական տրամաբանությունն այն է, որ դրանք կատարում են ռեսուրսների վերաբաշխում՝ բնակչությունից հավաքագրում են ազատ միջոցները (ավանդների տեսքով) եւ այդ միջոցներն ուղղում նրանց, ովքեր դրա կարիքն ունեն (վարկերի տեսքով)։ Տվյալ պարագայում, վիճակագրությունը ցույց է տալիս, որ 68.8 միլիարդ դրամի (շուրջ 180 միլիոն) վարկավորվել է ոչ թե ներքին ռեսուրսների՝ ավանդների հաշվին, այլ դրսից ներգրավված միջոցների։ Հայաստանի նման փոքր շուկայի համար դա փոքր թիվ չէ։
Սա ոչ միայն նշանակում է, որ ՀՀ բանկային համակարգը զուտ սկզբունքային տեսանկյունից այնքան էլ լավ չի կատարում իր հիմնական ֆունկցիան, այլեւ հղի է այլ վտանգներով։ Policy Forum Armenia կազմակերպությունը վերջերս զեկույց էր հրապարակել հնարավոր տնտեսական ճգնաժամի մասին, որտեղ հատուկ անդրադարձ էր կատարել բանկային համակարգին եւ վարկավորման խնդրին։ «Մինչ ամենուր վարկավորման ծավալները կտրուկ նվազել են, Հայաստանի բանկային համակարգը ականատես է եղել վարկավորման լայնածավալ աճի 2008 թվականից սկսած, որի հիմնական մասն իրականացվել է արտաքին փոխառությունների հաշվին` բանկերի մոտ կուտակելով մեծածավալ պարտք արտասահմանյան վարկատուների նկատմամբ: Վարկերի կտրուկ աճի պատճառով նրանց որակը մնում է կասկածելի: Աճի մեծ մասը պայմանավորված է եղել արտարժութային վարկերի աճով (կազմելով ընդհանուր վարկերի 60 տոկոսը` ըստ ԱՄՀ-ի (2011-ի), որն ավելացրել է համակարգի խոցելիությունը դրամի հավանական արժեզրկման նկատմամբ: Ավանդների դոլարիզացիան նույնպես մնում է բարձր` սահմանափակելով դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը»,- նշված էր զեկույցում:
Ի դեպ, ավանդների եւ վարկերի միջեւ կապի, ավելի ճիշտ կլինի ասել` դրա բացակայության մասին խոսում են բանկային համակարգի վերջին զարգացումները։ Օրինակ՝ բանկերից մեկը հայտարարեց, որ բարձրացնում է դրամով ավանդների տարեկան տոկոսադրույքը՝ հասցնելով այն 13%-ի։ Կարճ ժամանակ անց մեկ այլ բանկ ազդարարեց, որ ավանդներ է ընդունում 14%-ով։ Որոշ բանկիրներ մասնավոր զրույցներում նշում են, որ իրենց մրցակիցները իսկական մրցակցություն են սկսել ավանդների շուկան գրավելու համար՝ առաջարկելով մեկը մյուսից բարձր տոկոսադրույքներ։ Միգուցե դա ավանդատուների սրտով է, սակայն լիովին հակասում է ֆինանսական համակարգի զարգացման տրամաբանությանը։ Մի կողմից` ավանդների տոկոսադրույքները բարձրանում են, մյուս կողմից՝ բանկերը գովազդախեղդ են անում վարկավորման էժան առաջարկներով։ Հայաստանի փոքր բանկային համակարգում մի բանկն առաջարկում է երկարատեւ վարկեր՝ տարեկան 11-12%-ով, մյուսը առաջարկում է ավանդ վերցնել 14%-ով։ Այնպիսի տպավորություն է, որ կարելի է բանկերի միջոցով գումար վաստակել՝ մեկից վերցնելով եւ մյուսին տալով։ Եթե, իհարկե, դրամի նկատմամբ վստահությունը մի փոքր ավելի բարձր լիներ։
Ավանդների տոկոսադրույքների բարձրացմանն ու վարկերի տոկոսադրույքի նվազմանը կարելի էր նաեւ մեկ այլ բացատրություն գտնել. բանկերը կրճատում են իրենց մարժան։ Այսինքն՝ նվազեցնում են ռեսուրսների ներգրավման եւ տրամադրման տոկոսադրույքների տարբերությունը՝ համաձայնելով ավելի քիչ շահույթ ստանալու մտքի հետ։ Սակայն հայկական բանկերի պարագայում դրան հավատալը մի քիչ դժվար է։ Մնում է այն բացատրությունը, որ հայաստանյան բանկերը հավանական են համարում դրամի արժեզրկումը, որը կծածկի թանկ ներգրավման բացասական հետեւանքները։
Չնայած վերը նշված ցուցանիշներին եւ վարկավորման ծավալների աճին՝ ՀՀ բանկային համակարգի ներգրավվածությունը տնտեսության մեջ մնում է շատ ցածր մակարդակի վրա։ Ինչպես արդեն նշեցինք, Հայաստանում բանկային համակարգի կողմից տրամադրված վարկերի ծավալը 2011թ. կազմել է ՀՆԱ-ի 34.9%-ը։ Ճիշտ է, նախորդ տարվա համեմատ` մի քանի տոկոսային կետով աճ կա, սակայն համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը 230% է, եվրոպական երկրներում՝ միջինը 120-130%։
Ինչեւէ, ՀՀ բանկային համակարգի համար տխրել պետք չէ։ Նրանց, ըստ ամենայնի, փայլուն ապագա է սպասում եւ շրջանառության ծավալների կտրուկ մեծացում։ Խոսքը վերաբերում է կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին օրենքին։ Այն վերջերս տապալվեց խորհրդարանում, սակայն տեղի ունեցածն ավելի շատ քաղաքական պատճառներ ուներ։ Այնպես որ, օրենքի ընդունումը իշխող կուսակցության համար «թասիբի» հարց է, եւ կասկած չկա, որ այն մոտ ապագայում ընդունվելու է։ Իսկ այդ ժամանակ ազգովի թակելու ենք բանկերի դռները՝ եթե 3 միլիոն դրամը գերազանցող գործարքներ կատարենք։ Մի անգամ արդեն գրել ենք, որ միայն անշարժ գույքի շուկան, օրենքի ընդունման դեպքում, բանկային համակարգի շրջանառությունը կավելացնի մի քանի տասնյակ միլիարդ դրամով։ Այնպես որ, ոչ մի ճգնաժամ մեր բանկային համակարգի վրա չի ազդի, եթե պետությունը սարի պես կանգնած է բանկերի մեջքին։