Պայքար՝ «պրինցիպների» դեմ

23/02/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեկ Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինության խորհուրդը քննարկել է Երեւանի Մաշտոցի այգու «բուծիկավորման» հարցը: Թե այս անգամ ի՞նչ «կրեատիվ» մտքեր են արտահայտել խորհրդի անդամները, ի՞նչ է որոշվել, փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ Երեւանի քաղաքապետարանի Հասարակայնության եւ լրատվության հետ կապերի պատասխանատու Արթուր Գեւորգյանից, ում հետ, սակայն, այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել: Վերջինս մեկ` շենքից դուրս էր գտնվում, մեկ` հեռախոսով էր խոսում, իսկ հետո հեռախոսազանգերին ընդհանրապես չէր պատասխանում: Ինչեւէ, չնայած դրան, երեկ բնապահպան ակտիվիստները շարունակում էին իրենց պայքարը: Հիշեցնենք, որ արդեն 13 օր է` վերջիններս պայքարում են Երեւանի Մաշտոցի այգու պահպանման համար, որտեղ այս օրերին ընթանում է Երեւանի Աբովյան փողոցից տեղահանված մետաղյա տաղավարների շինարարությունը: Հիշեցնենք նաեւ, որ Երեւանի Աբովյան փողոցի «բուծիկամաքրման» աշխատանքներից դեռ մի քանի օր չէր անցել, եւ երեւանցիներն էլ չէին հասցրել հիանալ այդ առիթով, երբ Ավանի նախկին թաղապետ Տարոն Մարգարյանն անմիջապես հանդես եկավ «բուծիկները» Մաշտոցի պուրակ տեղափոխելու առաջարկով: Փետրվարի 30-ին Երեւանի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, թե իբր «տեղահանված» խանութները կառուցվելու են ոչ կանաչապատ տարածքում: Հետաքրքիր է` քաղաքապետն ու նրա շրջապատը ինչպե՞ս են ընկալում «այգու ոչ կանաչապատ տարածք» ասվածը: Ինչեւէ, նշյալ որոշմանն անմիջապես հաջորդեց շինարարությունը, որի կասեցման համար հավաքվեցին երիտասարդ բնապահպան ակտիվիստները: Վերջիններիս փետրվարի 20-ին հաջողվեց օղակել առեւտրի համար նախատեսված տաղավարները` ժամանակավորապես կասեցնելով այդտեղ ընթացող շինարարությունը: Այդ ժամանակ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը բնապահպաններին խոստացավ ղեկավարությանը տեղյակ պահել խնդրի մասին` նրանց առաջարկելով այգուց գնալ: Մինչդեռ փոխոստիկանապետի խոստումը, կարծես, ջուրն ընկավ` փետրվարի 20-ի գիշերը տեղադրվեցին տաղավարների դռներն ու պատուհանները: Դժվար է ասել` արդյո՞ք այդ շինարարությունը կշարունակվեր, եթե բնապահպան ակտիվիստներից մեկը, որ իրեն հայտարարել էր սատանիստ, հացադուլ չհայտարարեր: Վերջինիս մի քանի ժամվա «պասից» հետո շինարարությունը կանգնեցվեց: Ի դեպ, նշենք, որ երեկ նշյալ այգում են եղել նաեւ բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը, գրող-հրապարակախոս Մարինե Պետրոսյանը, դերասան Սերգեյ Դանիելյանը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, երգիչներ Վլադիմիր Բարխոյանը, Արսեն Գրիգորյանը եւ այլք: «Իրավիճակն այն է, որ այս պահի դրությամբ շինարարությունը դադարեցվել է, բայց դրա նախորդ գիշերը շինարարությունն արվել էր: Մեր պահանջները դեռ բավարարված չեն, եւ մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, որպեսզի ապամոնտաժվեն կառուցվածներն ու կառուցվողները: Իսկ շինարարության դադարեցումը մեզ ոչինչ չի տալիս»,- նկատեց բնապահպան ակտիվիստներից Հասմիկ Էվոյանը` անդրադառնալով այգու կեսգիշերային շինարարությանը: «Երեւույթն ամոթալի էր, երբ գիշերը 5-6 բանվոր աշխատում էին, իսկ մոտ 30 չափահաս ոստիկան հսկում էր նրանց աշխատանքը: Եվ դա այն ժամանակ, երբ ակտիվիստները թողել-հեռացել էին այգուց: Ամոթալի եւ անընդունելի է»,- նշեց Հ. Էվոյանը: Իսկ ակտիվիստներից Արման Սաֆարյանի համար նշյալ երեւույթը այդքան էլ ուշագրավ չէր: «Իրենք ի՞նչ արեցին: Ընդամենը փորձեցին կրպակները վերջնական տեսքի բերել: Կարծում եմ` դրանով փորձում են վիզուալ ցույց տալ, թե տեսեք` ի՜նչ գեղեցիկ է: Իսկ մարդը, որ գնահատում է բնության, ծառի, կանաչ տարածքի արժեքը, ոչ մի կրպակի գեղեցիկ տեսքով չի հրապուրվի: Մեր պահանջը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչ չապամոնտաժվեն այս կրպակները»,- ասաց Արման Սաֆարյանը: Բնապահպաններից Գրիգոր Ղազարյանի կարծիքով` կեսգիշերին ընթացած շինարարությունն, իսկապես, ուշագրավ էր: Վերջինիս հետ մեր զրույցը ներկայացնենք հարցուպատասխանի տեսքով.

– Երեւույթը շատ ուշագրավ, բայցեւ սպասված էր ինձ համար: Ոստիկանները մեզ խոստացան, որ գիշերվա ընթացքում շինարարություն չի լինի, եւ մենք խաղաղ հանձնեցինք նրանց տարածքը: Մինչդեռ 23:30-ից մինչ լուսաբաց ակտիվորեն աշխատեցին, եւ արդյունքը տեսնում ենք: Սա ամոթալի երեւույթ է` մթով շինարարություն անել, որպեսզի որեւէ մեկը չտեսնի այն: Սա տուն-տունիկ կամ մուկն ու կատու խաղն է հիշեցնում:

– Գրիգոր, ինչպե՞ս ստացվեց, որ ինքնակամ հեռացաք այգուց: Դա արվեց բանակցությունների՞ արդյունքում:

– Մենք մեր կամքով գնացինք, որովհետեւ մթնոլորտն այնպիսին էր, որ վստահ էինք, որ այդ քայլը պետք է ցույց տա եւ եւս մեկ անգամ ապացուցի, որ հանրության դիրքորոշումը հստակ է, ինչպես նաեւ այն, որ իմաստ չունի գիշեր-ցերեկ հսկել տարածքը: Բայց ստացվեց այնպես, որ իրավապահ մարմինները չկատարեցին իրենց խոստումները, եւ մենք պետք է մեր ուժերով հսկեինք տարածքը: Ցավալի է, որ մենք` հանրության ներկայացուցիչներս, հատկապես երիտասարդներս, ակնկալում ենք, որ իրավապահները կպաշտպանեն գոնե օրենքի դաշտը, բայց մենք հակառակ գործողություններն ենք տեսնում: Նրանք պաշտպանում են անհայտ կառուցապատողներին, որպեսզի շինարարությունն անհապաղ շարունակվի:

– Բայց չէ՞ որ դա քաղաքապետարանի որոշումն է:

– Ցավոք, քաղաքապետարանն այստեղ երկրորդական դեր ունի: «Բուծիկների» տերերը որոշակի ճնշումներով հասել են այս լուծմանը, որը վավերացվել է քաղաքապետարանի կողմից: Այս դեպքում քաղաքապետարանը զուտ արտոնող մարմին է: Եվ այստեղ տեսնում եք (մատնացույց է անում ցուցապաստառը.- Մ.Մ.), որ գրված է` քաղաքապետ չկա, այսինքն` նա ֆիգուրա է, որը կատարում է վերեւներից եկած այս կամ այն որոշումը: Ցավալի է: Մենք սպասում ենք, որ նա կլինի ոչ միայն ակտիվ, այլեւ ինքնուրույն` կայացրած որոշումների հարցում:

– Եվ օրեր առաջ այդ ակնկալիքներով էլ գնացել էիք քաղաքապետարա՞ն:

– Մենք քաղաքապետարան էինք գնացել ամենաֆանտաստիկ ակնկալիքներով: Ակնկալիքներ կային, որ քաղաքապետը կիջնի եւ կխոսի հանրության հետ, կամ մի քանի մարդու վերեւ կհրավիրի եւ կխոսի նրանց հետ, կամ այդ պահին զբաղված լինելով` հանդիպում կնշանակեր մեկ այլ օր: Բայց նա այդպես էլ որեւէ քայլ չարեց, եւ դա` այն դեպքում, երբ խոսքը Երեւանի առաջնային խնդիրներից մեկի մասին է:

– Ասում են, որ քաղաքապետը վիրավորվել էր, երբ նրան անունով էին դիմել, այո՞:

– Միգուցե մենք փոքր-ինչ արեւելյան մշակո՞ւյթ ենք գնում դրանով, որովհետեւ արեւմտյան երկրներում շատ պաշտոնյաներ շոյվում են, երբ իրենց անունով են դիմում: Իսկ այստեղ շատ պաշտոնյաներ վիրավորվում են, երբ քաղաքացիներն անկաշկանդ դիմում են իրենց անունով` ասելով, որ` դու էլ մեր մի մասն ես, երիտասարդ ես, եւ արի միասին լուծենք այս խնդիրները: Եթե պաշտոնյաները նման պատնեշներ են դնում, ուրեմն` դա նրանց խնդիրն է:

– Այնուամենայնիվ, փետրվարի 21-ին Տարոն Մարգարյանը հայտարարություն արեց` կարծես, փորձելով իրավիճակը մեղմել: Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը:

– Կարծում եմ` այսօր «Մենք ենք մեր քաղաքի տերը», «Թռչկան» եւ «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունները պաշտոնապես կարձագանքեն այդ հայտարարությանը, որովհետեւ քաղաքապետի հաղորդագրության մեջ մի շարք ձեւակերպումներ խեղաթյուրված ձեւով են ներկայացվում, ինչպես, օրինակ, ոչ կանաչապատ տարածք: Ի՞նչ է նշանակում` ոչ կանաչապատ տարածք, այլ խնդիր է, որ այդ տարածքն ինչ-ինչ պետական գերատեսչությունների թերի աշխատանքի արդյունքում լավ չի կանաչապատվել, եւ կարելի է «բուծիկներ» կառուցել այդտեղ: Այսինքն` այդ հայտարարության մեջ տեղ են գտել մի շարք հիմնավորումներ, որոնք պետք է ընդհանրապես այդ տեքստից դուրս լինեին: Կանաչ տարածքը չի նշանակում միայն ծառը կամ սաղարթը, կան հստակ նորմեր, թե, օրինակ, բետոնը ծառից ինչքան հեռավորության վրա պետք է արվի:

– Չե՞ք կարծում, որ այգու պահպանման խնդիրը նաեւ այլ հարթություն է տեղափոխվել:

– Խնդիրը մի քանի դաշտեր է տեղափոխվել: Շատ են խոսում խնդիրը քաղաքականացնելու մասին: Կարծում եմ` խնդիրը չի կարող չքաղաքականացվել, եթե մի կողմից` այս ակցիաներին միանում են քաղաքական ուժերը, որտեղ վատ բան չենք տեսնում, իսկ մյուս կողմից` պաշտոնական կարծիքի կրողները ներկայացնում են, թե հանրային քաղաքացիական նախաձեռնությունների հեղինակները պայքարը հատուկ քաղաքականացնում են, որովհետեւ ինչ-որ նպատակներ են հետապնդում: Նույնիսկ այդ պարագայում քաղաքացին իրավունք ունի այդպես մտածել, որովհետեւ մեր նպատակը մեկն է` այգին կրպակներից ապամոնտաժելը:

– Ըստ քեզ` ինչո՞ւ է ուշանում հարցի լուծումը: Քաղաքային իշխանությունները որոշումից հետ չկանգնելու սկզբունքի հա՞րց ունեն:

– Ես հույս ունեմ, որ նման բան չկա, բայց շատերը քաղաքապետի դիրքորոշման մեջ նման միտում նկատում են: Հուսանք, որ եթե նման խնդիր կա, նա կհաղթահարի եւ մի օր կգա այստեղ` խոսելու մեր քաղաքացիական հարթակից: Թող մեզ իդեալիստ չհամարեն: Մենք պարզապես լավատես ենք, քան որոշ մտավորականներ, որոնք վարդագույն ակնոցով են նայում այս ամենին եւ երիտասարդության իրազեկ եւ կիրթ զանգվածին համարում են «բողոքավոր»: Դա ուղղակի անպատվաբեր է հենց իրենց համար:

Որոշում կայացնողը Երեւանի քաղաքապետարանն է, ոչ թե` կրպակատերերը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի փետրվարի 21-ի հայտարարության մեջ ասվում է, որ Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածի տարածքում կառուցվող շինությունները պատկանում են Երեւանի քաղաքապետարանի «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ին, գրանցված են նրա անվամբ՝ շինարարության թույլտվությամբ։ Դրանք, օրենքի համաձայն, այլ տարածքների թվում, որպես փոխհատուցում` առաջարկվել են Աբովյան փողոցի առեւտրային օբյեկտների քանդման ծրագրով հեռացված կրպակների սեփականատերերին։ Հստակ նշվում է` «այլ տարածքների թվում»։ Եվ որեւէ փաստաթուղթ, որեւէ իրավական հիմք չկա, ինչպես նշվում է Երեւանի քաղաքապետի հայտարարության մեջ, հատկապես դրանք համարելու որեւէ մեկի սեփականությունը, բացի «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ից։ Ընդ որում, կրպակներ ունենալու համաձայնություն Աբովյան փողոցի նախկին սեփականատերերի հետ ձեւակերպված չէ։ Ինչ խոսք, այսպիսի աղմուկի հիման վրա կատարվող փոխհատուցումը որեւէ սեփականատիրոջ համար ցանկալի չէ, եւ հարցի ընդունելի լուծման ողջ պատասխանատվությունը ամբողջովին քաղաքապետարանինն է։ Քաղաքապետարանը ամենայն հանգստությամբ կարող է իր այդ որոշումը չեղյալ համարել եւ կրպակների սեփականատերերին այլ տեղեր առաջարկել: Զարմանալի է, թե ինչու է բարդվում սեփականատերերի վրա, որոնք իրենք չեն ընտրել եւ կամ մատնացույց արել հատկապես տվյալ վայրը։ Նույնիսկ, եթե նրանք ցանկանային այդ վայրը` քաղաքապետարանը ամենայն հանգստությամբ կարող էր մերժել այն: Նույնը կարող էր անել երեկ, այսօր, հենց վաղը: Որոշում կայացնողը միմիայն Երեւանի քաղաքապետարանն է, Երեւանի ավագանին` ի դեմս քաղաքապետի: Որեւէ վարչական շրջանի տարածքում սեփականության փոխհատուցման կարգով տարածքի վայրի հատկացման հարցը պարտավոր է վճռել Երեւանի քաղաքապետարանը՝ իր կողմից ներկայացված առաջարկների հիման վրա, փոխադարձ համաձայնության իրավական փաստաթղթերի կնքման միջոցով։ Այնպես որ, որեւէ կրպակատեր, բնականաբար, այսքանից հետո չի ցանկանա այդտեղ առեւտրային կամ որեւէ այլ գործունեություն ծավալել: Քաղաքապետարանն առաջարկել է, ապա` հատկացրել, եւ այժմ` այս հասարակական բողոքից հետո, կարող է չեղյալ համարել իր իսկ կայացրած սխալ որոշումը: Այնպես որ, կրպակատերերը մեղավոր չեն, որ քաղաքապետարանը քաղաքի այդ հատվածն է նպատակահարմար գտել հատկացնել Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակների դիմաց։ Հասարակական այս արդարացի ընդվզումից հետո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարզապես կարող է մի քանի վայրկյանում հակառակ որոշումը կայացնել` կանխելով հասարակական այս ընդվզման` օր օրի մեծացող ալիքը:

Հ.Գ. Ի դեպ, նշենք, որ այսօր ժամը 15:00-ին Մաշտոցի այգու հարցը քննարկվելու է Հանրային խորհրդում: