Օրեր առաջ Կապանի «Կայուն զարգացում» հ/կ-ն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված իր նամակի պատասխանը ստացել է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության անունից: Հիշեցնենք, որ այդ նամակում հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանն իր մտահոգություններն էր հայտնել Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի ուրանի պաշարների երկրաբանական հետազոտական աշխատանքների մասին` ՀՀ նախագահից պահանջելով դադարեցնել դրանք: Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ-ում ուրանի պաշարների ուսումնասիրման մենաշնորհը տրվել է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ին: «2010-11թթ. ընթացքում կատարված երկրաբանաորոնողական եւ լաբորատոր աշխատանքների տվյալներով` ուրանի հանքավայրի առկայությունը ՀՀ Սյունիքի մարզի բնակավայրերի մոտ տարածքներում չի հաստատվել, եւ չեն հաստատվել ուրանի պաշարներ: Այսինքն` «հանքավայր»` որպես այդպիսին, գոյություն չունի, հետեւաբար, դրա շահագործման մասին խոսելն անհիմն է»,- ասված է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պատասխան նամակում: Ընդ որում` նամակի վերջում Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Ղահրամանյանն ուշագրավ միտք է արտահայտել` նշելով. «Միաժամանակ կցանկանայի հիշեցնել, որ հաշվի առնելով մեր երկրի աշխարհագրական դիրքը, ազգային անվտանգության ապահովման հիմնախնդիրները` գերադասելի է ՀՀ տարածքում հայտնաբերել ուրանի հանքավայրեր եւ հաստատել դրանց պաշարները` որպես ռազմավարական նշանակության հումք»: